Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳՕԳՈՒՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ



Հայտնի է, որ թուրք սուլթաններն աչքի էին ընկնում արտասովոր որկրամոլությամբ։ Համեղ խորտիկների ազդեցության տակ նրանք կարող էին բազում շնորհներ անել իրենց հաճույք պարգեւած հպատակներին եւ հակառակը, կառափնարան կամ աքսոր ուղարկել տհաճություն պատճառածներին։

…Օսմանյան կայսրության մեջ բարենորոգումների ծրագրի հեղինակ սուլթան Մահմուդ Երկրորդը, չնչին զանցանքի համար, Կեսարիո Սուրբ Կարապետ վանքն էր աքսորել Տուզյան ամիրայական ընտանիքը։ Սուլթանի հավատարիմ հպատակներից մեկը՝ Հարություն ամիրա Պեզճյանը, ձգտում էր ամեն կերպ օգնել շնորհազրկված իր գործընկերոջը։

Մի անգամ, խնջույքի ժամանակ, Սուլթան Մահմուդն սկսեց գովել Կեսարիայից ստացված ընտիր մսապուխտը։

-Կեսարիայեն Ձեր Տուզյան ծառաները ղրկած են,- իսկույն վրա բերեց Պեզճյան ամիրան։

Մի պահ բոլորը լռեցին։ Չէ՞ որ շնորհազրկվածի անունն անգամ տալը մահացու վտանգ էր։ Սակայն, լավ տրամադրության մեջ, սուլթան Մահմուդը հրամայեց.

-Ներեցի, Տուզյանները կարող են գալ Ստամբուլ։

…Օրեր անց Տուզյան ընտանիքի նահապետը կանգնած էր սուլթանի առջեւ։

-Խոսի՛ր եւ ուզածդ կստանաս, -հրամայեց սուլթանը։

Բոլորը կարծում էին, որ Տուզյանը ետ կխնդրի իր ծովահայաց շքեղ ապարանքն ու իր նախկին իրավունքները։ Սակայն վերջինիս խնդրանքը զարմանք պատճառեց բոլորին։

-Ողորմած տեր, խնդրում եմ, որ հայոց եկեղեցիների դռները առաջվա նման լինեն մարդահասակ։

Հարյուր տարուց ավելի էր, որ սուլթանական հրամանով հայ եկեղեցիների դռները վերակառուցվում էին այնպես, որ յուրաքանչյուր այցելու միայն խոնարհվելով կարողանա ներս մտնել։ Դա արվել էր մի նպատակով, որ սուլթանի հայ հպատակները սովորեն խոնարհվել, ու երբեք նրանց չլքի նվաստացման զգացումը։

-Թող կատարվի Տուզյան ամիրայի ցանկությունը,□ հրամայեց սուլթանը,□ նրան վերադարձրեք նաեւ իր նախկին ապարանքը։

Տուզյանները հետագայում եւս բազում ծառայություններ մատուցեցին Օսմանյան կայսրությանը։ Սակայն դա ամենեւին էլ չխանգարեց սուլթան Մահմուդին, որ նա 1819-ին հրամայի գլխատել բանսարկության զոհ դարձած Տուզյան գերդաստանի բոլոր տղամարդկանց։

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Պատմության էջերից


04/04/2012