Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ



Ամերիկացի քաղաքագետ, «Ստրատֆոր» հետախուզական-վերլուծական մասնավոր ընկերության հիմնադիր եւ տնօրեն ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆԻ հոդվածը բացահայտում է ռազմավարական մտածողության որոշ նրբություններ: Տպագրվում է կրճատումներով:

ԵՐԵՔ ՇԱՀ

Համարվում է, որ Չինաստանը տարածաշրջանային կամ նույնիսկ համաշխարհային աճող տերություն է: Որ աճող է, հավանական է, բայց դեռ հեռու է իր հիմնարար ռազմավարական խնդիրները լուծելուց և է՛լ ավելի հեռու է Միացյալ Նահանգներին դիմակայելուց:

Չինաստանի ռազմավարական խնդիրներից առաջնահերթը երկրի ներքին անվտանգության պահպանումն է: Պատմական փորձը վկայում է, որ Չինաստանը հենց սկսում է մասնակցել համաշխարհային առևտրին, ինչպես 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին, ծաղկում է ապրում առափնյա շրջանը, մինչդեռ Չինաստանի ներքին հատվածը, որը սկիզբ է առնում ափից մոտ 100 մղոն հեռավորությունից (160 կմ-ից) և տարածվում շուրջ 1000 մղոն (1600 կմ) դեպի արևմուտք, սկսում է հյուծվել: Չինաստանի քաղաքացիների մոտավոր 80%-ի ընտանեկան եկամուտը ներկայումս ավելի քիչ է, քան Բոլիվիայի քաղաքացիների ընտանեկան միջին եկամուտը: Չինաստանի աղքատ բնակչության մեծ մասն ապրում է ավելի հարուստ առափնյա տարածաշրջանից դեպի արևմուտք. հարստության բաշխման այդ անհամամասնությունը մեկ անգամ չէ, որ շահերի բախում է ի հայտ բերել երկրի առափնյա և ներքին շրջանների միջև: 1927թ. Շանհայում ձախողված ապստամբությունից հետո Մաո Ծեդունը օգտվեց այդ լարվածությունից և նախաձեռնեց Մեծ արշավանք դեպի երկրի խորքը՝ ոտքի հանելով գյուղացիների բանակն ու ի վերջո նվաճելով առափնյա շրջանը: Նա կտրեց Չինաստանը առևտրի համաշխարհային համակարգից՝ երկիրը դարձնելով ավելի միասնական ու համասեռ, բայց ծայրահեղ աղքատ:

Ներկայիս կառավարությունը փորձել է կիրառել կայունության ապահովման այնպիսի միջոց, որն ավելի բարեհաճ է հարուստների նկատմամբ՝ բնակչության վստահությունը գնելով զանգվածային զբաղվածության միջոցով: Արդյունաբերական էքսպանսիայի (ընդլայնման) ծրագրերն իրականացվում են՝ առանց հաշվի առնելու շուկաներն ու սահմանները. նպատակը առավելագույն զբաղվածության ապահովումն է: Մասնավոր խնայողություններն օգտագործվում են արդյունաբերական ջանքերը ֆինանսավորելու համար, այնպես որ՝ արտադրանք գնելու համար շատ քիչ ներքին կապիտալ է մնում: Համապատասխանաբար, Չինաստանը պետք է շեշտը դնի արտահանման վրա:

Չինաստանի՝ ըստ կարևորության երկրորդ ռազմավարական մտահոգությունը բխում է առաջինից: Այդ երկրի արդյունաբերությունն արտադրում է ավելի շատ, քան կարող է սպառել նրա ներքին տնտեսությունը, այնպես որ՝ Չինաստանը պետք է արտահանի ապրանք և ներմուծի հումք: Այսպիսով, չինացիները պետք է անեն հնարավորը՝ իրենց ապրանքների համաշխարհային պահանջարկն ապահովելու համար: Դա ներառում է մի շարք միջոցառումներ՝ սպառող երկրների տնտեսության մեջ ներդրումներ անելուց մինչև համաշխարհային ծովային ճանապարհներ ազատ մուտք ունենալը:

