Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՀԱՆՋ ԵՎ ՀԱՐՁԱԿՈՒՄ



1992թ.

ՀՈՒՆԻՍ

Հունիսի 17-ին Արզնի օդանավակայանում փոխգնդապետ Ս. Խանաղյանը, մայոր Բ. Խաչատուրովը և մայոր Գ. Նահապետյանը կատարեցին աոաջին ուսումնական թռիչքը։

Հունիսի 18-ին ծանր մարտեր էին Լաչինի ու Կուբաթլուի մատույցներում, հյուսիսային շրջանները հրետակոծվում էին, Լաչինում ծանր կռիվներ էին, հատկապես Կոռնիձոր-Մալխալափ հատվածում, Մարտակերտ քաղաքի ուղղությամբ թշնամու ճնշումը մեծանում էր:

Ծանր մարտերով նահանջող որոշ ջոկատներ սպառնացել էին պայթեցնել Սարսանգի ջրամբարի ամբարտակը, ինչը կհեղեղեր գրավված բոլոր գյուղերը, և մի քանի ժամում ջուրը կծածկեր Միր Բաշիրն ու շրջանի բոլոր բնակավայրերը ու կհասներ նաև Եվլախ:

ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՌԴ ղեկավարությանը մեղադրեց դաշնակցային պարտավորությունների չկատարման և սպառազինության ասպարեզում ուժերի հավասարակշռության խախտման մեջ. «Եթե 100 տանկ ստացած Ադրբեջանն իմանար, որ այդքան էլ Հայաստանին է տրվել, երբեք չէր հարձակվի»: Նա նաև կտրուկ մերժեց Արցախի կարգավիճակի որոշման՝ Բաքվի ու Անկարայի դիրքորոշումը, պնդելով սկզբում տեղակայել խաղաղապահ ուժեր:

Հունիսի 19-ին, նկատի առնելով թշնամու կողմից Օրդուբադում ու Զանգելանում մեծ կուտակումները և Հայաստանի հարավին սպառնացող վտանգը, ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ Մեղրիի և Կապանի շրջաններում երեք ամիս ժամանակով հայտարարվեց արտակարգ դրություն:

Բաքուն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը մեծ ուժեր է կուտակում Մեղրիում, իսկ իրենք հետաձգում են «Լաչինի ազատագրումը, որպեսզի Հայաստանի ռազմական ուժերն այնտեղով հեռանան Ղարաբաղի լեռնային մասից»:

Հունիսի 20-ին Բաքուն ընդունեց, որ Արցախի բռնազավթած մասում պարտիզանական պայքար է ծավալվել:

Նույն օրը ԼՂՀ ԳԽ նախագահության և ԼՂՀ կառավարության համատեղ որոշմամբ՝ հանրապետությունում սկսվեց մասնակի զորահավաք, որին ենթակա էին 18-ից 40 տարեկան զինապարտները, մինչև 50 տարեկան պահեստազորի սպաներն ու հատուկ պատրաստություն ունեցող 19-ից 30 տարեկան կանայք:

Հունիսի 21-ին սկսվեց ինքնապաշտպանության ուժերի հակահարձակումը. ազատագրվեցին Քաջավանն ու Կարմիրավանը:

Նույն օրը ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի ստեղծման մասին:

Մարտակերտի ճեղքված ճակատում, Տոնաշենի մարտերում զոհվեց «Անկախության բանակի» հրամանատար, «Ազատագրական բանակի» հիմնադիր հրամանատար, հետմահու ՀՀ և ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով պարգևատրված Լեոնիդ Ազգալդյանը, որ մինչ այդ մասնակցել էր 1990 թվականի մայիսի 27-ի դեպքերին՝ Երևան խորհրդային բանակի ստորաբաժանումների մուտքը արգելելու, Մեղրիի, Վարդենիսի, Գետաշենի, Շահումյանի ու Մարտակերտի ինքնապաշտպանության կազմակերպմանն ու մարտական գործողություններին:

Հունիսի 21-22-ի գիշերը ետ մղվեց Ասկերանի վրա ծանր հարձակումը, իսկ Օրդուբադից հրետակոծվեց Հայաստան-Իրան կամուրջը:

Հունիսի 23-ին հայկական ուժերն ազատագրեցին Մատաղիսն ու շրջակայքը, և մարտերն ընթանում էին Չայլուի ու Լենինավանի մերձակայքում:

Հունիսի 25-ի դրությամբ Մարտակերտի վրա հարձակումը կասեցված էր, իսկ Լենինավան, Չայլու, Լեոնարխ ու Հասանղայա գյուղերի մերձակայքում պարտիզանական մարտեր էին:

Հունիսի 28-ին կազմավորվեց պաշտպանության բանակի թիվ 36534 զորամասը՝ Մոնթե Մելքոնյանի ղեկավարած Մարտունու պաշտպանական շրջանը:

