Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ... ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԸ
ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ… ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԸ

ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (1809-1865) համաշխարհային պատմության մեջ առավել սիրված և գնահատված քաղաքական գործիչներից է, որի անունը վաղուց դարձել է ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ:

Մասնագիտությամբ փաստաբան Ա. Լինքոլնը վաղ է մտել քաղաքականության ասպարեզ. 1830-ական թթ. նա Իլլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, ապա ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ էր: 1850-ականների վերջին, ազատական հայացքներով իր համախոհների հետ ձևավորելով Հանրապետական կուսակցությունը, նա ինքն էլ դարձավ այդ կուսակցությունից առաջադրված առաջին նախագահը:

Դառնալով նախագահ` Լինքոլնը սկսեց հետևողականորեն իրականացնել նախորոշված բարեփոխումների համալիր ծրագիրը` ստրկատիրության վերացում, ժողովրդի լայն զանգվածների քաղաքացիական իրավունքների ընդլայնում, ընտրական իրավունքի բարեփոխում և այլն:

Լինքոլնի նախագահության տարիները համընկան ԱՄՆ պատմության, թերևս, ամենածանր և ողբերգական ժամանակաշրջանի` Քաղաքացիական պատերազմի (1861-1865) հետ: Նրա ընտրությունից դժգոհ հարավային նահանգները հրապարակավ հայտարարեցին Միացյալ Նահանգների կազմից դուրս գալու և ինքնուրույն Համադաշնություն ստեղծելու մասին: Նախագահական երդման խոսքում Լինքոլնը ողջ ազգաբնակչությանը կոչ արեց համախմբման և Միության պահպանման, ինչը, սակայն, այլևս անկարող էր կանխել պատերազմի բռնկումը:

Ռազմական գործողությունները, սակայն, չխանգարեցին Լինքոլնին զբաղվելու երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներով: Նրա կառավարման տարիներին կառուցվեց սոցիալ-տնտեսական հույժ կարևոր նշանակություն ունեցող միջմայրցամաքային երկաթուղին դեպի Խաղաղ օվկիանոս: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում գործադիր իշխանության ամրապնդման խնդրին, նաև ագրարային հարցի լուծմանը, որն ի վերջո հանգեցրեց հողաբաժինների մասին օրենքի ընդունմանը (Հոմստեդ-արձանագրություն): 1862թ. ընդունվեց «Ստրուկների ազատագրման հռչակագիրը», որով ապստամբած տարածքների ստրուկները հայտարարվեցին «այժմ և ընդմիշտ» ազատ: Սա առաջին քայլն էր. 1865թ. երկրում ստրկության իսպառ վերացումը մեկընդմիշտ ամրագրվեց ԱՄՆ սահմանադրության մեջ:

Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ապա պատերազմի սկզբնական շրջանում դրանք անհաջող ընթացք ունեին կառավարական զորքերի համար: Սակայն շուտով Լինքոլնը, որն անձամբ էր ուղղորդում իր զորքերի գործողությունները, մի քանի վճռական քայլերի շնորհիվ` զինապարտություն, մահապատիժ` դավաճանության համար և այլն, կարողացավ շտկել անբարենպաստ իրավիճակը: Պատերազմական գործողություններում շրջադարձային նշանակություն ունեցավ 1863թ. Գեթիսբերգի եռօրյա արյունահեղ ճակատամարտը, որին զոհ գնացին ավելի քան 50 հազար ամերիկացիներ: Ճակատամարտում Համադաշնության բանակը ծանր պարտություն կրեց և նահանջեց: Սրան հետևեցին կառավարական զորքերի նոր հաղթանակները գեներալներ Գրանտի և Շերմանի գլխավորությամբ:

Ա.Լինքոլնը համաներում հայտարարեց ապստամբ բոլոր ռազմիկների համար, ստրկատիրությունից հրաժարվելու և Միացյալ Նահանգներին հավատարմության երդում տալու պայմանով: Բացառություն արվեց միայն Համադաշնության ինքնակոչ ղեկավարների համար: 1864թ. Լինքոլնը վերընտրվեց նախագահի պաշտոնում, չնայած շատերը խորհուրդ էին տալիս վերստին չառաջադրել իր թեկնածությունը` երկյուղ կրելով նրա անվտանգության համար, քանի որ պաշտոնավարման տարիների ընթացքում նա բազմաթիվ թշնամիներ էր վաստակել:

Երդման արարողության ժամանակ Լինքոլնը ամերիկյան ժողովրդին կոչ արեց միասնականության` հորդորելով զերծ մնալ վրեժխնդրությունից: «Ոչ մեկի հանդեպ քինախնդրություն չտածելով, ողորմածությամբ տոգորված, ճշմարտության հարցում անսասան` ամերիկացիները պետք է ամոքեն իրենց երկրի վերքերը, անեն ամեն հնարավորը, որպեսզի հաստատեն և պահպանեն արդարացի և կայուն խաղաղություն, խաղաղություն մեր տանը, նաև բոլոր երկրների միջև»:

Պատերազմն ավարտվեց 1865 թ. ապրիլի 9-ին. Համադաշնության գեներալ Լին ստորագրեց կապիտուլյացիայի արձանագրությունը: Իսկ հինգ օր անց` ապրիլի 14-ին, Ֆորդի թատրոնում հարավցիների կողմնակից դերասան Ջոն Բուտը «Իմ ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ սողոսկեց թատրոնի օթյակ և գնդակահարեց Ա. Լինքոլնին: Ա. Լինքոլնը դարձավ իր պաշտոնավարման օրոք սպանված ԱՄՆ առաջին նախագահը:

Ա. Լինքոլնը ակնառու ճարտասան էր, որի հրապարակային ելույթներն իրենց ամփոփ կառուցվածքով, միաժամանակ բովանդակային հագեցվածությամբ և լսարանի վրա ներազդելու բացառիկ ունակությամբ վաղուց դասական օրինակ են դարձել քաղաքական գործիչների համար:

Ասույթներ

Անգամ ամենալավ մարդը բավականաչափ լավը չէ, որպեսզի իրավունք ունենա կառավարելու մեկ այլ մարդու` առանց վերջինիս համաձայնության:
Ասույթը Ա. Լինքոլնի 1854թ. Իլլինոյսում ունեցած ելույթից է:

♦♦♦

Արդար գործի հաղթանակի համար անհրաժեշտ են ընտրական խաղաղ քվեներ, այլ ոչ թե մահաբեր գնդակներ:
Ա. Լինքոլնի` 1858թ. ելույթից վերցված այս ասույթը հաճախ օգտագործվում է նաև այլ տարբերակով. «Ընտրական քվեն ավելի ուժեղ է, քան գնդակը»:

♦♦♦

«Եթե մի տուն իր ներսում բաժանվի, ապա այդ տունը անկարող է դիմանալ»: Ես վստահ եմ, որ ներկա կառավարությունը չի կարող կայուն լինել` լինելով կիսով չափ ստրկատիրական, կիսով չափ` ազատ»:
Ասույթը, որի առաջին արտահայտությունը մեջբերում է Սուրբ Մարկոսի Ավետարանից, 1858թ. Լինքոլնի սփրինգֆիլդյան ելույթից է:

♦♦♦

Կարելի է մշտապես հիմարացնել ոմանց, կարելի է որոշ ժամանակ հիմարացնել շատերին, սակայն անկարելի է մշտապես հիմարացնել բոլորին:
Սույն ասույթը Լինքոլնի` 1858թ. Քլինթոնում արտասանած ելույթից է: Այն տարածված է նաև այլ տարբերակով. «Կարելի է որոշ ժամանակ խաբել ողջ ժողովրդին, կարելի է մշտապես խաբել ժողովրդի մի մասին, սակայն անկարելի է մշտապես խաբել մի ամբողջ ժողովրդի»:

♦♦♦

Այս գոտեմարտում իմ գերագույն նպատակը Միության փրկությունն է: Եթե ես կարողանայի փրկել Միությունը` չազատելով ոչ մի ստրուկի, ապա ես դա կանեի. եթե ես կարողանայի փրկել Միությունը` ազատելով բոլոր ստրուկներին, ապա ես դա կանեի. եթե ես կարողանայի փրկել Միությունը` ազատելով սոսկ նրանց մի մասին, ապա ես դա կանեի:
«Գոտեմարտ» ասելով` Ա. Լինքոլնը նկատի ունի քաղաքացիական պատերազմը:

♦♦♦

Որպես նախագահ` ես իրերին նայում եմ սոսկ սահմանադրության աչքերով. ես ձեզ չեմ տեսնում:
Այս արտահայտությունն ասվել է ի պատասխան Հարավային Կարոլինա նահանգի պատգամավորների որոշման` Միության կազմից դուրս գալու վերաբերյալ:

♦♦♦

Ազատություն շնորհելով ստրուկներին` մենք ապահովում ենք ազատների ազատությունը:
Ասույթը վերցված է 1862թ. նախագահի տարեկան ուղերձից կոնգրեսին:

♦♦♦

Ուրեմն այդ Դու՞ք եք` մի փոքրամարմին կին, որի գրած գիրքը առաջացրել է այսպիսի մեծ պատերազմ:
Լինքոլնի այս խոսքերը ուղղված են «Քեռի Թոմասի խրճիթը» գրքի հեղինակ Հարրիետ Բիչեր Սթոուին:

♦♦♦

Ժողովրդի կառավարությունը ժողովրդի մասնակցությամբ և հանուն ժողովրդի` այս երկրից երբեք չի վերանա:

Այս խոսքերը Ա. Լինքոլնի «Գեթիսբերգյան ելույթից» են, որը հնչել է 1863թ. նոյեմբերի 19-ին` Քաղաքացիական պատերազմի զոհերի ազգային գերեզմանոցի օծման արարողության ժամանակ: «Մենք պետք է հանդիսավորապես խոստանանք, որ այս զոհերն իզուր չեն, և ժողովրդի կառավարությունը ժողովրդի մասնակցությամբ և հանուն ժողովրդի այս երկրից երբեք չի վերանա»:

Ավելի ուշ` 1918թ. այս արտահայտությունը ամրագրվեց ԱՄՆ կոնգրեսի ընդունած «Ամերիկացու հավատամքի» մեջ:

♦♦♦

Ես չեմ պնդի, որ կառավարել եմ իրադարձությունները, բայց ազնվորեն խոստովանում եմ, որ իրադարձությունները կառավարել են ինձ:
Ա. Լինքոլնի` 1864թ. ապրիլին Ա. Հոջին հղած նամակից:

♦♦♦

Ձիերին գետը անցնելիս չեն փոխում:
Այս խոսքերն ասվել են 1864թ.` նախագահական ընտրարշավի ժամանակ, որն ընթանում էր քաղաքացիական պատերազմի թոհուբոհում: Ազգային միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Լինքոլնը մեջբերում է «հոլանդացի ծեր ագարակատիրոջ» արտաբերած խոսքերը:

♦♦♦

Հաստատել և պահպանել արդարացի և կայուն խաղաղություն, խաղաղություն մեր տանը, նաև՝ բոլոր երկրների միջև:
Ա. Լինքոլնի` 1865թ. մարտի 4-ին նախագահական պաշտոն ստանձնելիս արտասանած ելույթից: