Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԿՌԻՎՆԵՐԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ ԿՈՐՈՒՍՏԸ



1992թ.

ՄԱՅԻՍ

Մայիսի 19-ին հայերը փորձում էին վերատիրանալ Շեֆեկ-Զեյվա և Թոդան-Սարիսու բնագծերին: Վիճակը սրվել էր նաև Նախիջևանի սահմանում, և ՀՀ Նախագահը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Ակնհայտ է, որ սա տեղի է ունենում 3-րդ ուժերի դրդմամբ և նպատակ է հետապնդում ստեղծելու քաղաքական պատրվակ՝ ուղղակի միջամտության համար: Հայաստանի Հանրապետությունը հենց այսօր էլ պատրաստ է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կնքել համակողմանի համագործակցության պայմանագիր՝ Հայաստանի և Նախիջևանի սահմանը լիակատար անվտանգության և կայունության գոտու վերածելու նպատակով»:

Մայիսի 19-ին Ստեփանակերտում վերաբացվեցին ավերված դպրոցները, մանկական ու պետական հաստատությունները:

Հայերն ազատագրեցին Սադարակին իշխող բարձունքները՝ անվտանգ դարձնելով Երևան-Մեղրի ավտոճանապարհի այդ հատվածն, ու Թուրքիան կատարվածն ագրեսիա որակելու պահանջով դիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ 10.000-անոց զորախումբ մոտեցնելով Նախիջևանի սահմանին:

Մայիսի 22-ին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը հայտնեց, որ Մոսկվան չի կարող բավարարել 7-րդ գվարդիական բանակը Հայաստանում թողնելու Երևանի խնդրանքը, և որ մայիսի 21-ին Երևանում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն փուլ առ փուլ դուրս բերելու վերաբերյալ, իսկ գույքն ու սպառազինությունը՝ թողնելու Հայաստանին:

Մայիսի 25-ին հակառակորդը Կասպիական նավատորմի հրանոթներով խփեց Թալիշին ու Ղարաչինարին:

Ամիսն ավարտվեց Նախիջևանի դեպքերին հաջորդած հարաբերական անդորրով, որը խախտում էր միայն հրետակոծությունը:

ՀՈՒՆԻՍ

Հունիսի 5-ին թշնամին հասավ Մարտունիի արվարձաններին, բայց մեծ կորուստներով հետ շպրտվեց:

Հունիսի 7-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջինդորուքը սպառնաց հայերին, որ հարձակումները չդադարեցնելու դեպքում «նոր բացված կամրջով տանկերը կշարժվեն առաջ»:

Հունիսի 9-ին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի պաշտպանության մարտերում զոհվեց շրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից հետմահու ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված Վլադիմիր Բալայանը:

Հունիսի 9-10-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո, երբ պետության ղեկավար ընտրվեց Աբուլֆազ Էլչիբեյը, վիճակը կտրուկ սրվեց ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով և Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններում: Հետախուզությունը վկայում էր, որ Մարտունիում, Մարտակերտում ու Շահումյանում մեծ հարձակում է սպասվում:

Նույն օրը հետ մղվեց Մարտունիի վրա Մուղանլիից ձեռնարկված հարձակումը:

Հրթիռահրետակոծվեցին Իջևանի 11 գյուղեր, կային բազմաթիվ վիրավորներ, սկսվեց բնակչության տարհանումը դեպի Իջևան ու Դիլիջան, թշնամու «ՄԻ-24» ուղղաթիռները չկառավարվող հրթիռային արկերով հարվածեցին Բերքաբերին: Իջևանում վնասվել էր 100 շինություն, Նոյեմբերյանի գյուղերում զոհվել էր 3 բնակիչ, իսկ Տավուշում, որտեղ կար 9 վիրավոր, (4-ը՝ երեխա), միայն 3 գյուղ չէր հրետակոծվում:

Հունիսի 10-ին Բաքուն մեղադրեց Մոսկվային, 4-րդ բանակի հեռանալու վերաբերյալ համաձայնագիրը խախտելով, Քյուրդամիրի, Սիթալչայի ու Դալյարի զինվորական օդանավակայանների ենթակառուցվածքներն ավերելու համար: Մինչդեռ հետագան հակառակը վկայեց…

Հունիսի 12-ին ռազմաճակատի ողջ երկայնքով՝ Շահումյանից մինչև Հադրութ, սկսվեց ադրբեջանական բանակի ամառային-աշնանային հարձակումը, որն իրականացվում էր երեք հիմնական ՝ Շահումյանի, Մարտակերտում՝ Կիչան-Քոլատակ հատվածի և Ասկերանի ուղղություններով: Հատկապես հյուսիսային ուղղությունում գրոհում էին նախկին խորհրդային 4-րդ բանակի մեծաքանակ վարձկան ստորաբաժանումներ՝ նույնքան մեծաքանակ «Տ-72» տանկերի աջակցությամբ: Ռազմավարական այս գործողությունն ուներ որքան պարզ, նույնքան հաջող մտահղացում՝ գրավել Շահումյանը, ապա հարձակումը զարգացնել նաև արևմտյան՝ Քելբաջարից և Միր-Բաշիրից ու Աղդամից: Իսկ Կիչան-Քոլատակ ուղղությունում առաջ շարժվելով՝ ողջ Շահումյան-Մարտակերտը կտրել Արցախից և շրջապատման օղակում ոչնչացնել հայկական զինական ուժն ու երկու շրջանների բնակչությունը, զրահատեխնիկան դուրս բերել Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոճանապարհ և հարձակումը զարգացնել ոչ միայն Մարտակերտի, այլև Ստեփանակերտի ուղղությամբ՝ օգնելով Աղդամ-Ասկերան հատվածից Ստեփանակերտին մոտենալ փորձող իրենց զորքերին: Հարձակմանը մասնակցում էին ադրբեջանական բանակը, 4-րդ բանակի ստորաբաժանումները և նախօրեին Ադրբեջանին փոխանցված երկու մոտոհրաձգային դիվիզիաների մարտական տեխնիկան, այդ թվում նաև 100 միավոր զրահատեխնիկա:

Նույն օրը թշնամին գրավեց Շահումյանի շրջանի մեծ մասը, բացի Շահումյան ավանից և Վերիշեն ու Գյուլիստան գյուղերից, Ասկերանի շրջանում՝ Նախիջևանիկը, Փիրջամալն ու Աղբուլաղը, իսկ Մարտակերտում՝ Նարեշտարը, Կիչանն ու Սրխավենդը: Ասկերանի ուղղությամբ թշնամու հարձակմանն օդից աջակցում էին նաև մեկ «ՍՈՒ 25» ինքնաթիռ ու մի քանի «ՄԻ-24» ուղղաթիռ:

Նախիջեւանիկ գյուղի մոտ զոհվեց Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Յուրի Պողոսյանը (ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին): Նրա ղեկավարած մարտական մեքենայի անձնակազմը Խանաբադի մարտերում ոչնչացրել էր թշնամու երեք զրահամեքենա, իսկ Ասկերանի մոտ՝ «Տ-72» տանկ:

Հունիսի 13-ին ողջ Շահումյանն ընկավ: Շրջապատման մեջ մնացած մարտընկերներին փրկել փորձելիս մեծաքանակ թշնամու դեմ մերձամարտում զոհվեց ազատամարտիկ-հրամանատար Կարոտ Մկրտչյանը: Նա հետմահու պարգևատրվեց ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Շրջանը հանձնվեց տեղի ինքնապաշտպանական ու հայաստանյան կամավորական ջոկատների ուղղակի խելահեղ դիմադրությանը զուգընթաց (ոչնչացվեց միայն 17 միավոր զրահատեխնիկա), ինչի շնորհիվ հնարավոր դարձավ անտառներով ապահովել ժողովրդի նահանջը դեպի Մարտակերտի շրջան: Ծանր այդ նահանջի ընթացքում զոհվեց շուրջ 120 մարդ՝ հիմնականում ծերեր:

Շրջանի ինքնապաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանը, մի քանի շաբաթ անց մեկ-երկու օրով լինելով Երևանում, կտրականապես հերքեց դավաճանության, ինչ-որ պայմանավորվածությունների և որոշ ջոկատների դիրքերը լքելու մասին պտտվող լուրերը՝ հայտարարեց, որ բոլոր ջոկատները դիմադրել են մինչև զինամթերքի իսպառ վերջանալը՝ ընդհանուր հրամանով կազմակերպված ապահովելով շուրջ 15.000 բնակչության նահանջը:

Ասկերանի բերդի մոտ «Ստրելա-2» և «ԶՍՈՒ 23/4» կայանքներով խոցվեց ադրբեջանական առաջին՝ «ՍՈՒ-25» ինքնաթիռը:

Հեռուստաելույթով դիմելով ժողովրդին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը չթաքցրեց իրականությունը եւ հայտարարեց, որ «իրավիճակը թեև անչափ ծանր է, սակայն անհուսալի չէ», և կոչ արեց խուճապի չմատնվել:

Հունիսի 15-ին ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոճանապարհին սպառնացող Կիչան և Սրխավենդ գյուղերը:

