Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՆԻՔԻՆ ՉԿՈՐՑՆԵԼ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՆԻՔԻՆ ՉԿՈՐՑՆԵԼ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ

Երկինք մխրճվող լեռները միշտ էլ ձգել են մարդկանց, համակել դրանք հաղթահարելու անզուսպ ցանկությամբ։ Շատ անհաս թվացող բարձունքներ այսօր արդեն նվաճված են։

Դեռևս 19-րդ դարի կեսերին բրիտանացի զինվորական տեղագիր Ջորջ Էվերեստը Հիմալայան լեռնաշղթայում տեղագրական աշխատանքներ կատարելիս հայտնաբերեց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը, Նեպալի բնակիչները լեռն անվանում են Սագարմաթա՝ երկնքի աստվածուհի, իսկ Տիբեթում անվանում են Ջոմոլունգմա՝ տիեզերքի մայր աստված, անգլերեն անվանումը Ջորջ Էվերեստի ազգանունն է)։ Սկսած 20-րդ դարի սկզբներից, աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, նվաճել ցանկացող լեռնագնացների թիվն ավելանում է, և միայն 1953թ. բրիտանական արշավախմբին հաջողվեց բարձրանալ Էվերեստ։ Առաջինը «աշխարհի տանիք» հանդիսացող գագաթին ոտք դրեցին Էդմոնդ Հիլարին (Նոր Զելանդիա) և Տենցիս Նորգեյը։ Սա էլ խթանեց Էվերեստի վրա կատարվող հետագա հաջող և անհաջող վերելքները։ Հպարտությամբ նշենք, որ մենք էլ մեր բաժինն ունենք. երեք հայ լեռնագնացներ 21-րդ դարի սկզբին հաջողությամբ բարձրացել են աշխարհի տանիք՝ Կարո Հովսեփյանը, Լևոն Սարգիսովը և Իգոր Խալաթյանը։

Սակայն լեռները ոչ միշտ են բարեհամբույր։ Երբեմն կարող են անողոք անակնկալներ մատուցել. ոչ բոլոր բարձրացողներն են վերադառնում։ Նման բախտի են արժանանում նույնիսկ բարձրակարգ ու փորձառու լեռնագնացները. լեռներում կանոններն այլ են։ Դժբախտ պատահարների հետևանքով մարդկային կյանքեր խլելու ցուցանիշով «առաջատարը» Էվերեստ լեռն է, որի լանջերը, սկսած 1924 թվականից, դարձել են գերեզմանոց, որտեղ տարբեր տարիների ընթացքում հաջող վերելք են կատարել 2700 և զոհ են դարձել 216 մարդիկ (2008թ.)։

Լեռնագնացության ու լեռնափրկարարական աշխատանքներին մասնակցելու իմ կեսդարյա փորձը հաստատում է այն իրողությունը, որ եթե մինչև 8000 մ բարձրության պայմաններում հնարավոր է փրկարարական աշխատանքներ կատարել և փրկել մարդկանց կյանքը, ապա ավելի բարձրադիր պայմաններում (մահվան գոտի) դա գրեթե անհնար է, և փրկության ցանկացած փորձ դատապարտված է ոչ միայն անհաջողության, այլև կարող է նոր զոհերի պատճառ դառնալ։

Լեռներում վտանգավոր իրավիճակները, որոնք պատճառ են դառնում դժբախտ պատահարների, բազմազան ու բազմաբնույթ են։ Նման իրավիճակների առաջացման պատճառները միայն ֆիզիկական ծանր ու տևական աշխատանքները չեն, այլև մթնոլորտային ցածր ճնշումը, թթվածնի պակասությունը, հուզական ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, եղանակային անբարենպաստ պայմանները, երթուղու դժվարությունները, աշխատանքի ու հանգստի անկայունությունը, արագ զարգացող հիվանդությունները, հաճախ անհրաժեշտ դեղամիջոցների բացակայությունը (հեղուկ դեղամիջոցների ներարկման համար հաճախ անհրաժեշտ է լինում սրվակը տաքացնել բերանում)։ Ցանկացած լեռնագնաց վերելքի, թե վայրէջքի ժամանակ ծանր ֆիզիկական աշխատանք է կատարում և ուշ թե շուտ հոգնում է, ինչը հանգեցնում է սխալ գործունեության, նյարդային ու շնչառական համակարգի ու ամբողջ օրգանիզմի լրացուցիչ լարման, որի հետևանքով բավականին ընկնում է լեռնագնացի գիտակցական ակտիվությունը, առաջ է գալիս անտարբերություն վտանգի հանդեպ։ Սակայն գիտակցելով բոլոր բարդություններն ու վտանգները, լեռնագնացը պատրաստ է մաքառելու, միայն թե հասնի բաղձալի հաղթանակի։

Ի դեպ, աշխարհի ամենաբարձր գագաթին հասնելու համար միայն համարձակությունը բավարար չէ, նաև բավական գումար է հարկավոր։ Նշենք, որ վերելքի թույլտվության հայտերը հերթագրելու համար ներկայացվում են 3-4 տարի առաջ՝ ամեն մասնակցի համար վճարելով 25 հազար դոլար։ Նախապատրաստական աշխատանքները տևում են առնվազն երկու տարի, որի ընթացքում ոչ միայն կազմվում ու նախապատրաստվում են վերելքի համար անհրաժեշտ գույք, սննդամթերք, տրանսպորտային միջոցներ, այլև վաղօրոք ընտրվում է համապատասխան քանակի օժանդակ անձնակազմ։

…Ու բարձրանում են մարդիկ աշխարհի տանիքը։ Ուրախանում, ցնծում իրենց հաղթանակով։ Սակայն այստեղ միայն հաղթանակի բերկրանքը չէ, շատերի համար աշխարհի բարձրակետը կյանքի վերջակետն է դառնում: Այս լեռներում ընկած են ցրտից սառած, հյուծված ու անդունդները գլորված հարյուրավոր դիակներ։

Լեռնագնաց ամուսիններ Սերգեյ Արսենտևը և Ֆրենսիս Դիստերֆոնոն, 8200 մ բարձրության վրա անցկացնելով երեք գիշեր (28.05.98թ.), առանց թթվածնի օգտագործման բարձրացել են գագաթ։ Վայրէջքի ժամանակ ամուսինները կորցնում են միմյանց։ Հաջորդ օրը ուզբեկ լեռնագնացները վերելքի ժամանակ անցնում են Ֆրենսիսի մոտով, երբ նա դեռ ողջ էր, բայց չեն օգնում։ Վայրէջքի ժամանակ հանդիպելով Սերգեյին տեղեկացնում են, որ տեսել են Ֆրենսիսին։ Վերջինս, վերցնելով թթվածնի սարքավորում, գնում է կնոջն օգնելու ու այլևս չի վերադառնում (մեկ տարի հետո Սերգեյի դին գտել են 8254մ բարձրության վրա)։ Հաջորդ օրը երեք այլ ուզբեկ լեռնագնացներ նույն տեղում հանդիպում են Ֆրենսիսին, ով երկրորդ ցուրտ գիշերն էր անցկացրել և դեռևս ողջ էր։ Անցնելով մոտից` գագաթ են բարձրանում և իջնում։ Ոչ բոլոր լեռնագնացներն են նման պայմաններում այսպես վարվում։ Անգլիացի լեռնագնացներ Վուդ Հոլը և Կետին, ընդհատելով վերելքը, ցանկացել են օգնություն ցույց տալ Ֆրենսիսին, ով անընդմեջ զառանցանքի մեջ էր. «Ես ամերիկացի եմ, խնդրում եմ չթողնեք ինձ»։ «Ես ցանկանում էի բարձրացնել նրան ու տանել, բայց ոչինչ անել չկարողացա»,- խոստովանել է Վուդ Հոլը։ Մեկ տարի անց՝ 1999թ., Վուդ Հոլը և Կետին հաջող վերելքից հետո վայրէջքի ճանապարհին նկատում են Ֆրենսիսին՝ պառկած այն դիրքում, ինչ մեկ տարի առաջ՝ կատարյալ պահպանված վիճակում։ «Մենք Կետիի հետ խոստացանք վերադառնալ Էվերեստ և «թաղել» Ֆրենսիսին։ Նոր վերելքի համար պահանջվեց ութ տարի։ Ես Ֆրենսիսին փաթաթեցի ամերիկյան դրոշով և մարմինը հրեցի անդունդից ցած, և այժմ նա «հանգստանում» է խաղաղությամբ՝ լեռնագնացների տեսադաշտից հեռու»,- ասել է Վուդ Հոլը։ Այդ նույն տարում՝ 1999թ., դեպք է եղել, երբ մարդիկ մնացել են նույն վայրում։ Ուկրաինական արշավախմբի մասնակիցներից մեկը «ցուրտ գիշեր» է անցկացրել գրեթե նույն վայրում, որտեղ ամերիկուհին։ Արշավախմբի մասնակիցները նրան իջեցրել են բազային ճամբար։ Ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել, թեպետ չորս մատները հեռացրել են։

Բարձր լեռնային պայմաններում փրկարարական աշխատանքներ կատարելիս ամեն մի գործողության համար լեռնագնացը 3-4 շնչառական վարժություն է կատարում, որի ընթացքում դրսևորվում են մի շարք բացասական գործոններ` սառնամանիքը, օդի մեջ թթվածնի և խոնավության պակասը (6000մ-ից բարձր խոնավություն ընդհանրապես չկա, թթվածնի չափաքանակը օդի ճնշման մեջ կազմում է 54 մմ սնդիկի սյուն), լեռնագնացի աշխատունակությունը 8000 մ-ի վրա ընդամենը 15 տոկոս է կազմում։ Թթվածնի պակասը աննախադեպ չափով ավելացնում է սրտի կծկումների քանակը։ Նման պայմաններում լեռնագնացը, իր վերելքով տարված, ուրիշի հետ պատահած նման աղետը կարող է և սովորական ընկալել։ Եվ ով իմանա, գուցե նաև լեռներն էլ իրենց հերթին են սառնություն թելադրում…

ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆՅԱՆ
պրոֆեսոր
ԽՍՀՄ վաստակավոր փրկարար և լեռնագնաց