Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԵՐԵՎԱՐԵՑԻՆ «ԹՇՆԱՄՈՒՆ»
ԳԵՐԵՎԱՐԵՑԻՆ «ԹՇՆԱՄՈՒՆ»

2011թ. ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մայոր Ա.Թառփոշյանի հրամանատարությամբ գործող զորամասը ճանաչվեց լավագույնը զորատեսակի կազմում և պարգևատրվեց փոխանցիկ Պատվո դրոշով։ Փաստն ինքնին խոսում է այն մասին, որ այստեղ ամրապնդվել է ծառայական կարգապահությունը, զորամասի և զորամիավորման հրամանատարական կազմերը ձգտում են բարձրացնել և անընդհատ կատարելագործել ստորաբաժանումների և նրանց ղեկավարների մարտավարամասնագիտական հմտությունները։

-Դեռևս 2010թ. գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարված ստուգումների ժամանակ զորամասն ստացավ «լավ» գնահատական, ինչն էլ, կարծում եմ, հետագա հաջողությունների համար կարևոր նախապայման դարձավ,- ասաց մայոր Վ. Դանիելյանը։ -2011թ. ընթացքում ուսումնական գործընթացն իրականացվել է առաջնագծում դիտարկումներին, մարտական հերթապահությանը զուգահեռ։ Դեռևս մարտ ամսին մարտական հերթապահություն կատարող մոտոհրաձգային զորամասերից մեկի կազմով մարշալ Հ.Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում անցկացրինք ճամբարային հավաք, որն ավարտվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությամբ։ Մենք հաջողությամբ կատարեցինք առաջադրված խնդիրները, և զինծառայողներից շատերը խրախուսվեցին պատվոգրերով, թանկարժեք նվերներով, ստացան արձակուրդ։ Դրանից հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին, ինչպես նախատեսված էր ուսումնական ծրագրով, կազմակերպեցինք մեկամսյա ճամբարային հավաք լեռնային ուսումնական կենտրոնում։ Սովորաբար մենք հենց այստեղ, ցերեկային և գիշերային մարզումների միջոցով ենք կատարելագործում մեր զինծառայողների, ստորաբաժանումների մասնագիտական ունակությունները։ Նույն վայրում անցկացրինք նաև ամառային-աշնանային ուսումնական փուլի համար նախատեսված հավաք։ Այստեղ էլ անցկացված համաբանակային մասնագիտական մրցույթի ընթացքում գրավեցինք առաջին տեղը։ Սովորաբար մեր ճամբարային հավաքները և զորավարժություններն անձամբ ղեկավարում է փոխգնդապետ Լ.Կասյանը, և, անկեղծ ասած, մեր բոլոր հաջողություններում նրա ներդրումը շատ մեծ է, որովհետև նա ամեն օր, ամեն ժամ ուշադրության կենտրոնում է պահում մեր զորամասի ողջ ուսումնական գործընթացը։ 2011թ. ամփոփիչ քննություններն ընդունեց զորամիավորման հանձնաժողովը` զորամասի աշխատանքը գնահատելով «լավ»։ Գոհացուցիչ էին ոչ միայն մասնագիտականից գրանցված արդյունքները։

Այս ուսումնական տարին նույնպես հաջող ենք սկսել, անցկացրել ենք հրաձիգների, նռնականետորդների և այլ մասնագետների հավաքներ ու ցուցադրական զորավարժություն։ Այժմ կատարում ենք ներդաշնակում, որին զուգահեռ շաբաթվա վերջում վաշտերից մեկի կազմով անցկացվեց մարտավարական զորավարժություն բավական լայն տարածքային ընդգրկումով։ Արդյունքներն ավելի քան խոսուն էին։ Վաշտի զինվորները ցուցաբերեցին դիմացկունություն և առանձնացան մասնագիտական պատրաստությամբ։ Մեզ մոտ պատշաճ հիմքերի վրա է նաև անձնակազմի հետ տարվող աշխատանքը, հասարակական-պետական պատրաստության ուսուցումը։ Ապրիլի 6-ին զորամասում անցկացվեց զորամիավորման հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն, որի մասնակիցները և ԶՈՒ ԱՀՏԱ վարչության ներկայացուցիչները, հընթացս ստուգելով զինվորների գիտելիքները, նշեցին, որ վերջիններս բավական լավ են պատրաստված ու ամբողջովին տեղյակ են իրենց պարտականություններին և իրավունքներին: Այժմ էլ որոշ ստորաբաժանումներ առաջնագծում մարտական հերթապահություն են կատարում։

♦♦♦

Զրուցեցինք նաև փոխգնդապետ Լ. Կասյանի հետ.

-Լավ զորամաս է, մարտունակ՝ պատրաստ կատարելու իր առջև դրված խնդիրները։ Մշտապես հետևելով ուսումնական գործընթացին՝ կարող եմ ասել, որ լուրջ բացթողումներ չեն լինում, եղած միջոցներն էլ լավ են օգտագործվում, և յուրաքանչյուր ուսումնական փուլում շուրջ մեկ ամիս հմտությունները կատարելագործում են լեռնային ուսումնական կենտրոնում,- ասաց փոխգնդապետ Կասյանը։ -Շատ կարևոր է, որ ստորաբաժանումները լինում են առաջնագծում, ինչը կարևոր է նրանց գիտելիքները գործնական աշխատանքով ստուգելու համար։

-Ձեր նպատակը մասնագիտորեն լավ պատրաստված, իր առաջադրանքը ճիշտ կատարող, բարձր մարտունակությամբ օժտված զինվորի պատրաստումն է։

-Իրականում՝ այդ երկու հատկանիշներն էլ իրար փոխկապակցված են, և մենք դրանք զարգացնելու ուղղությամբ էլ հենց աշխատում ենք։ Զինվորը պետք է նաև վերլուծական միտք ունենա և շուտ կողմնորոշվի, պետք է օգնի հրամանատարությանը՝ խափանելու հակառակորդի գործողությունները։

-Զինվորական ստորաբաժանումն իր հնարավորություններով՝ մարտունակությամբ, մարտական պատրաստականությամբ, բարոյահոգեբանական հատկանիշներով ձևավորում է իր հրամանատարի կատարած աշխատանքը։ Այսինքն՝ դարձյալ կադրերն են որոշում ամեն ինչ…

-Այո՛, եթե սպան ունի մասնագիտական գիտելիքներ, կարողանում է զինվորներին համախմբել, առաջնորդել, սովորեցնել, ուրեմն՝ իր տեղում է, և եթե մենք էլ նրա կողքին լինենք, օգնենք, սատարենք, արդյունքն անպայման բարձր կլինի։ Պարբերաբար ստորաբաժանումների հրամանատարների հավաքներ եմ կազմակերպվում, և տեղյակ եմ բոլորի հնարավորություններին։ Բարեբախտաբար, մենք ապահովված ենք անհրաժեշտ մասնագետներով, լավ կադրերով։ Այս զորամասն էլ բացառություն չէ։ Սպաները հիմնականում արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորած տղաներ են և իրենց գործը լավ են անում։ Միաժամանակ, մենք շատ ենք կարևորում կրտսեր հրամանատարական` սերժանտական կազմի հետ տարվող աշխատանքը։ Ի վերջո, զինվորի հետ անմիջական, ամենօրյա աշխատանքը նրանք են կատարում։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Մոտակա անտառում մասնագիտական հմտություններն էին կատարելագործում ավագ լեյտենանտ Գ.Մուրադյանի հրամանատարությամբ գործող վաշտի զինվորները։ «Դարանակալում»՝ սա էր պարապմունքի թեման։ Այստեղ կարևորվում է զգոնությունը, համբերությունը, ուշադրությունը, պայմանական նշաններով տեղեկություն փոխանակելու կարողությունը, հանկարծակիությունը… Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է. հակառակորդի ավտոմեքենան առգրավվում է հաշվված վայրկյանների ընթացքում։ Այնուամենայնիվ, միշտ ինչ-որ բան չի բավարարում վաշտի հրամանատարին, և նա յուրաքանչյուր փորձից հետո նկատված թերությունները նշում է՝ ցույց տալով գործողության ճիշտ ձևը։ Շարքային Պապին Լազգիյանը հրաձիգ է, ու թեև նրա ծառայությունը մոտենում է ավարտին, բայց նրա մեջ սովորելու, ավելին իմանալու ձգտումը չի մարել։ Հերթական վարժանքից հետո մեր ցանկությամբ ներկայացավ.

-Շարքային Լազգիյան… մեծացել եմ Ռուսաստանի Դաշնությունում, դպրոցն այնտեղ եմ ավարտել, 2010թ. գարնանը, երբ եկավ զինվորական պարտքս կատարելու ժամանակը, վերադարձա հայրենիք ու զորակոչվեցի։ Ծառայության ընթացքում չորս զորավարժությունների ու ճամբարային հավաքների եմ մասնակցել, եղել եմ առաջնագծում։ Բարեխիղճ ծառայության համար ստացել եմ խրախուսական արձակուրդ, արժանացել այլ պարգևների։ Զինվորականի մասնագիտությունը դժվարին գործ է, բայց շատ հետաքրքիր, պետք է անընդհատ մտածես և տվյալ իրավիճակի լավագույն շարունակությունն ընտրես։

♦♦♦

Եֆրեյտոր Վահրամ Խաչատրյանը և շարքային Պարույր Մխիթարյանը նույնպես վաշտում լավ ծառայությամբ աչքի ընկնող տղաներից են։ Պարույրը գնդացրորդ է, Վահրամը ռադիոհեռագրավար։ Երկուսն էլ հայկական պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտներ են՝ Պարույրը սովորել է Գյումրիի մասնաճյուղում, Վահրամը՝ Երևանում։ Նրանք նույնպես մասնակցել են զորավարժությունների և առաջնագծում դիտարկումներ կատարել։

Առաջադրանքները ջանասիրաբար կատարող զինվորներից է նռնականետորդ շարքային Արմեն Խաչատրյանը։

-Գյումրեցի եմ, տասնինը տարեկան, ավարտել եմ Երևանի N 50 ավագ դպրոցը և զորակոչվել, շուտով կլրանա ծառայությանս մեկ տարին,- ասաց Արմենը։

♦♦♦

Անտառի խորքում հայտնվում ենք զինվորների շրջապատման մեջ։ Դարանակալ խումբը մեզ պայմանական հակառակորդի տեղ էր դրել, ու լավ էր, որ միտումնավոր մեր նկատմամբ ուժ չգործադրեցին։

-Դուք արդեն գերված եք, չշարժվե՛ք,- ասաց լեյտենանտը։

Հրամանատարը Ա.Հարությունյանն է։ Պարզվեց՝ վաշտի երիտասարդ հրամանատարը, օգտագործելով պատեհ առիթը, մեզ մարզումային ծրագրի մեջ է ներառել և միտումնավոր ուղարկել դարանակալ խմբի ուղղությամբ՝ առանց վերջիններիս նախազգուշացնելու մեր ով լինելը։ Ծանոթանում ենք մեզ գերեվարած զինվորների հետ՝ շարքայիններ Արմեն Պետրոսյան, Ռաֆայել Գալստյան, Ամբակում Թադևոսյան, Գոռ Հարությունյան, Հայկ Տեր-Սարգսյան, Ռուբեն Ասատրյան, Հրայր Տիգրանյան։

♦♦♦

Պարապմունքի վերջում զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Ա. Մաթևոսյանը ներկայացնում է զորամասի լավագույն սպաներից մեկին` վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Գ.Մուրադյանին։ Հայրը` Կ. Մուրադյանը, մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, իսկ պատերազմից հետո անցել է ազգային բանակի շարքերը և մինչ օրս ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում։ Պատերազմի ընթացքում և հետագա ծառայության տարիներին մշտապես եղել է առաջնագծում և բազմիցս վտանգավոր իրավիճակներից պատվով դուրս եկել… Հենց նրա օրինակին հետևելով էլ որդին՝ Գ. Մուրադյանը, դարձել է զինվորական։

-Դպրոցն ավարտեցի և նույն տարում էլ ընդունվեցի ՌԴ բարձրագույն հրամանատարական ուսումնարանը։ 2008-ին գերազանցության դիպլոմով ավարտեցի ուսումս, եկա Հայաստան։ Ինձ տրված էր զորամաս ընտրելու հնարավորություն, և ես ընտրեցի հենց այս զորամասը: 2010-ից վաշտի հրամանատար եմ։ Ունեմ բազմաթիվ պարգևներ։ Մասնակցել եմ երիտասարդ սպաների առաջին կոնֆերանսին և նախարար Սեյրան Օհանյանի կողմից խրախուսվել դրամական պարգևով։ Ասեմ, որ երեք եղբայր ենք, փոքր եղբայրս աշնանն է զորակոչվել,- ասաց վաշտի երիտասարդ ու հեռանկարային հրամանատարը։

♦♦♦

Մայոր Ա. Մուրադյանն անդրադարձավ նաև իր անձնակազմի հետ տարվող աշխատանքին.

-Մենք շատ ենք կարևորում նախարար Սեյրան Օհանյանի ուղերձում առաջադրված դրույթների կատարումը, ինչն ամբողջովին փոխում է ծառայության նկատմամբ զինվորականների մոտեցումն ու նրանց մտածելակերպը։ Զինվոր-սպա փոխհարաբերության հիմքում փոխադարձ հարգանքն է։ Մեր շենքային պայմանները լավագույններից չեն, բայց ստեղծել ենք հարուստ գրադարան և խրախուսում ենք ընթերցանությունը, որովհետև բանիմաց, գրագետ զինվորի հետ ավելի հեշտ է աշխատելը։ Շատ արդյունավետ ենք աշխատում եկեղեցու և մեր շեֆությունը վայելող դպրոցների հետ։ Հասարակական աշխատանքում ինձ շատ են օգնում մեր զինվորները` օրինակ կրտսեր սերժանտներ Վ.Հովհաննիսյանը, Հ.Պողոսյանը, եֆրեյտորներ Տ.Մարկոսյանը, Վ. Խաչատրյանը, շարքային Հ.Գևորգյանը։ Զինավանում շատ կարևոր է զինվորների միջև ջերմ հարաբերությունների հաստատումը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան