Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՕՐ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՕՐ

Մայոր Ռուստամ Խաչատրյանը նախապատրաստվում էր հաջորդ օրվա մարզումային թռիչքին։ Նա զորամասի փորձառու սպաներից է։ Ավարտելով մայրաքաղաքի N11 միջնակարգ դպրոցը, ընդունվել եւ ավարտել է նորաստեղծ թռիչքատեխնիկական ռազմական ուսումնարանը։ 2011թ. ուսումնական տարին նրա համար շատ արդյունավետ էր։ Մասնակցել է բոլոր զորավարժություններին, զորահանդեսներին, պարգևատրվել «Նելսոն Ստեփանյան» մեդալով։

-Վերջին շրջանում թռչում եմ էսկադրիլիայի օդաչու-օպերատոր լեյտենանտ Հովհաննես Ներսիսյանի հետ։ Նա երկու տարի առաջ է ավարտել ուսումը և սկսել ծառայությունը։ Շատ բանիմաց օդաչու է, լիովին վստահում ենք նրան,- ասաց Ռուստամը։

Գնդապետ Ս. Սիանոսյանի հրամանատարությամբ գործող ավիացիոն զորամասը 2011թ. կրկին ճանաչվեց լավագույնը զորատեսակի կազմում և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով երրորդ անգամ անընդմեջ պարգևատրվեց պատվադրոշով։

Էսկադրիլիաների անձնակազմերը, տեսական և գործնական պարապմունքներ անցկացնելով, նախապատրաստվում էին գործնականին՝ վարժական թռիչքներին։ Մի-24 մարտական ուղղաթիռային էսկադրիլիան արդեն չորրորդ անգամ է զորամասի կազմում ճանաչվում լավագույնը։ Էսկադրիլիայի անձնակազմերը յուրաքանչյուր ուսումնական տարի բազմաթիվ կարևոր առաջադրանքներ են կատարում, զորավարժությունների, մարզումների ընթացքում կատարելագործում իրենց վարպետությունը, փորձարկում զորատեսակի հրամանատարական կազմի մարտավարական մտահղացումներն ու ծրագրերը։

Մասնագիտական լսարանում պարապմունքը ղեկավարում էր մայոր Ս. Սահակյանը։ Օդաչուները տարբեր խնդիրներ էին կատարում, գծապատկերներով ցույց տալիս առաջադրանքների իրականացման ընթացքը։

-Տեսական պարապմունքից հետո անցկացնելու ենք նաև գործնական պարապմունք։ Շատ կարևոր է, որ թռիչքից առաջ օդաչուները ոչ միայն ստուգեն մարտական մեքենաների առանձին հանգույցների աշխատանքը, այլև վարժասարքերի և ուղղաթիռների վրա նմանակումներ անելով ճշտեն իրենց անելիքները, առաջիկա թռիչքի մանրամասները։ Օրվա վերջում բոլորս ստուգարքներ ենք հանձնելու անձամբ հրամանատարին։ Եթե որևէ մեկի պատասխանը չի գոհացնում հրամանատարին, նա զրկվում է թռիչքի իրավունքից։ Միաժամանակ, յուրաքանչյուր ամսվա ընթացքում ունենում ենք հրամանատարական պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքում նույնպես ուսումնասիրվում են մասնագիտական խնդիրներ։ Էսկադրիլիայի համար 2011թ. ուսումնական տարին բավական արդյունավետ էր։ Մասնակցեցինք մի շարք զորավարժությունների և, որ ամենակարևորն է, մեր երկրի անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսին։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Մինչ թռիչքահրապարակում կսկսվեին գործնական պարապմունքները, հասցրինք զրուցել զորամասի հրամանատար գնդապետ Ս. Սիանոսյանի հետ։ Նշենք, որ նա օդաչուների այս մարտունակ անձնակազմի ղեկավարումը ստանձնեց վեց տարի առաջ։ Սկզբում դժվարությունները քիչ չէին։ Միշտ ինչ-որ մի բան խանգարում էր լավագույնը դառնալու ճանապարհին։ Սակայն գնդապետը լավատես էր և համառ, գիտեր, որ հետևողական աշխատանքը տալու է ցանկալի արդյունքը։

-Անցած տարվա ծրագիրը կատարել ենք ամբողջությամբ,- ասաց նա։ -Մեր մասնակցությամբ տեղի են ունեցել զորավարժություններ, որոնց ընթացքում կատարել ենք նախատեսված քանակով հրաձգություններ։ Զորահանդեսի նախապատրաստության և անցկացման ողջ ընթացքը 2011թ. մարտական պատրաստության ծրագրի կարևոր մասն էր, և մեր ժողովուրդը տեսավ, թե ինչ բարդ թռիչքներ կարող են կատարել մեր օդաչուները։ Անձնակազմերն իրենց հմտությունը ցուցաբերեցին նաև Հետախույզի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Ընդհանրապես, անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք շատ լավ ենք համագործակցում ինչպես ՀՕՊ զորքերի, այնպես էլ մյուս զորատեսակների հետ։ Ուսումնական տարվա ամփոփիչ քննությունները հանձնեցինք հաջողությամբ։ Չնայած եղանակը բարենպաստ չէր, բայց 2012թ. ուսումնական տարին նույնպես լավ սկսեցինք։ Մի շարք երիտասարդ օդաչուներ, եղանակային բարդ պայմաններում անհրաժեշտ թռիչքներ կատարելով, հանձնեցին նախատեսված քննությունները և ավելի բարձր որակավորում ստացան։ 2011թ. ընթացքում նույնպես անցկացվել են որակավորման քննություններ, և առաջին ու երկրորդ կարգի ռազմական օդաչուների որակավորում են ստացել մի խումբ օդաչուներ։ Երիտասարդներից պատրաստում ենք նաև մարտական օդաչուների հրամանատարներ։ Ընդհանրապես, սերնդափոխությունը շատ սահուն է ընթանում։ Փորձառուներից շատերն անցնում են վարչական աշխատանքի։ Տարիքով ավելի մեծերն էլ, օրենքի համաձայն, զորացրվում են՝ տեղերը զիջելով երիտասարդներին։ Կարևորն այն է, որ ապահովվածությունը՝ իրային, պարենային, ինչպես նաև սպասարկումը բավական լավ հիմքերի վրա է։ Մարտի տասին զորամաս էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և համապատասխան ծառայություններին հանձնարարել շինարարության ծրագրի մեջ ներառել նոր ճաշարանի, բուժկետի և մարտական հերթապահության տնակի կառուցումը։ Անցած տարում բնակարան է ստացել զորամասի վեց սպա։ Այս տարվա ուսումնական ծրագիրը նույնպես բովանդակալից է ու հետաքրիր։ Մասնավորապես՝ մասնակցելու ենք Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված զորահանդեսին և ՀԱՊԿ երկրների արագ արձագանքման զորքերի համատեղ զորավարժությանը, որն անցկացվելու է մեր երկրում։

2011թ. զորամասի ձեռքբերումների մեջ իրենց նշանակալի ավանդն ունեն փոխգնդապետ Կ. Պապոյանը, մայոր Վ. Սարգսյանը, փոխգնդապետ Բ. Խաչատրյանը, փոխգնդապետ Է. Գեոգջանյանը եւ այլք։ Այս բոլոր զինծառայողները խրախուսվել են, պարգևատրվել գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով կամ էլ դրամական պարգևներով։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Ուղղաթիռների մոտ սկսվել էին նախապատրաստական օրվա գործնական պարապմունքները։ Կողային տեխնիկներ, ավագ լեյտենանտներ Վյաչեսլավ Ջիվանյանը և Գևորգ Սահակյանը ստուգում էին առանձին հանգույցների աշխատանքը։ Նրանց օգնում էին լեյտենանտներ Գևորգ Սողոյանը և Սարգիս Ղազարյանը։

-Բոլորն էլ արդեն ինքնուրույն թռիչքներ են կատարում, և մենք լիովին վստահում ենք նրանց,- ասաց մայոր Ս. Սահակյանը։

Նա հատկապես առանձնացրեց լեյտենանտ Ս. Ղազարյանին.

-Չափազանց լավ պատրաստված սպա է, ոսկե մեդալով է ավարտել մարշալ Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտը։

-Դպրոցը նույնպե՞ս,- հարցրինք Սարգսին։

-Սովորել եմ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անվան անգլերեն թեքումով դպրոցում։ Լավ էի սովորում, բայց գերազանցիկ չէի, ինստիտուտում սկսեցի ավելի լավ սովորել։ Լավ մասնագետ դառնալու ցանկությունս մեծ էր և աշխատում էի կրկնապատկված եռանդով։

ՄԻ -8

Մարտական ուղղաթիռային Մի-8 էսկադրիլիայի թռիչքահրապարակներում նույնպես պարապմունքներ, տեխնիկական սպասարկման աշխատանքներ էին ընթանում։ Մոտեցանք ուղղաթիռներից մեկին։ Ուղղաթիռների և շարժիչների սպասարկման խումբը, մայոր Ն. Ղազարյանի ղեկավարությամբ, մեքենայի «ցեպ գայլան» էր փոխում։

-Շահագործման ժամկետը լրացել է, և փոխարինում ենք նորով,- պարզաբանեց մայոր Ն. Ղազարյանը։

Հետևելով վարժ, ինքնավստահ գործողություններին, մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր մասնագետները, օդաչուները, իրոք, շատ լավն են, և նրանց համար չկան անհաղթահարելի խնդիրներ։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան