Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵԼՓԻՆԻ  ԲԱԶԵՆ
ԵԼՓԻՆԻ ԲԱԶԵՆ

Հովհաննես Թարվերդյանի «Գնիշիկի արծիվը» վիպակը հեղինակի առաջին տպագիր արձակ ստեղծագործությունն է։ Այն պատում է իրական դեպքերի և հերոսների մասին, որոնք ճակատագրորեն կրում են մեր ժողովրդի էական գծերը։

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատված վիպակից։

Վայոց Ձորի գյուղերից առաջինը Երփինն է, որը հիմնվել է 1828թ.՝ Խոյից ու Սալմաստից տեղափոխված մեր նախնիների ձեռքով Նրբույն գյուղի ավերակների հարավային մասում։ Գյուղն այդպես էլ կոչվել է։ Սակայն հետագայում աղավաղվել է և դարձել Նրբին-Էլփու-Ելփի։ Թաղված լինելով ձորի մեջ` գյուղն ասես բոլոր կողմերից պատսպարված է լեռներով։ Սակայն Ելփինն ավելի շատ շրջապատված է եղել փոքրիկ գյուղերով, որոնք բնակեցված են եղել ադրբեջանցիներով։ Այսպես՝ արևելքում Հեշիմն էր (Ճավաձոր), հյուսիսում՝ Ալամալուն (Խնձորուտ), արևմուտքում՝ Արդարազը (Աղոպեն), հարավ-արևմուտքում՝ Քյումուրլուն (Մոխրոտ) ու Գյուննութը, իսկ հարավում՝ Չիվան։ Այս տեսակետից էլ Ելփինը նմանվում էր եռացող կաթսայի, որի բոլոր կողմերից կրակ ու ծուխ էր ելնում։ Մեծ եղբայրների իրականացրած եղեռնն իր արձագանքն էր գտել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիների շրջանում։

Բնության օրենք է՝ շնագայլերը ոհմակով են միայնակ առյուծին վրա տալիս՝ որսը խլելու։ Իսկ թե մենակ են, անընդհատ ետ են նայում, որ իրենց հովանավոր վագրից հավանություն ստանան։ Ելփինի վրա շրջակա գյուղերից առաջին հարձակումը եղավ 1906 թվին։ Հարձակումը եղավ Հեշինի, Արդարազի և Քյոմուրլուի կողմից։ Կանայք և երեխաները հասցնում են դուրս գալ գյուղից, իսկ տղամարդիկ ընդունում են մարտը։ Կրելով մեծ կորուստներ՝ թշնամին նահանջում է։ Շուրջ տասը տարի ոչ ոք չի համարձակվում Ելփին մտնել։ Ավելին, շատերը բարիդրացիական կապեր են հաստատում հայերի հետ։ Այդ գործում մեծ վարպետ էին հատկապես հեշինցիներն ու արդարազցիները։ Սակայն այդ ընթացքում մի հետաքրքիր միջադեպ պատահեց։

Գյուղի մեծահարուստ Դիլոյենց Պողոսը յոթերորդ երեխան ունեցավ։ Նա ուներ վեց աղջիկ, և ահա ծնվեց արու զավակ։ Ծնողների ուրախությանը չափ ու սահման չկար։ Երեխան տարին չէր բոլորել, երբ մի օր մայրը գոռալով դուրս թռավ տնից.

-Բալես չկա, հասեք, էս ինչ զուլում եկավ մեր գլխին։

Հարևաններն իսկույն հավաքվեցին, բայց ոչ ոք ոչինչ չէր հասկանում։ Օրորոցից հո չէր կարող երեխան հենց այնպես անհետանալ։ Մոր լացն ու աղաղակը չէին թողնում, որ մի բան ասեին կամ լսեին։ Լուրն իսկույն հասցրին Պողոսին, և նա հասավ տուն։ Նա ո՛չ լսածին էր հավատում, ո՛չ էլ տեսածին։ Ներս մտավ, մոտեցավ օրորոցին, ծունկի իջավ ու չհավատաց աչքերին. դատարկ օրորոցում փնտրում էր երեխային։ Ձեռքը դրեց բարձին ու մատները խրեց նրա մեջ։ Արցունքներն սկսեցին խեղդել նրան։ Սեղմեց մատներն ու վեր կացավ՝ փոքրիկ բարձը դեմքին սեղմելով։ Կանայք, որ շրջապատել էին Պողոսին, բարձի տակ նկատեցին թղթի մի կտոր.

