Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵԽՈՑԻՉ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ



Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման հոգեխոցվածքներն են:

– Պարո՛ն Մարգարյան, նախորդ հարցազրույցում քննարկեցինք վախի տարատեսակները: Այսօր անդրադառնանք այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն է ունենում վախը մարդու վրա, ի՞նչ հոգեբանական հետևանք է ունենում:

– ՈՒսումնամարտական գործունեության ժամանակ առկա էքստրեմալ գործոնների ազդեցության բացասական հետևանքներն են հոգեխոցվածքները: Դրանք առաջանում են հոգեխոցիչ բնույթի պատահույթի և մարդու կողմից այդ իրադարձության գնահատման փոխգործողության հետևանքով: Նշենք, որ մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել նաև հոգեկան ցնցում արտահայտությունը: Դա հոգեկան գործունեության ժամանակավոր կամ մշտական խախտումն է հոգեբանական շատ ուժեղ կամ նշանակալից գործոնների ազդեցության հետևանքով: Հոգեկան ցնցումը կրկնվելու կամ շատ խորը լինելու դեպքում կարող է հանգեցնել անձնավորության հոգեծին (հոգեբանական պայմանավորվածություն ունեցող) ախտաբանական փոփոխությունների: Հոգեծին փոփոխությունները կարող են առաջ բերել նաև հոգեմարմնային (պսիխոսոմատիկ) հիվանդագին փոփոխություններ:

– Ավելի առարկայորեն կարո՞ղ էիք ասել` ի՞նչ է հոգեխոցվածքը:

– Հոգեխոցվածքը դիտվում է որպես մեկանգամյա ուժեղ ապրումի հետևանքով առաջացած ցնցում, երկարատև գերլարվածությամբ պայմանավորված խանգարում, «Ես»-ը ճնշող ապրում, փոփոխություններ իր և այլ մարդկանց, շրջակա միջավայրի անխոցելիության զգայության մեջ, վստահության կորուստ այն բանի նկատմամբ, որ շրջապատող միջավայրը վտանգավոր չէ, որ սեփական անձը արժանի է հարգանքի, իսկ այլ մարդիկ` վստահության, կյանքի կարգավորվածության և համաչափության նկատմամբ հավատի կորուստ, անձնավորության` պատանեկան տարիներին ձևավորված հոգեբանական ամբողջականության խախտում:

– Իսկ ի՞նչ նկատի ունեիք` «էքստրեմալ գործոններ» ասելով:

– Էքստրեմալ գործոնները հիմնականում բնորոշ են մարտական իրադրությանը: Կյանքի համար սպառնալիքի պայմաններում (արկերի, ռումբերի և այլ մարտապաշարների պայթյուն և այլն) առաջանում են շոկային հակազդումային վիճակներ, մասնավորապես` սուր հոգեծին խանգարումներ: Նման վիճակներում գտնվող անձանց վարքը բնութագրվում է շրջակա իրադրությունում կողմնորոշվելու խախտմամբ, աննպատակությամբ, մարտադաշտը լքելու ցանկությամբ: Նրանք վախ են ապրում, այս ու այն կողմ են վազում, իսկ այդ ամենից իրենց հետ պահելու փորձի դեպքում էլ դիմադրում են: Նման աֆեկտաշոկային դրսևորումները կարող են շարունակվել մի քանի րոպեից մինչև 2-3 ժամ:

– Անձնակազմի շրջանում ի՞նչ չափով են սովորաբար տարածվում հոգեխոցվածքները:

– Առաջին չեչենական պատերազմի ավարտից հետո, օրինակ, մարտական գործողությունների գոտուց Լենինգրադի զինվորական օկրուգ դուրս բերված զորամասերում զինվորական հոգեբանների կողմից կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ զինծառայողների 62 %-ն ունեցել է սահմանային հոգեկան ծանրաբեռնվածություն, դրանց 78 %-ն ընդունակ չէր մարտի ընթացքում վարելու նշանառու կրակ: Անձնակազմի 92 %-ը մինչ մարտական գործողությունների սկիզբն ունեցել էր տարբեր աստիճանի լարվածություն, շարքային զինվորների և սերժանտների 80 %-ը և սպաների 60 %-ը եղել էին ստրեսային իրավիճակում, ինչը խոչընդոտում էր նրանց գործողությունների արդյունավետությանը:

– Փաստորեն, զինծառայողները զանգվածաբար ենթարկվել են հոգեխոցվածքների:

– Այո՛: Մարտական գործողությունների փորձը վկայում է, որ զորքերը ֆիզիկական կորուստների հետ մեկտեղ կրում են նաև զգալի հոգեծին կորուստներ: Այդ կորուստները կապված են զինծառայողների մարտական հոգեխոցվածքների հետ, որոնք, իրենց հերթին, հանգեցնում են հոգեկան գործունեության խանգարումների, մարտունակության լրիվ կամ մասնակի կորստի: Համաշխարհային վիճակագրական տվյալները ակնառու կերպով վկայում են մարտական օպերացիաներում հոգեբանական կորստի հետ կապված պրոբլեմի արդիականությունը:

– Հավանաբար հոգեծին կորուստները համեմատաբար նոր երևույթ են` կապված ժամանակակից մարտի յուրահատկությունների հետ:

