Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԹԵ ՉԼԻՆԵՐ ՔՅՈՌ ԳՅՈՒԼԼԵՆ»…



Լուսաբացին թավշյա փեշով սրբեմ
Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի,
Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ,
Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի։

Հ. ՍԱՀՅԱՆ

Սիսական աշխարհի Սալվարդ-Աղոթարան սարի փեշերին է ծվարել Սալվարդ գյուղը, Տանյա մայրիկի ծննդավայրը։ Մարգար և Գեղեցիկ ծնողների աշխարհ բերած 11 երեխաներից մեկն է, որն իր հետ մայրաքաղաք է բերել նախաստեղծ բարություն ու մաքրամաքուր պարզություն։ Բորիս Կիրկոյանի հետ ստեղծեցին իրենց օջախը, ունեցան Գրիգոր, Գոհար, Գևորգ անուններով զավակներ։ Առաջնեկը՝ Գրիգորը, երբ սկսեց աշխարհաճանաչողության իր առաջին ինքնուրույն քայլերը, տատն ու պապը Սալվարդի գիրկն առան իրենց թոռնիկին, ու փոքրիկ Գրիգորի մանկությունն անցավ զարմանահրաշ բնության հեքիաթային ու գողտրիկ այդ անկյունում, որտեղ լճակները ցերեկը արևից, գիշերը աստղերից լուսավոր երազներ էին ամբարում, բաժանում, մասուրը՝ շիկնանք, ուրցն ու դաղձը՝ տարվա չորս եղանակների միասնություն, իսկ ձնծաղիկը, մանուշակը ամեն գարուն սպասում են կարոտով իրենց գեղեցկության առջև ծնկի իջնող մանուկների զարմանքին։ Այդ մանուկներից մեկն էլ Գրիգորն էր, որը Սուրեն քեռու հետ երեկոյան երբ տուն էր մտնում՝ հանգստանում, քնում էր տատի ու պապի ծնկներին՝ ականջալուր Վարդան մեծ պապի մասին հերոսապատումներին. նա զինվորագրվելով զորավար Անդրանիկի կամավորականներին՝ քաջաբար կռվել և իր երիտասարդ կյանքը զոհաբերել է հայրենի եզերքի, Սիսական աշխարհի պաշտպանությանը։

Երբ սկսվեցին ուսումնառության տարիները, Գրիգորն իր հետ բերած այս պատմությունները Երևանում պատմում էր իր դասընկերներին՝ բոցավառելով նրանց մանկական երևակայությունը… Իսկ երբ ֆիզկուլտուրայի պարապմունքներին ուսուցչի հանձնարարություններն առանց նախապես մարզվելու-պարապելու Գրիգորը հեշտությամբ կատարում էր, համադասարանցիները նույն զարմանք-հիացմունքով դիմում էին նրան.

-Այդ որտե՞ղ ես սովորել։

-Մեր Սալվարդի լանջերին,- պատասխանում էր նա։

Այսպես աստիճանաբար ձևավորվում, զգացվում էր առաջնորդի, միշտ առաջինը լինելու նրա բնավորությունը։ Բնավորության ձևավորման, ամբողջացման մեջ իր դերն ունեցավ նաև հայրական Մելիք պապը, ով 20 տարի որպես զինվորական ծառայել էր Գերմանիայում, հետո տեղափոխվել Խարկով, որտեղ էլ Բորիս հայրն ու Գրիգոր թոռը այցելեցին նրան։ Մելիք պապը թոռանը սովորեցնում էր զենքի հետ վարվելու կանոնները, զինվորական կարգապահությունը։ Ու արդեն վերադարձին ամեն անգամ, երբ պատրաստվում էր տնից դուրս գալ, մանրամասնորեն հետևում էր իր հագուկապին։ Այդ հարցում նրան միշտ օգնության էր գալիս քույրը՝ Գոհարը, որը մեկ տարով փոքր էր իրենից, և անչափ կապված էին։ Պարապում էր արևելյան մարտարվեստ, անդամագրվել էր պատանի տեխնիկների խմբակին, որտեղ էլ հենց առաջին անգամ մասնակցելով հանրապետական մրցումներին՝ իր պատրաստած մոտորանավով գրավեց առաջին տեղը։

Սախարովի անվան դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո Գրիգորն ընդունվեց Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումը։ (Ծնողներն աշխատում էին էլեկտրատեխնիկական գործարանում, և Գրիգորն էլ նրանց հոգսը թեթևացնելու համար ամառային արձակուրդներին աշխատում էր այնտեղ. իր վաստակած գումարով ձայնագրիչ էր առել, որն այսօր էլ տանն է)։

Արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական շարժումը։ Արցախի, Հայաստանի խաղաղ ցույցերին ի պատասխան եղան Սումգայիթի, Բաքվի, Գանձակի կոտորածներն ու բռնի տեղահանումը: Գրիգորը հաճախ էր տուն մտնում մտախոհ ու լռակյաց։ Ծնողների հարցումներին պատասխանում էր հարցով. «Մինչև ե՞րբ…»։

Անչափ շատ էր վշտացել շենգավիթցի զոհված 14 հերոսների համար, որոնց սգո թափորը անցավ իրենց պատուհանների մոտով։ Սկսել էր չսափրվել, ընկերների հետ օր ու գիշեր զբաղվում էին մարտարվեստով։ Ինքը դիմել էր, որ կամավոր մեկնի ճակատ, սակայն տարիքի պատճառով չէին վերցրել։

1994թ. ամռանը, երբ հանձնեց էլեկտրատեխնիկական տեխնիկումի վերջին քննությունը, հաջորդ օրն իսկ մեկնեց ծառայության։ Մեկ ամիս ծառայելուց հետո ընդունեց զինվորական երդումն ու ծառայությունը շարունակեց սահմանամերձ Վահան գյուղի դիրքերում։ Արդեն կարճ ժամանակում արժանացել էր հրամանատարության, ծառայակից ընկերների սիրուն ու համակրանքին։ Անվախ էր, անքուն ու անդադար՝ անընդհատ վազքի մեջ։ Երբ ոտքից վիրավորվեց, կարճ ժամանակում դեռ նոր-նոր ապաքինված՝ նորից ընկերների կողքին էր, դիրքերում։ Հայրենական մեծ պատերազմին իր հերոսական մասնակցությունը բերած Մարգար պապն իր զինվորական համազգեստով, շքանշաններով, մեդալներով լուսանկարը նվիրել էր թոռանը` «Գրիգորիս՝ նվեր պապից» մակագրությամբ։ Այդ լուսանկարը միշտ իր հետ էր, իրենից անբաժան։

Ամանորից հետո հայրը՝ Բորիսը, և եղբայրը՝ Գևորգը, գնացին Գրիգորին տեսակցության։ «Ինձ միշտ փոքրի տեղ էր դնում,- վերհիշում է եղբայրը,- մեր տարբերությունը 5 տարի է։ Շատ էին կապված քրոջս հետ։ Բայց այս անգամ ինձ կանչեց, իր պատրաստած խաչերից մեկը նվիրեց ու ասաց. «Գևո՛րգ, հանկարծ չթողնես մաման լաց լինի, դու ես տան տղամարդը՝ տիրություն կանես»։ Մեր վերադարձից մի քանի օր անց եկավ գույժը՝ եղբայրս զոհվել էր թշնամու վարձու դիպուկահարի գնդակից։

…Զարիկ մայրիկի հետ այցելում ենք Կիրկոյանների օջախը։ Ճանապարհին պատմում է այս համեստ, առաքինի, հայրենասեր մարդկանցից. «Տանյան համեստության տիպար է, լռակյաց, ինքնամփոփ։ Մեր ծանոթությունը եղավ Եռաբլուրում, որտեղ ամփոփված են մեր որդիները։ Մի օր, երբ ծառի շվաքին նստած զրուցում էինք, Տանյան ասաց.

-Տեսնես՝ մենք կյանքում իրար կճանաչեի՞նք, կհանդիպեի՞նք, եթե չլիներ Եռաբլուրը։ Եթե չլիներ քյոռ գյուլլեն, որ մեզ էսպես միացրեց, կապեց իրար…

Կիրկոյանների ընտանիքում մեզ դիմավորում է նաև բարուրում փաթաթված փոքրիկը, որին անվանակոչել են տատի անունով՝ Տատյանա…

Բորիս հայրը, Գևորգ եղբայրը պատմում են, որ 2011-ի նոյեմբերին Գրիգորի ընկերները՝ Հարությունը, Տիրանը, Արսենը, Արտակը հուշաքար են տեղադրել Վահան գյուղի հենակետում՝ ի հիշատակ հայրենյաց զինվոր Գրիգոր Կիրկոյանի։ Գրիգորը հետմահու պարգևատրվել է. «Վահանի ուղեկալի մարտական գործողությունների մասնակից» հուշամեդալով։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Ճակատագրեր


18/04/2012