Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԵՋ ՉԿԱ ՆՎԱԶ ԿԱՄ ԱՌԱՎԵԼ ԼԱՎԸ
ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԵՋ ՉԿԱ ՆՎԱԶ ԿԱՄ ԱՌԱՎԵԼ ԼԱՎԸ

Մեծ ջանքեր են անհրաժեշտ` Հայաստանում գլուխ բարձրացրած աղանդավորական շարժումների դեմ պայքարելու և դրանց քայքայիչ գործունեությունը կանխելու համար: 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում աղանդավորների թիվը կազմում է 300-400 հազար: Համեմատության համար նշենք, որ 142 միլիոնանոց Ռուսաստանում աղանդների թիվը հասնում է 700-800 հազարի: Սա նշանակում է, որ Ռուսաստանում բնակչության թիվը մեզանից շատ է գրեթե 50 անգամ, իսկ աղանդավորների թիվը` երկու անգամ:

Աղանդավորները մարդկանց խմբեր են, որոնք չեն ընդունում ավանդական եկեղեցու դավանանքը և քարոզում են իրենց առաջնորդի «հորինած» հակաեկեղեցական գաղափարները: Այսօր աղանդավորական խմբերից մեզանում առավել տարածված են` հիսունականները կամ հոգեգալստականները, Եհովայի վկաները կամ եհովականները, մորմոնները, բապտիստները: Սրանցից յուրաքանչյուրը սպառնում է ոչ միայն մեր եկեղեցուն, այլև ազգային անվտանգությանը:

Տարբեր են աղանդների առաջացման հանգամանքները, նրանց դավանած գաղափարներն ու սկզբունքները: Օրինակ` բապտիստներն առաջացել են 17-րդ դարում: Բողոքականության մի տարատեսակ են, որոնք մկրտությունն ու հաղորդությունը համարում են սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի: Կնքվում են միայն մեծահասակները: Մորմոնները չեն ընդունում քրիստոնեական խորհրդանիշները` համարելով դրանք ստեղծված ոչ թե Աստծո, այլ մարդու կողմից: Այս աղանդը ստեղծել է Ժոզեֆ Սմիթը 1830թ-ին, ԱՄՆ-ում:

Հիսունականները կամ հոգեգալստականները նույնպես առաջացել են ԱՄՆ-ում` 19-20-րդ դարերում: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզչություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր` Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, խաչը, սրբապատկերները:

Մյուսը Եհովայի վկաներն են կամ եհովականները: Սրանք ավելի ակտիվ են այսօր մեր երկրում ու «չխնայելով» իրենց, «քարոզում» են ամենուրեք` երթուղայիններում, բակերում, առևտրի կենտրոններում, բնակարաններ են ներխուժում: Նրանք իրենց ցանցն են գցում մարդկանց, որոնք գտնվում են սոցիալական, նյութական, հոգեկան անկայուն վիճակում, ուստի եհովականները շատ արագ փորձում են ազդել իրենց «զոհերի» հուզական վիճակի վրա եւ ծուղակը գցել: Ընկճված մարդուն անհրաժեշտ է բավարար ուշադրություն և լավ վերաբերմունք, ինչը այդ պահին նա ստանում է «հոգատար» եհովականից` զրկելով նրան ինքնուրույնությունից: Ասել է թե` մարդկային կերպարանքից:

«Եհովայի վկաներ» աղանդը հիմնադրվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում 1872թ., Չառլզ Ռասելի կողմից: Ընդունում են մեկ միասնական Աստծուն` միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված և նրա կամքը կատարող: Եհովականները չեն ընդունում Սուրբ Հոգուն, մերժում են Սուրբ Խաչը, Մկրտությունը: Ըստ եհովականների` երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, և Եհովայի ու սատանայի ճակատամարտի արդյունքում մարդկությունը կկործանվի, իսկ եհովականները կմնան, և երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը:

Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ աղանդավորական շարժումները չեն լինում ավելի մեղմ կամ ավելի մարդասիրական, դրանք բոլորն էլ քայքայիչ ու վտանգավոր են, ուստի մեզնից յուրաքանչյուրի համար գերխնդիր պետք է լինի աղանդներին իրենց իսկական տեղը ցույց տալը և Հայ առաքելական Սուրբ եկեղեցու արժանի զավակը լինելը:

ՍՏԱԼ ՍԱՐԴԱՐՅԱՆ