Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐԵՆԻ ՕՐԱԳԻՐԸ



Տարիներ առաջ հաճախ էի գնում դիրքեր։ Գնում էի գրելու կռվող տղաների մասին։ Ու երբ իջնում էի դիրքերից, ինձ այնպես էր թվում, ասես այնտեղ մնացին ինձ համար շատ հարազատ, շատ թանկ ու մտերիմ մարդիկ…

Այցերից մեկի ընթացքում տղաներից մեկի՝ Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում ծնված, այն ժամանակ ավագ լեյտենանտ Կարեն Արտավազդի Արզումանյանի ծոցատետր-օրագիրը վերցրի, որում և՛ հումոր կար, և՛ թախիծ, և՛ ռոմանտիկա՝ համեմված այդ ժամանակաշրջանի բույրով ու դառնահամով։ Օրագրի մեջ նաև Կարենի երեխաների անվարժ ձեռագրով խզբզած նկարներն էին։ Ցավոք, այսօր ողջ չէ օրագրի հեղինակը, նրա այդ համառոտ գրառումներն էլ պատերազմական օրերի տխուր ժամանակագրությունն են։

Սկսում եմ գրել 1994 թվականի հունվարի 19-ին։ Այսօր արտառոց շատ դեպքեր կատարվեցին, որոնք երևի իմ ողջ կյանքի ընթացքում չեն մոռացվի։ Առաջին անգամ տեսանք, Տեր Աստված,… անգլուխ զոհ։ Գագոն էր՝ Լոշտ մականունով։

♦♦♦

Հունվարի 20

Խրամատներում ամբողջ գիշեր չքնեցինք։ Ադրբեջանցիների կողմից հարձակում էր սպասվում։ Առավոտյան նախաճաշի ժամանակ նկատեցինք, որ հաց չկա։ Գիշերը տղաները կերել էին։ Ճուտին ուղարկեցինք կողքի խրամատից՝ Լոշտի ընկած տեղից, հաց բերելու։ Հացը տեղ-տեղ արյունոտված էր…

♦♦♦

Փետրվարի 9

Տեղափոխվեցինք դիրքեր։ Տեղավորվեցինք հարևան վաշտի դիրքերում։ Մեզ համար խորթ էին մեր խրամատները։ Սովոր էինք նախկին դիրքերին, «մեր սեփական տնակներին»։ Օրը խաղաղ անցավ՝ չհաշված փոխհրաձգությունները։

♦♦♦

Փետրվարի 11

Շնորհավոր ծնունդդ, Նարեկ տղա։ Թող խաղաղություն լինի, հանուն որի այսօր մենք կռվում ենք, որպեսզի դու և աշխարհի բոլոր երեխաները խաղաղ ու երջանիկ ապրեք, լինեք զվարթ ու կայտառ։ Իսկ եթե պետք է՝ մի քիչ էլ չարաճճի։

♦♦♦

Փետրվարի 12

Նախաճաշից հետո վաշտի ավագ Կոլյայի հետ որոշեցինք մեծ բլինդաժ կառուցել։ Մեկ ժամ հետո Ուզբեկը մոտ վազելով հայտնեց, որ Սաշան վիրավորվել է։ Անմիջապես շտապօգնության մեքենա պահանջեցի «Օլենկոյով», և շտապեցինք վիրավորի մոտ։ Տեղափոխեցինք։ Չանցած 15 րոպե՝ նա մահացավ։ Սաշան՝ Ալեքսանդր Դանիելյանը, Չարենցավանից էր։ Նրա ժամացույցը վերցրի՝ որպես հիշատակ։

♦♦♦

Փետրվարի 28

Երեկոյան զորամասի շտաբում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ առաջիկա հարձակման նախապատրաստման շուրջ։ Մեր գումարտակից մասնակցում էր մարտական գծով հրամանատարի տեղակալ Մխիթար Ալիխանյանը։ Բոլորս անհամբեր սպասում էինք նրա վերադարձին։ Վերջապես նա եկավ և ասաց, որ յուրաքանչյուր գումարտակից անհրաժեշտ է հավաքագրել 15 կամավորական՝ առաջին գիծ մեկնելու համար։ Ես մեկնեցի դիրքեր՝ հավաքագրելու տղաներին։ Ուշ երեկոյան զինվորներին հավաքեցի և զրույց անցկացրի։ Ամենայն լրջությամբ բացատրեցի գործի կարևորությունը ու յուրաքանչյուր պահի մեռնելու վտանգը։ Առաջարկեցի մտածել, իսկ առավոտյան ցանկացողները մոտենան ինձ։ Ողջ գիշեր համարյա չքնեցի։ Արդեն գիտեի, թե ովքեր էին գալու։ Հավատացած էի, որ առաջինը լինելու է Սերգեյ Հարությունյանը՝ Եղոն։ Այդպես էլ եղավ։

♦♦♦

Ապրիլի 20

Առավոտյան ադրբեջանցիները Նիկոլի գումարտակի ուղղությամբ սկսեցին հարձակումը։ Մերոնք չկարողացան դիմադրել՝ փամփուշտ չունեին։ Հակառակորդը բոլոր կողմերից սկսեց գրոհել։ Մեր հրետանին համարյա չէր գործում։ Նիկոլի գումարտակը նահանջեց։ Սիսիանցիների դիրքերում կռվող եռամսյա զորակոչվածները՝ «երեքամսականները», չկարողանալով դիմադրել` նույնպես նահանջեցին։ Մեծանում էր շրջափակման վտանգը։ Հենց այդ ժամանակ ադրբեջանցիների տանկերն ու ականանետը սկսեցին անընդմեջ աշխատել մեր դիրքերի վրա։ Արկերը թափվում էին կարկուտի նման։ Որոշեցինք դիրքավորվել կենտրոնական մասում։ Տեղափոխվեցինք կրակի տարափի տակ։ Կենտրոնում միլիցիայի ջոկատի հետ վերադասավորեցինք ուժերը։ Ահեղ ճակատամարտ տվեցինք։ Մի քանի հոգի տեղափոխեցին վիրավորներին։ Արմեն Սաղոյանը կոնտուզիա ստացավ, բայց շարունակեց կռվել։ Նա մի քանի րոպե գլուխը ձեռքերի մեջ առած մնաց, հանգստացավ։ Աջ թևից ադրբեջանցիները բավականին առաջ էին անցել։ Մենք ընկնում էինք շրջափակման մեջ։ Հրաման տվեցի նահանջելու։ Բայց՝ կազմակերպված։ Ես, Սոսը, Արմենը ու էլի մի քանի զինվոր շարունակեցինք մարտը, մյուսները նահանջում էին իմ հրամանով։ Հետո մենք ևս սկսեցինք նահանջել։ Շահենը վիրավորվեց։ Իրադրությունն օրհասական էր։ Ականանետի արկը պայթեց ինձնից մի քանի մետր հեռավորության վրա։ Արթուրը վիրավորվեց գլխից։ Հրաշքով կենդանի մնացի։ Մոտս եղած վերջին բինտով մի կերպ կապեցի Արթուրի գլուխը, և սկսեցինք նահանջել։ Մի կերպ հասանք հարևան գումարտակի՝ Կարապետյանի դիրքերը, որտեղ արդեն ոչ ոք չկար… Ինձ մոտ մի քանի ավտոմատ կար։ Շատ էի հոգնել։ Գնդակների տարափի տակ համարյա փախչում էինք։ Կյանքումս առաջին անգամ զգացի կյանքի գինը։ Արմենը զոհվեց ավտոմատի գնդակից։ Մեր թիկունքում թշնամու վառված տանկերի մոտ կանգ առանք։ Մեզ ընդառաջ էին գալիս միլիցիայի հատուկ ջոկատի հրամանատար մայոր Գրիգորյանը և Հադրութի գնդի հրամանատար Արթուրը։ Այստեղ էլ կանգ առանք և պաշտպանում ենք մինչև այսօր։ Մահվան ու կյանքի կռիվ է։ Մենք պիտի հաղթենք։

ՍՈՒՍԱՆՆԱ ԹԵԼՈՒՆՑ
N77 դպրոցի ուսուցչուհի

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Պատմության էջերից


18/04/2012