Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵՑ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ



Օրերս տեղի ունեցավ 2012թ. ուսումնական տարվա 1-ին եռամսյակի արդյունքների ամփոփումը, որին մասնակցում էին զորամիավորման և ենթակա զորամասերի վարչակազմերը, ստորաբաժանումների հրամանատարները և տեղակալները:

Ամփոփումը ներածական խոսքով և աշխատակարգի հայտարարմամբ բացեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի ծառայության կազմակերպման վիճակի մասին զեկուցումով հանդես եկավ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Տ. Փարվանյանը: Իր ելույթում շտաբի պետը մասնավորապես անդրադարձավ զորամիավորման վարչակազմի անցկացրած ստուգումներին, զորամասերի և ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականությանը, շտաբային մարզումներին, առանձին ծառայությունների, նրանց մարտավարամասնագիտական ստուգումներին, մարտական պատրաստության և տեխնիկական վիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանը և անվտանգությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին: Առանձին հրահանգներից հետո գնդապետն իր ելույթի վերջում կարևորեց հանկարծակի ստուգումների, օգնության ցուցաբերման անհրաժեշտությունը և դերը:

Զորամիավորման ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստականության, ուսումնանյութական բազայի վիճակի մասին զեկույցով հանդես եկավ ԲԿ հրամանատարի տեղակալ, գնդապետ Թ. Շահնազարյանը: Իր զեկույցում գնդապետը մասնավորապես անդրադարձավ անցկացված հրամանատարական հավաքներին, պարապմունքներին, ստուգարքներին, մարտավարամասնագիտական պատրաստականությանը, ստորաբաժանումների ներդաշնակումներին, ճամբարային հավաքներին, դրանց արդյունքներին: Նշելով լավագույն ստորաբաժանումները, գնդապետը կարևորեց զինծառայողների ֆիզիկական պատրաստությունը և անվտանգության կանոնների ապահովումը:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Բաղդասարյանն իր զեկույցում նշեց, որ ենթակա զորամասերում և ապահովման ստորաբաժանումներում նպատակաուղղված աշխատանքներ են տարվել անձնակազմի դաստիարակության, ուսուցման կազմակերպման, զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու, զինվորական կարգապահությունը և կարգուկանոնը պահպանելու և ամրապնդելու, իրավախախտումների կանխարգելման, դրանք ծնող պատճառների բացահայտման ու վերացման, բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի պահպանման, զինծառայողների գաղափարական դաստիարակության, իրավաքաղաքական տեղեկատվության իրազեկման, հասարակական ակտիվների ձևավորման և դրանց գործունեության առավել ակտիվացման, անձնակազմի հանգստի և ժամանցի բովանդակալից կազմակերպման ուղղությամբ: Գնդապետը կարևորեց զինծառայողների հետ տարվող անհատական աշխատանքների դերը, սպայական, ենթասպայական և սերժանտական կազմի հետ իրավական թեմաներով պարապմունքների անցկացման, հրամանատար-ենթակա փոխհարաբերությունների պատշաճ պահպանման անհրաժեշտությունը` շեշտելով զինծառայողի արժանապատվության, ինքնասիրության հարցերը: Նշելով որոշ թերություններ, նա ներկայացրեց լավագույն ստորաբաժանումները, որտեղ ուսումնական տարվա 1-ին եռամսյակում կարգապահական խախտումներ, դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:

1-ին եռամսյակի արդյունքների ամփոփումից հետո զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ բարձր արդյունքների հասած զինծառայողները խրախուսվեցին պատվոգրերով, շնորհակալական նամակներով, կրծքանշաններով, թանկարժեք նվերներով և դրամական պարգևով:

Վերջում զորամիավորման հրամանատարը առաջադրեց 2012թ. 2-րդ եռամսյակի խնդիրները` մեկ անգամ ևս ողջ հրամանատարական և սպայական կազմի ուշադրությունը հրավիրելով տեղ գտած թերությունների վերացմանը, կարգապահության ամրապնդմանը, մարտական պատրաստության բարձրացմանը և ձեռք բերած ցուցանիշների շարունակական բարելավմանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #15 (931) 19.04.2012 – 25.04.2012, Ազգային բանակ


25/04/2012