-Երեխին թուղթ են արել,- ասաց մեկը։

Պողոսը մի կողմ նետեց բարձն ու խլեց թղթի կտորը։ Երկտողը գրված էր թուրքերեն։ Քանի որ նա շատ լավ գիտեր թուրքերեն, ինքն էլ կարդաց հետևյալը. «Երեխային կստանաս, եթե այսօր նրա քաշով մեկ ոսկի բերես Գյուննայի ծառերի մոտ»։

Պողոսն իհարկե այդքան ոսկի ուներ, բայց ով կարող էր տանել այն։ Թուրքը մնում է թուրք։ Նրանք կարող են վերցնել ոսկին ու սպանել և՛ այն տանողին, և՛ երեխային։ Սա հայտնի բան էր։ Դրա համար էլ չգտնվեց մեկը, ով կտաներ ոսկին։

Հույսը Թևոսն էր… Թևոսն անասունը տուն բերելուց հետո իմանալով եղելությունը, շտապեց Պողոսի տուն։ Մտածելու ժամանակ չկար։ Քիչ անց ոսկու պարկն ու հրացանն ուսին՝ Թևոսը Նազոյենց թաղով բարձրանում էր դեպի Գյուննա։

Թուրքերը շուտ էին նկատել եկվորին, բայց հեռվից չէին կարողանում ճանաչել նրան։ Թևոսը նկատեց և հրացանն ուսից վար բերելով՝ շարունակեց բարձրանալ։ Ծառերի տակ երեք հոգու նկատել էր, սակայն վստահ չէր, որ թաքնվածներ չկային։ Այդ էր պատճառը, որ Թևոսը որոշեց հրացանը ձեռքը բռնել։ Երբ մոտ 100 մետր էր մնում հասնելու համար, Թևոսին զարմացրեց ավազակների արարքը։ Նա կանգ առավ ու ավելի լարեց ուշադրությունը։ Թուրքերը մի կողմ էին նետել հրացանները, չոքել էին գետնին ու ձայն էին տալիս.

-Թևոս, խնայիր մեզ, մի ղալաթ է՝ արել ենք, էլ չենք անի։ Խղճա մեզ։ Մեզ ոչինչ հարկավոր չէ։ Սպասիր, երեխին բերենք, նրա գլխից մազ չի պակասել։

Այս ասելով՝ նրանցից մեկը վազեց մի կողմ, գրկեց բարուրը, եկավ դեպի Թևոսը։ Երեխային հանձնելուց հետո երեքն էլ փախան դեպի Արդարաս ու անհետացան։

Թևոսը երեխային ու ոսկին վերադարձրեց Պողոսին, որի ցնծությանը չափ ու սահման չկար։

Թևոսը, բնակվելով Ելփինում, անասնապահությամբ զբաղվելուց բացի, Յապոնի սուրհանդակն էր։ Երբեմն գիշերները ձիու ոտքերի տակ թաղիք կապելով՝ անցնում էր թուրքաբնակ հողերով և տեղեկություններ էր հասցնում Քեշիշքենդի հեծելազորային վաշտի հրամանատար Յապոնին կամ հասնում էր Գնիշիկ` Ծորոսի հետ խորհրդակցելու նպատակով։

Ամեն ինչից զգացվում էր, որ խաղաղությունը թվացյալ է ու կարճատև, որ հարաբերությունները ծայրաստիճան լարված են, և ուր որ է, պայթելու են։ Անասնագողությունը թուրքերի համար սովորական երևույթ էր, փոխայցելության ոչ ոք մենակ չէր գնում։ Լարվածությունը գնալով սրվում էր, և կարծես առիթ էր պետք, որ թշնամին նորից զենք վերցնի։ Եվ առիթը եկավ։