Նույն օրը Մարտունու շրջանի գյուղերի զանգվածային հրթիռակոծումից հետո թշնամին շուրջ 40 միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ հզոր հարձակում ձեռնարկեց Ալիբալի, Ճարտար, Կարմիր Շուկա և Մաճկալաշեն գյուղերի ուղղությամբ: Ինքնապաշտպանության ուժերը վերցրին 3 և ոչնչացրին նույնքան զրահամեքենա ու թշնամու 200 զինվոր, Մարտունիում ու Ասկերանում վերատիրացան որոշ բարձունքների:

Նույն օրը, Հադրութի շրջանում գրավելով Հողեր և Տող գյուղերի պահակակետերը, թշնամու ստորաբաժանումները ներխուժեցին Տողի գինեգործարան, ապա մոտ 4 կիլոմետր խորացան գյուղի տարածք, սակայն ինքնապաշտպանության ուժերի ձեռնարկած հակահարձակման շնորհիվ ճակատի գիծը երեկոյան վերականգնվեց:

Հունիսի 28-29-ի կռիվներում զոհվեց 10 ազատամարտիկ, թշնամին կորցրեց 9 տանկ և 7 զրահամեքենա, ծանր պարտություն կրեց նաև Ցորում ու Էդիլլուում, որտեղ ուներ նաև «ՄԻ-24» ուղղաթիռների աջակցությունը:

Հունիսի 29-ին ձախողվեց Լեոնարխ-Հասանղայա-Լենինավան հատվածում ինքնապաշտպանության ուժերի ձեռնարկած խոշոր հակահարձակումը: Թշնամու բազմապատիկ գերակշիռ ուժերի շրջապատման մեջ, անհավասար մարտում մինչև վերջ կռվելով, զոհվեց Արմավիրի կամավորական ջոկատի 24, «Արաբո» կամավորական ջոկատի 21, «Զեյթուն» կամավորական ջոկատի 5 և Մարտակերտի շրջանի 10 ազատամարտիկ: Նրանց հիշատակի հավերժացման նպատակով հունիսի 29-ը հայտարարվեց Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր:

Տխուր այդ օրը ձախողվեց նաև Փափրավենդի հենակետերի ոչնչացման գործողությունը: Իսկ Ցորում և Ալիբալիում թշնամու հարձակումը վերստին ետ մղվեց:

Ասկերանի մատույցներում ջախջախվեց թշնամու հսկա զորախումբը՝ 300 զինվոր և 20 միավոր զրահատեխնիկա:

Հայտնի դարձավ, որ Էդիլլուի համար մղվող մարտերում սպանվել է Չեչնիայի ԳԽ պատգամավոր Հաբիբուլլա Մամեդովը:

ԼՂՀ կառավարությունն արգելեց քաղաքացիների դուրս գալը հանրապետությունից: Շահումյանի բնակչությունն արդեն Հայաստանում էր, իսկ բռնագրավված բնակավայրերի բնակչությունը՝ Ստեփանակերտում…

Հունիսի 30-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ամրացման նպատակային ծրագրի մշակման մասին» որոշումը:

Հունիսի 31-ին, բռնագաղթած ուդիների փոխարեն Լաչինից վերաբնակների ու տեղացիների միջև բախումների պատճառով, Էլչիբեյի հրամանով ևս 20 օրով երկարաձգվեց Աղջաբեդիում հայտարարված արտակարգ դրությունը:

ՀՈՒԼԻՍ

Հուլիսի 1-ին ծանր հրետակոծման ենթարկվեցին Կապանն ու շրջանի սահմանամերձ գյուղերը:

Հադրութում Տող գյուղի ուղղությամբ հարձակման արդյունքում թշնամին մարտի դաշտում թողեց 40 դիակ և 6 տանկ, որից 4-ը՝ սարքին վիճակում:

Ինքնապաշտպանության ուժերի շտաբը հայտարարեց, որ հունիսի 12-ին ձեռնարկած հարձակումից ի վեր թշնամին կորցրել է 34 տանկ, 45 զրահամեքենա և շուրջ 800 զինվոր:

Հուլիսի 2-ին Ասկերանում ազատագրվեց հունիսի 13-ին գրավված Դահրազը, իսկ ինքնապաշտպանության ուժերը հարձակման անցան Նախիջևանիկ-Աղբուլաղ ուղղությամբ: Ետ մղվեց Ճարտարի վրա հարձակումը:

Հուլիսի 3-ին թշնամին Մաղավուզի, Փափրավենդի և Կարմիրավանի ուղղություններից տանկերի և ուղղաթիռների աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց Մարտակերտ քաղաքի վրա:

