Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ՛ ԴԱՏԻՐ



Ա. Մարդկանց վնասող բազմապատիկ չարիքներ սովորաբար առաջ են գալիս թյուր կասկածներից։ Իսկ արդ՝ կասկածը մտքի երկբայական դատումն է անորոշ ու ներընդունական իրողությունների ու խոսքերի վերաբերյալ, որոնք ո՛չ աներկբա ճշմարիտ են, ո՛չ էլ լիովին սուտ, որովհետև ինչ որ միտքն ընդունում է, այն դատում է ըստ իր կարողության։ Եթե միտքը պայծառացած է գիտության ու խոհեմության լույսով, ազատ է կանխակալությունից և զերծ՝ կրքերի ամբոխումից, չի սխալվում որևէ բան դատելիս. որովհետև չի հետևում երկբայական կասկածին, որ շատ անգամ սուտ է լինում, այլ հետևում է իր ստույգ ու բացահայտ ճանաչողությանը և ըստ տեղի, ժամանակի ու անձի պարագաների պահանջի արդարորեն է դատում։ Իսկ եթե միտքը զուրկ է գիտության ու խոհեմության լույսից, կա՛մ պաշարված է կանխակալությամբ, կա՛մ վարակված ինչ-ինչ մոլեկան կրքերով, այնժամ կասկածն ընդունվում է որպես աներկբա ճշմարտություն, դրան հակվում է նաև միտքը դատելիս, ինչին հետևում է և կամքը՝ սիրելիս կամ ատելիս։

Բ. Աննենգ ու պարզամիտ մարդիկ մեկի մասին դատելիս իրենց կասկածն ավելի շրջում են դեպի բարի կողմը, իսկ նենգավորներն ու խորամանկները՝ դեպի չարը։ Որովհետև մարդկանց հատուկ է իրենց նման ճանաչել ու համարել ուրիշներին և ըստ այդմ դատել նրանց խոսքերի ու գործերի մասին։

Ուստի պարզամիտներն արագ են խաբվում, որովհետև ամենքին հավատում են՝ կարծելով, թե ամենքը պարզամիտ են, իսկ խորամանկները ոչ ոքի չեն հավատում, և այս երկու ծայրերն էլ մոլեկան են։ Որովհետև ինչպես որ պատշաճ չէ ամենքին հավատալ, այդպես և պետք չէ ամենքին նենգավոր կարծել, այլ պետք է իրերի մասին արդարությամբ դատել, առանց աջ կամ ձախ խոտորվելու։

Գ. Ոմանք դատելիս տգիտության պատճառով են սխալվում և թերևս արժանի են ներման, բայց շատ են նրանք, ովքեր ատելությունից են չարաչար դատում ուրիշներին։ Չեն նայում գործողի մտադրությանը և ոչ էլ գործի էությանը, այլ կրքից մոլեգնելով՝ չար կասկածներ են ծնում, որոնցից առաջ են գալիս անխիղճ դատումներ։ Սրանք չեղած էլ են իբրև եղած տեսնում, սակավը շատացնում, փոքրը մեծացնում, խաղաղությունը խռովության փոխարկում, սերն ատելություն դարձնում։

Ուրիշների արած բոլոր բարիքները մարդիկ չար կասկածներով կարող են թյուրել, որով ոչ միայն ուրիշներին են խռովում, այլև իրենք են շարունակ խռովված աղմկում։ Եթե սրանք իրենց կասկածն ուղղեին դեպի բարի կողմը, կարող էին հասկանալ գործի էությունը կամ գործողի մտադրությունը, չէին հանդգնի անտեղի, մոլորաբար դատել, և չէր լինի այդքան գժտություն ու երկպառակություն սիրելիների կամ ազգատոհմի և կամ ընտանիքի մեջ։

Որովհետև ահա ամեն օր տեսնում ենք, որ ունայն ու սխալ կասկածների պատճառով ամուսինն իր կնոջից, կինն ամուսնուց, եղբայրը եղբորից, բարեկամը բարեկամից բողոքում են դատելով։ Սրանցից ոմանք, անցնելով մարդկայնության սահմանը, անագորույն մտքով միմյանց մատնում են հոգու ու մարմնի զանազան վնասների։

Դ. Սխալ կասկածից ծնված չարաչար դատումը եղավ ու միշտ կլինի քաղաքների կործանման, անմեղ արյան հեղման, հանիրավի տարագրության, անհաշտ խռովության և այլ բազում վնասների ու թշվառությունների պատճառ։ Վերջապես ասեմ, որ աշխարհում չկան այնպիսի մեծամեծ չարիքներ, որ առաջ չգան երկբայական ու չար կասկածներից։

Ո՛վ չար ու սխալ կասկած, մարդկային կյանքի խոշտանգիչ ու խաղաղության թշնամի, որ քողարկվում ու թաքնվում ես բոլոր մոլորությունների մեջ և չարաչար տանջում մարդկային ցեղը։

Ե. Հպարտը, լսելով կամ տեսնելով ուրիշների գործերը, չի խոնարհվում քննելու ստույգը, այլ համարում է այնպես, ինչպես կամենում է, և այսպես ընկնում չար կասկածների ու դատումների մեջ և արհամարհում ուրիշներին։

Զ. Նախանձողը, տեսնելով ուրիշների բարիքները, նախանձի կրքով բորբոքվելով, հնոցի պես վառվում ու չարաչար կասկածներով դատում է, թե՝ «Անարժա՛ն են նրանք այն բարիքներին, որ վայելում են»։

Է. Բարկացողը, սրտմտության կրքից կուրացած, չի կարողանում շրջահայաց լինել և լսածն ու տեսածը ճշտել, այլ արագորեն կասկածում է, թե այդ ամենն իրեն հակառակ ու վնասակար է։

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Հոգևոր-մշակութային


11/04/2012