– Թերևս այո՛: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորների մեջ հոգեկան խանգարումների թիվը առաջին աշխարհամարտի համեմատությամբ աճել է 300 %-ով: Ճիշտ է, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ախտորոշմանը ներկայացվող պահանջները 3-4 անգամ ավելի խիստ էին: Հոգեկան խանգարումների պատճառով ծառայությունից ազատվածների ընդհանուր թվաքանակը գերազանցում էր համալրողների թվաքանակը: Ըստ արտասահմանյան մասնագետների տվյալների` մարտական գործողություններին մասնակցած զինվորների 37,5 %-ը ուներ տարբեր հոգեկան խանգարումներ, այդ թվում նաև այնպիսիք, որոնք նույնիսկ որոշ ժամանակով նրանց թույլ չէին տալիս մասնակցելու մարտական գործողություններին:

– Դուք, փաստորեն, խոսում եք զուտ մարտական իրավիճակում առաջացած հոգեխոցվածքի մասին:

-Այո՛: Մարտական հոգեխոցվածք (ՄՀԽ) ասելով պետք է հասկանալ մեծ ուժգնության ապրում, որը պայմանավորված է մարտական իրադրության հոգեխոցիչ գործոնների կարճատև կամ երկարատև ներգործությամբ, ինչն էլ հանգեցնում է տարբեր աստիճանի ծանրությամբ հոգեկան խանգարումների: Մարտական իրադրության հիմնական հոգեխոցիչ գործոնը վտանգն է` սպառնալիքը կյանքին և ֆիզիկական առողջությանը: Վտանգի ընկալումը ամենաուժեղ հոգեխոցիչ գործոնն է: Այն առաջանում է այլ մարդկանց մահվան և վիրավորվածության սարսափելի պատկերների ազդեցությամբ:

– Ինչպե՞ս կարելի է դիմակայել այդ ազդեցությանը և զերծ մնալ հոգեխոցվածքից:

– Մարտում վախի զգացում ապրում է յուրաքանչյուր զինծառայող: Ոմանք կամքի ուժով այն ճնշում են, մինչդեռ մյուսները դա չեն կարողանում անել: Յուրաքանչյուր մարդ ունի իր «դիմացկունության» սահմանը: Մարտական հոգեխոցվածքի առաջացման հավանականությունը մեծապես պայմանավորված է մարդու անհատական-անձնային և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ինչպես նաև մարտական գործունեությանը հոգեբանական պատրաստության մակարդակով:

– Անհատական-անձնային ի՞նչ հատկություններ են նպաստում մարտական հոգեխոցվածքի առաջացմանը:

– Մարտական իրադրությունում գործունեության գիտակցված շարժառիթավորում չլինելը, շարժառիթների ոչ բավարար ձևավորվածությունը կամ հակասականությունը, մարտական գործունեության համար բացասական հուզական առանձնահատկությունների առկայությունը (չափից ավելի դյուրազգացություն, հուզական անկայունություն, անհավասարակշռվածություն), տագնապախռովությունը, ագրեսիվությունը, չափից մեծ հակվածությունը ռիսկի և այլն), մարտական իրադրությունում հարմարման ցածր ընդունակությունը, ինչը պայմանավորված է անբավարար փորձով (գիտելիքներով, կարողություններով և մասնագիտական ու հոգեբանական պատրաստման ընթացքում ձեռք բերված հմտություններով), հավակնությունների մակարդակի և անձնավորության ինքնագնահատման աստիճանի միջև անհամապատասխանությունը և այլն:

Կարելի է առանձնացնել զինծառայողների հոգեկան պրոցեսների և հոգեֆիզիոլոգիական հատկությունների` հոգեխոցվածության առաջացմանը նպաստող հետևյալ առանձնահատկությունները` ճանաչողական հոգեկան պրոցեսների (ուշադրություն, մտածողություն, հիշողություն և այլն) ոչ բավարար խորություն, ինչպես նաև առողջական վիճակով, դիմացկունությամբ, ֆիզիկական զարգացման մակարդակով պայմանավորված սակավ հարմարվողականություն, հիվանդացությամբ կամ ֆիզիոլոգիական պահանջմունքների անբավարարվածությամբ պայմանավորված ոչ բարեհաջող առողջական վիճակ:

– Փաստորեն, որոշ պայմաններում հոգեխոցման հավանականությունը մեծանում է:

– Իհարկե: Նման պայմանների շարքն են դասվում հոգեկան կամ ֆիզիկական հյուծվածությունը, գերհոգնածությունը, քնի խանգարումը (երկարատև հարկադրված արթունություն), հիվանդությունները, ալկոհոլի չարաշահումը, անելանելիության, ճնշվածության, իրադրության անորոշության զգացումը, կատարվող գործողությունների և հակառակորդի մասին տեղեկույթի հակասականությունը կամ անբավարարությունը:

– Ձեր ասածից բխում է, որ հոգեխոցվածքների հավանականությունը կարելի է նաև նվազեցնել:

– Այո՛, իհարկե: Հենց դրան էլ պետք է միտված լինի անձնակազմին ուղղված հոգեբանական աշխատանքը:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


18/04/2012