Հունիսի 16-ին ընկան Թալիշը, Չայլուն, Մատաղիսն ու Տոնաշենը, իսկ Կիչան-Սրխավենդ-Ղազանչի հատվածում ծանր մարտեր էին: Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը Բաքվին 10-ժամյա հրադադար առաջարկեց՝ հավաքելու նրանց շուրջ 700 դիակները, բայց Ադրբեջանը չընդառաջեց՝ հայտարարելով, որ իրենք իրենց դիակները կհավաքեն Ստեփանակերտ մտնելուց հետո:

Հայաստանում հայտարարվեց մինչև 35 տարեկան պահեստազորի սպաների զորակոչ, իսկ զրահատեխնիկայի պահեստազորի անձնակազմերին հրավիրեցին զինկոմիսարիատներ:

Հունիսի 16-ին կամավորները 12 զոհի գնով վերագրավեցին Նարեշտարն ու Կիչանը՝ ոչնչացնելով հակառակորդի 100 զինվոր: Թշնամին գրավեց Մարաղան: ԼՂՀ ողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն:

Հրետակոծման պատճառով դադարեցվեց երթևեկությունը մարդասիրական միջանցքով: ԼՂՀ ԳԽ-ն հայտարարելով, որ շուրջ 100 միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակումը ֆիզիկական ոչնչացման սպառնալիք է ստեղծել արցախահայության համար՝ օգնության կոչով դիմեց բոլոր հայազգի սպաներին, զինվորական կրթություն ունեցողներին և ողջ հայ երիտասարդությանը:

Կիչան-Սրխավենդ հատվածում հայերը վերատիրացան նախկին բնագծերին, որտեղ թշնամին թողեց անգամ զրահատեխնիկան: Կատաղի կռիվներ էին Նախիջևանիկ-Դահրազ հատվածում: Թշնամին գրավելով Չայլուն ու Թալիշը, հարձակվում էին Մատաղիսի ուղղությամբ, իսկ հայկական կողմը փորձում էր դադարեցնել հարձակումը Մարտակերտի, Մարաղայի ու Մարգուշևանի ուղղություններում. Չայլուի անկումով թշնամու համար բացվել էր Մարտակերտի դաշտային հատվածի բոլոր գյուղերը տանող ճանապարհը: Իսկ Հադրութում հակառակորդը ծանր կորուստներ կրելով ետ շպրտվեց: Մեծ կուտակումներ կային Գորիս-Լաչին հատվածում, որտեղ թշնամին տիրացավ որոշ բարձունքների:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքեց հարձակմանը 4-րդ բանակի մասնակցությունը և հայտարարեց, որ բոլոր մարտական ինքնաթիռները հունիսի 9-10-ին դուրս են բերվել Ադրբեջանից, ինչն ակնհայտ սուտ էր, ու նաև չժխտեց նախկին խորհրդային սպաների ու զրահատեխնիկայի անձնակազմերի՝ մարտական գործողությունների ու տեխնիկայի ղեկավարումը:

ՀՀ ԳԽ-ն դիմեց ՌԴ գերագույն խորհրդին՝ պահանջելով քննել 4-րդ բանակի հանձնման օրինականության, հարձակմանը ռուսական զորքերի մասնակցության և Անդրկովկասում հավասարակշռության վերականգնման հարցերը:

Հունիսի 17-ին Տավուշում հաջողվեց լռեցնել մի քանի կրակակետ: Ծանր մարտեր էին Կոռնիձորում, որտեղ մերոնք վերատիրացան բոլոր դիրքերին, մեծ կուտակումներ կային Խաչիկ գյուղի դիմաց:

Ինքնապաշտպանության ուժերը Մարտակերտում պահում էին Մարաղա-Մարգուշևան-Հասանղայա-Լեոնարխ գիծը, Մարտակերտ քաղաքն անընդհատ հրետակոծվում էր: Մի քանի ուղղություններում թշնամուն ուժգին հակահարված էր հասցվել, իսկ Նախիջևանիկում ոչնչացվել էր ադրբեջանական մեկ զրահամեքենա:

Ադրբեջանցի ռազմագերիների վկայությամբ, ռուսական վարձկան մի գունդ կռվում էր Մարտակերտում, մյուսը՝ Ասկերանում, իսկ միայն Սրխավենդի մարտերում թշնամին կորցրել էր 300 զինվոր ու մեծ թվով վարձկաններ:

Նույն օրը, Մատաղիսի ուղղությունում հակահարձակում նախապատրաստելիս, զոհվեց ՀՀ սահմանապահ գնդի (նախկին Հատուկ գնդի) հրամանատար, 36-ամյա գնդապետ Վլադիմիր Կարապետյանը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


18/04/2012