Ռազմավարական երրորդ շահը, այսպես կոչված, բուֆերային պետությունների նկատմամբ հսկողություն սահմանելն է: Պատմականորեն Չինաստանի սիրտը հանդիսացող Խան նահանգի բնակչությունը կենտրոնացած է երկրի արևելյան մեկ երրորդ մասում, որտեղ տեղումներն առատ են՝ ի տարբերություն շատ ավելի չորային և անջուր կենտրոնական ու արևմտյան շրջանների: Չինաստանի ֆիզիկական անվտանգությունը կախված է ոչ խանական չորս բուֆերային գոտիների՝ Մանջուրիայի, Ներքին Մոնղոլիայի, Սինծյանի և Տիբեթի նկատմամբ հսկողությունից: Այդ շրջանների անվտանգության ապահովումը նշանակում է, որ Չինաստանը կարող է պաշտպանվել (մեկուսանալ) Ռուսաստանից, որը հյուսիսում է, արևմտյան տափաստանների կողմից ցանկացած հարձակումից, ինչպես նաև գրոհներից՝ Հնդկաստանից կամ Հարավարևելյան Ասիայից:

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ Չինաստանի արտադրանքի գլխավոր սպառող երկրներում տնտեսական ճգնաժամը դժվարացրեց արտահանումը այդ երկրից: Միևնույն ժամանակ Չինաստանը չկարողացավ համապատասխան չափով ավելացնել ներքին պահանջարկը և երաշխավորել մուտքը համաշխարհային ծովային այնպիսի ուղիներ, որոնք անկախ են ԱՄՆ ռազմածովային ուժերի տրամադրած ուղիներից:

Տնտեսական նույն ճնշումը Չինաստանին սպառնում է նաև ներսում: Ավելի հարուստ մերձափնյա շրջանը կախված է առևտրից, որը թուլանում է, իսկ աղքատ կենտրոնը պահանջում է վարկավորում, որը դժվար է տրամադրել տնտեսական աճի դանդաղեցման պայմաններում: Բացի դրանից, երկրի երկու բուֆերային շրջաններում փոփոխություններ են տեղի ունենում: Տիբեթի և Սինծյանի բնակիչները վճռականորեն դիմադրում են խանական բռնազավթմանը: Չինաստանը հասկանում է, որ այդ երկու շրջանների կորուստը կարող է լուրջ սպառնալիք ստեղծել երկրի անվտանգությանը, հատկապես, եթե կորուստները հանգեցնեն այն բանին, որ Հնդկաստանը թափանցի Հիմալայների հյուսիս կամ Սինծյանում ձևավորվի մահմեդական ծայրահեղական վարչակարգ: Ամենամտահոգիչը Տիբեթում տիրող իրավիճակն է: Հնդկաստանի և Չինաստանի միջև բացահայտ պատերազմ՝ փոքր բախումներից ավելի մասշտաբային ինչ-որ բան, հնարավոր չէ, քանի դեռ նրանք բաժանված են Հիմալայներով: Այդ տեղանքում կողմերից ոչ մեկը չի կարող ապահովել լայնամասշտաբ պատերազմ վարող զորքերի թիկունքը: Այնինչ Չինաստանն ու Հնդկաստանը միմյանց համար կարող են սպառնալիք լինել, եթե կարողանան անցնել Հիմալայները և ռազմական ներկայություն հաստատել լեռնաշղթայից այն կողմ: Հնդկաստանի համար սպառնալիք կլինի, եթե չինական մեծ ուժեր մտնեն Պակիստան: Չինաստանի համար սպառնալիք կծագի, եթե հնդկական մեծ ուժեր մտնեն Տիբեթ:

Չինաստանի համար առանցքային նշանակություն ունի ներքին կայունության պահպանումը: Եթե խանական Չինաստանն ապակայունանա, բուֆերային գոտիների նկատմամբ հսկողությունն անհնար կլինի: Ներքին կայունության ապահովումը պահանջում է ռեսուրսների փոխանցում, ինչը, իր հերթին, պահանջում է Չինաստանի առափնյա շրջանների տնտեսության կայուն աճ՝ երկրի ներս փոխանցելու նպատակով կապիտալ ստեղծելու համար: Եթե դադարի ապրանքների արտահանումն ու հումքի ներմուծումը, երկրի ներսում եկամուտները կսկսեն նվազել մինչև քաղաքականապես վտանգավոր մակարդակի հասնելը (ներկայիս Չինաստանում հեղափոխություն լինել չի կարող, բայց սոցիալական լարվածությունը մեծանում է):

