Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ



Արկի բեկորը կտրել էր ձախ ձեռքը։ Երեկոյան կողմ Արամի աչքերը դժվարությամբ բացվեցին։ Կողքին բժիշկն էր, հարազատները։ Հայացքը դանդաղորեն շարժվեց նրանց դեմքերի վրայով ու եկավ քարացավ Աննայի դեմքին։ Հաճելի թմբիր էր պատել ամբողջ մարմնին, և նրա աչքերը ժպտում էին։ Հայացքը թեթևորեն գնաց սավառնեց հեռուները՝ իր հետ տանելով Աննային։

Հիմա նա կանգնել է Վանա լճին նայող մեծ ճգնավորի խուցի դեմ ու հայացքը՝ Վանա լճի կոհակներին, ձեռքի ջութակը անմեկնելի ու հոգեզմայլ մեղեդի է սփռում չորսբոլորը։ Մեղեդին տառապանք է ու նախնյաց կարոտ, քնքշանք է ու սեր։ Աննան ժպտում էր, նրա աչքերում տխրություն կար, բայց և ի վերջո հոգին ծվատող կասկածը ցնդել էր, անէացել, որովհետև իրենն էր այդ սերը՝ ջութակի լարերից տարածվող հոգեզմայլ այդ մեղեդին։ Աննան հայացքը Արամի ձախ թևին, վայելում էր աստվածային մեղեդին, ու Արամի անէացած, ժպտացող հայացքի դեմ գլորվում էին արցունքի խոշոր կաթիլներ, որոնք ասես մի վերջին անգամ փորձում էին ժխտել իրականն ու երազայինը, և Աննան ասես լսում էր Արամի՝ վաղուց երազած ջութակի համար գրված նոկտյուրնը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Հոգևոր-մշակութային


11/04/2012