Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՆԴԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԳՆԴԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մարդիկ դեռ շատ վաղուց սիրում էին խաղալ գնդաձեւ տարբեր առարկաներով: Հայտնի է, օրինակ, որ հարավամերիկյան հնդկացիներն օգտագործում էին թեթեւ առաձգական գնդեր` սպորտային խաղերի համար: Շատ հաճախ օգտագործվում էր նաեւ խոզի միզապարկը, որը փչում էին ու անհրաժեշտ չափի դարձնում: Ժամանակի ընթացքում այդ փուչիկներն սկսեցին ծածկել կաշվով` դրանց ցանկալի տեսք հաղորդելու կամ երկար պահպանելու համար: Այնուամենայնիվ, գնդակն իր ժամանակակից տեսքն ստացել է սկսած 19-րդ դարից:

1836թ. Չարլզ Գուդիերը հայտնագործեց կաուչուկը: Մինչ այդ, գնդակի չափն ու ձեւը կախված էին կենդանու միզապարկի մեծությունից, եւ հարվածի ժամանակ դժվար էր կռահել գնդակի արագությունն ու ուղղությունը: Միայն 19-րդ դարի կեսերից գնդակներն սկսեցին պատրաստել ռետինից: 1855թ. նույն Գոդիերը պատրաստեց առաջին կաուչուկե ֆուտբոլի գնդակը, որը պահպանվում է ԱՄՆ-ում գտնվող ֆուտբոլի ազգային թանգարանում: Յոթ տարի անց Լայնդոնը պատրաստեց առաջին փչովի ռետինե օդափուչիկը: Նրա նպատակն այն էր, որ գնդակը չպայթեր ուժեղ հարվածից եւ որոշակի ձեւ ու ձգվածություն ունենար: 1872թ. Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան որոշակի չափորոշիչներ սահմանեց ֆուտբոլի գնդակի համար: Այն «պետք է լինի գնդաձեւ, 27-28 դյույմ շրջագծով (68,6-71,1սմ)»: Այդ ստանդարտ չափը մինչ օրս չի փոխվել եւ մտնում է ՖԻՖԱ-ի կանոնակարգի մեջ:

Պաշտոնապես չափերն ու կշիռը հաստատվեցին 1872թ.: Կշիռը 13-15 ունցիայի փոխարեն դարձավ 14-16 ունցիա (1 ունցիան հավասար է 29,86 գրամի): Ֆուտբոլի կանոնակարգում գնդակի մասին գրված է հետեւյալը. «Համաձայն ֆուտբոլային կանոնների` գնդակը պետք է լինի գնդաձեւ, արտաքին ծածկույթով, որը պետք է լինի կաշվից կամ այլ համապատասխանեցված նյութից: Շրջագիծը չպետք է լինի 27 դյույմից պակաս, բայց եւ չպետք է գերազանցի 28 դյույմը, իսկ գնդակի կշիռը խաղի սկզբում չպետք է լինի 14 ունցիայից պակաս եւ 16 ունցիայից ավելի»:

Ֆուտբոլային գնդակի մասսայական արտադրությունն սկսվեց անգլիական ֆուտբոլային լիգայի պատվերի շնորհիվ (հիմնադրվել է 1888թ.): «Mitre» եւ «Tomlinson’s of Glasgow» ընկերություններն առաջինն սկսեցին գնդակ արտադրել: Այդ ընկերությունները արտադրում էին տարբեր որակի ու գնի գնդակներ: Կաշվի լավագույն տեսակներն օգտագործվում էին բարձր որակի գնդակներ արտադրելու համար: Մեծ նշանակություն ուներ նաեւ կարի ձեւն ու ամրությունը:

Սակայն այդ շրջանի գնդակներն ունեին նաեւ իրենց թերությունները, որոնցից էին պատրաստման ժամանակ չափից դուրս աշխատատարությունն ու հեղուկ կլանելու հատկությունը: Անձրեւի ժամանակ կաշին ուռչում էր, եւ գնդակը դառնում էր ծանր ու վտանգավոր: Գոյություն ունեին նաեւ այլ խնդիրներ. չէին կարողանում կենդանական ծագման այնպիսի կաշի մշակել, որը երկար կդիմանար:

Ֆուտբոլի գնդակը մեծ դեր խաղաց 1930թ. աշխարհի առաջնությունում: Եզրափակիչ խաղում Արգենտինայի եւ Ուրուգվայի հավաքականները չկարողացան համաձայնության գալ գնդակի ընտրության հարցում եւ որոշեցին առաջին խաղակեսն արգենտինական գնդակով խաղալ, իսկ երկրորդը` ուրուգվայական: Սկզբում Արգենտինայի ընտրանին հաղթում էր 2:1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում Ուրուգվայի հավաքականը հրաշք գործեց` հաշիվը դարձնելով 4:2: Շատ հնարավոր է, որ աշխարհի չեմպիոն դառնալու գործում նրանց օգնեց հարազատ գնդակը:

20-րդ դարի առաջին կեսում գնդակները հիմնականում շագանակագույն էին, եւ կլորությունն ստանում էին կաշվի շերտավոր կտրվածքով: Այնուհետեւ օգտագործվում էր միայն սպիտակ գույնը:

1951թ. միագույն` սպիտակ գնդակին փոխարինելու եկավ գունավոր շերտերով գնդակը: Գույներն օգնում էին, որպեսզի հանդիսատեսն ավելի հեռվից կարողանար հետեւել դաշտում ծավալվող իրադարձություններին: 1950-ականներին հայտնվեցին առաջին նարնջագույն գնդակները, որոնք տեսանելի էին նույնիսկ առատ ձյան ժամանակ:

Ամբողջովին սինթետիկ գնդակն արտադրվեց միայն 1960-ականների սկզբին: Ժամանակակից գնդակների սինթետիկ ծածկույթը կրկնօրինակում է կաշվե գնդակի կառուցվածքը, իսկ առավելությունն այն է, որ ավելի դիմացկուն է ու պակաս ջրակլանիչ:

Ժամանակակից գնդակները պատրաստվում են «Բակմինստերի գնդակ» նախագծով, որն ավելի հայտնի է որպես «Բակիբոլ»: Ամերիկացի ճարտարապետ Ռիչարդ Բակմինստերը ֆուտբոլի մասին չէր էլ մտածում: Նա պարզապես փորձում էր ստեղծել այնպիսի միջոց, որը կօգնի շենքերի կառուցման համար ավելի քիչ նյութեր ծախսել: Եվ ստացվեց հանճարեղ կառուցվածք, որն այսօր գիտի յուրաքանչյուր ֆուտբոլասեր…

Բակմինստերի գնդակի ձեւն իրենից ներկայացնում է մի շարք վեցանկյուններ ու հնգանկյուններ, որոնք միանում են իրար եւ գնդակին կլոր տեսք տալիս: Ժամանակակից գնդակը բաղկացած է 20 վեցանկյունից եւ 12 հնգանկյունից:

1970թ. Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունից սկսած` յուրաքանչյուր նշանավոր ֆուտբոլային առաջնության համար նոր ու յուրօրինակ գնդակ է մշակվում, որը իր համապատասխան անունով դառնում է տվյալ առաջնության պաշտոնական գնդակը:

Այսօր բազմաթիվ ընկերություններ գնդակների համար ստեղծել են նոր բարձրորակ նյութեր ու նախագծեր: Բոլոր ջանքերն ուղղվում են իդեալական արտաքին, իդեալական հետագիծ, թռիչքի արագություն, նվազագույն ջրակլանում եւ էներգիայի իդեալական բաշխում ստանալուն:

Էջը՝ ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆԻ
ավագ լեյտենանտ