Երկրում զբաղվածության բարձր մակարդակ ապահովելու ամենակործանարար հետևանքը սղաճն է, որը կարող է ավելացնել Չինաստանի ներքին հատվածի վարկավորման ծախսերը և միաժամանակ նվազեցնել Չինաստանի մրցունակությունը համաշխարհային այլ՝ ավելի քիչ ծախսատար տնտեսությամբ արտահանողների համեմատ: Այս խնդիրը չինացիները կարող են լուծել միայն ավելացնելով իրենց տնտեսության եկամտաբերությունը: Դա համարյա անհնար է, եթե արտադրում ես ցածր ավելացված արժեքով ապրանքներ: Ելքը կարող է լինել բարձր ավելացված արժեքով ապրանքների արտադրությունը (ավելի քիչ կոշիկ, ավելի շատ ավտոմեքենա), բայց դրա համար էլ պահանջվում է այլ կարգի աշխատուժ՝ ավելի պատրաստված ու բարձր որակավորում ունեցող, քան առափնյա շրջանի միջին բնակիչն է, էլ չասած՝ երկրի կենտրոնական մասի բնակչի մասին: Բացի դրանից, դա կնշանակի ուղղակի մրցակցության մեջ մտնել Ճապոնիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի զարգացած տնտեսությունների հետ՝ մուտք գործելով ռազմավարական մի մարտադաշտ, որի վրա Չինաստանը ստիպված է ոտք դնել, եթե հույս ունի ապահովելու իր կայունությունը:

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

Չինաստանի գոյատևումը կախված է համաշխարհային օվկիանոսից: Հարավ-չինական և Արևելա-չինական ծովերի ձևն այնպիսին է, որ Չինաստանը համեմատաբար հեշտ է շրջափակելը: Արևելա-չինական ծովը շրջապատված է Կորեայով, Ճապոնիայով ու Թայվանով, դրանց միջև եղած կղզիների շարքով: Հարավ-չինական ծովը էլ ավելի է սեղմված Թայվանից մինչև Ֆիլիպիններ և Ինդոնեզիայից մինչև Սինգապուր գծերի երկայնքով: Պեկինի ամենալուրջ ռազմավարական մտահոգությունն այն է, որ ԱՄՆ-ը ծովային շրջափակման կենթարկի Չինաստանը, բայց ոչ թե 7-րդ նավատորմը տեղակայելով երկու կղզային սահմաններից ներս, այլ դուրս: Դրանով իսկ ԱՄՆ-ը կստիպի Չինաստանին իր ծովային ուժերն ուղարկել մայրցամաքից հեռու՝ թիկունքը բացելով ամերիկյան նավերի հետ բախման համար, և ունակ կլինի փակելու նահանջի ճանապարհը:

Չինաստանը դեռ չի էլ ավարտել իր առաջին ավիակրի կառուցումը, նա չունի ծովային այնպիսի ուժեր, որոնք ունակ են դիմակայելու ԱՄՆ-ին, և նրա ՌԾՈՒ-ը ո՛չ չափերով, ո՛չ էլ որակով բավարար չեն դրա համար: Սակայն դա դեռ ամենամեծ խնդիրը չէ: ԱՄՆ-ը իր առաջին ավիակիրը շահագործման է հանձնել 1922թ., և այդ ժամանակվանից մշակում է ավիակիրների և տախտակամածային ավիացիայի կիրառման մարտավարությունը: Ավիակիր խմբեր ղեկավարելու ունակ ծովակալներ և անձնակազմեր ունենալու համար պետք է սերունդներ կրթել, քանի որ չինացիները երբեք չեն ունեցել ավիակիր հարվածային խմբեր, չեն ունեցել նաև ծովակալներ, որոնք ղեկավարում են այդ խմբերը:

Չինաստանը հասկանում է խնդիրը և ընտրել է ամերիկյան ծովային շրջափակմանը հակադրվելու հիանալի ռազմավարություն՝ հականավային հրթիռներ, որոնք ունակ են խոցելու ամերիկյան ավիակիրների պաշտպանական համակարգերը, ինչպես նաև «գործ ունենալ» սուզանավերի զգալի քանակի հետ: Այդուհանդերձ, թեպետ Չինաստանն ունի հրթիռների ցամաքային ամուր համակարգ, այն իր բնույթով խոցելի է թևավոր հրթիռների, ինքնաթիռների, ներկայումս մշակվող անօդաչու թռչող սարքերի համար: Երկարատև մարտեր վարելու Չինաստանի ունակությունը սահմանափակ է: Ավելին՝ հրթիռային ռազմավարությունը գործում է միայն ճանաչման արդյունավետ ներուժի առկայության դեպքում. անհնար է ոչնչացնել նավը, եթե չգիտես, թե որտեղ է այն: Դա, իր հերթին, պահանջում է ամերիկյան նավերը հայտնաբերելու ունակ տիեզերական և նշանառության ինտեգրված համակարգեր: Հարց է ծագում՝ ԱՄՆ-ը ունի՞ արդյոք հակաարբանյակային ներուժ: Կարելի է ենթադրել, որ, այո, ունի, և եթե Ամերիկան այն գործի դնի, Չինաստանը կկուրանա:

Պատրաստեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Ռազմաքաղաքական


18/04/2012