Մարտակերտի ճակատում, թշնամու կրակն իր վրա ուղղելով, իր կյանքի գնով «Նաիրի» ջոկատի մարտիկների նահանջն ապահովեց «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի շտաբի պետ, ապա «Սասնա ծռեր» կամավորական ջոկատի հրամանատար, ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչի» (հետմահու) շքանշանակիր Սամվել Գևորգյանը:

Նույն օրը Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի հատվածում մղվող մարտերում զոհվեց գումարտակի հրամանատարի տեղակալ, ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչի» (հետմահու) շքանշանակիր Վարդան Ստեփանյանը («Դուշման» Վարդան):

Հուլիսի 3-4-ին թշնամին հզոր հարձակմամբ, որին մասնակցում էին մոտ 70 միավոր զրահատեխնիկա, Ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, գրավեց Մարտակերտի հյուսիսային հատվածը՝ Մարտակերտ քաղաքը, Հաթերք, Չափար, Զարդախաչ, Գետավան, Զագլիկ, Ումուդլու, Մաղավուզ ու Մինգրելսկ գյուղերը՝ միաժամանակ կորցնելով ավելի քան 100 զինվոր ու 10 տանկ: Ճակատն անցնում էր Վաղուհաս-Կուսապատ-Դրմբոն-Կճողուտ գյուղերով: Շրջանի 47 բնակավայրերից 18-ը գրավված էին, Մարտունու ու Հադրութի սահմաններում` ծանր մարտեր: Վիճակը քիչ թե շատ բարվոք էր Ասկերանի ուղղությունում, որտեղ ձեռնարկված հակահարձակման արդյունքում ազատագրվել էին Նախիջևանիկը, Արանզամինը, Փիրջամալն ու Աղբուլաղը:

Հուլիսի 6-ին Ստեփանակերտում 30.000 գաղթական էր կուտակվել, Կոռնիձորում մարտեր էին, իսկ թշնամին, հարձակման անցնելով Մարտակերտ-Քարվաճառ ավտոճանապարհի երկայնքով, գրավեց Ներքին Հոռաթաղ, Գյուլաթաղ, Ջանյաթաղ ու Կուսապատ գյուղերը, ուղղաթիռներից ու ինքնաթիռներից օդային հարվածներ հասցրեց Վանք ու Վաղուհաս գյուղերին:

Հայտնի դարձավ, որ Ադրբեջանում են գտնվում թուրք բարձրաստիճան 10 պաշտոնաթող սպաներ, որոնցից մեկը Մարտակերտում սպանվել է:

Գրոզնին Բաքվից պահանջել է ետ ուղարկել իր վարձկաններին:

Հուլիսի 9-ին այդպես էլ չգործեց միջազգային ճնշման ներքո հաստատված հրադադարը, իսկ ԼՂՀ կառավարությունը գաղթականների հետ հեռացած մարտիկներից պահանջեց վերադառնալ ճակատ:

Նույն օրն օդային հարվածներ հասցվեցին ԼՂՀ երեք շրջանների բնակավայրերին, հայերը Մարտակերտի ճակատում հինգ տանկ ոչնչացրին, իսկ Կապանն ու Գորիսը հրթիռակոծվում էին:

Հուլիսի 11-ին, անցնելով հակահարձակման, հայերը վերատիրացան Կուսապատ, Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Մանիքլու գյուղերին և թշնամուց խլեցին վեց տանկ և մեկ «Գրադ» կայանք:

Շարունակվում էր Հայաստանի սահմանամերձ շրջանների ու Գորիս-Կապան ավտոճանապարհի հրթիռակոծումը:

Նույն օրը, երբ 7-րդ բանակի հրամանատարությունը փորձեց Գյումրիում տեղակայված զորամասերի մարտական տեխնիկան դուրս բերել հանրապետությունից, կամավորների հետ բախման արդյունքում եղան մարդկային զոհեր:

Հուլիսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ վերջնական հաղթանակը պատկերացնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրն ու Սևանի ավազանը հայերից մաքրելու տեսքով: Պարզվեց, որ Բաքվում «Զանգեզուրի ու Գյոկչայի (Սևանի ավազանի) վտարանդի կառավարություն» կա…

Հուլիսի 14-ին անցնելով Թարթառի ձախ ափը, ղարաբաղյան ուժերն ազատագրեցին Չափարն ու կարևոր նշանակություն ունեցող Գետավանի կամուրջը և զգալիորեն մոտեցան Սարսանգի ջրամբարին: Հակահարձակման շնորհիվ Մարտակերտի ազատագրված գյուղերի բնակչությունը վերադառնում էր, և ստեղծվեց շրջանի ղեկավարման օպերատիվ շտաբ: Մարտակերտի ճակատում թշնամու օդուժի կիրառումը դարձավ սովորական երևույթ:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #15 (931) 19.04.2012 – 25.04.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


25/04/2012