Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
70 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔ
70 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔ

Լրանում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԷԼՄԻՐԱ ՀԵՔԵՔՅԱՆԻ աշխատանքային գործունեության 70-ամյակը։

-Տիկին Հեքեքյան, թերևս քչերը բախտ կունենան հպարտանալու, որ 70 տարվա աշխատանքային կենսագրություն ունեն։ Եվ ես ցանկանում եմ, որ այս զրույցի շրջանակում անդրադառնանք բացառապես Ձեր 70 տարիների գործունեությանը։

– Այսպես սկսվեց… Պատահաբար լսեցի մի խոսակցություն, որը ցնցեց ինձ (13 տարեկան էի այդ ժամանակ)։ Մորեղբայրս՝ հանրահռչակ ճարտարապետ Կարո Հալաբյանը, մայրիկիս և իր մյուս ազգականների հետ զրուցում էր վերահաս պատերազմի մասին ու շշուկով պատմում էր, որ, ըստ թուրքական «Բոզքուրդ» (գորշ գայլ) ամսագրի, թուրքերը մեծ հույսեր են կապում Երկրորդ աշխարհամարտի հետ, երազելով ավարտին հասցնել հայերի բնաջնջման ծրագիրը։ Հաջորդ օրը գնացի զինկոմիսարիատ և խնդրեցի ինձ ճակատ ուղարկել։ Զինկոմիսարը, իհարկե, հրաժարվեց՝ ասելով, որ ես ծույլ աղջիկ եմ և խուսափում եմ դասերից։ Հաջորդ օրը ես զինկոմիսարիատ ներկայացա ութնամյա դպրոցի և երաժշտական դպրոցի վկայականներով, որտեղ միայն գերազանց գնահատականներ էին… Զինկոմիսարը կանչեց մայրիկիս։ Մայրս ասաց, որ ինքը հպարտանում է ինձնով ու պատրաստ է ինձ հետ միասին մեկնելու ճակատ։ Մենք հայտնվեցինք ԽՍՀՄ ժողկոմի հատուկ կարևորության պաշտպանական նշանակության օբյեկտում։ Առավոտից իրիկուն մատները կապտելու աստիճան շփում էինք հին ականները և նորոգում արկերը։ Արկերը ծանր էին, ու ես վնասեցի ձեռքս։ Ինձ տեղափոխեցին հոսպիտալ։ Հետո ես ընդունվեցի բժշկական ուսումնարան և սկսեցի աշխատել հոսպիտալում։ Ցերեկը խնամում էի վիրավորներին, իսկ երեկոները ակորդեոն էի նվագում նրանց համար…

-Պատերազմից հետո մի քանի տարի եղել եք ադրբեջանական մի քանի գյուղերի միակ բուժաշխատողը։ Փաստորեն, ռեժիսոր լինելուց բացի նաև բուժքույր եք։

– Ադրբեջանցիներին բժշկական օգնություն ցուցաբերելը, բնականաբար, կյանքիս երազանքը չէր, ու ես դրանից հետո եկա Կիրովաբադ և սկսեցի ուսումնառել դերասանական ստուդիայում։ Իմ կյանքի լավագույն պահերից են շփումները մեծն Վահրամ Փափազյանի հետ. ես խաղացել եմ նրա դստեր՝ Էմմայի դերը «Ոճրագործի ընտանիքը» պիեսում։ Վահրամ Փափազյանը փառահեղ արտիստ էր ու շքեղ անհատականություն։ Բայց ես չկարողացա երկար վայելել սիրած մասնագիտությամբ աշխատելու հաճույքը. Բաքվի հայկական թատրոնը փակեցին, ու ես մեկնեցի Մոսկվա, ցանկանալով ուսանել տեղի կրթօջախներից մեկում։ Բայց որոշ ժամանակ անց Կարո Հալաբյանի խորհրդով եկա հայրենիք և ընդունվեցի գեղարվեստական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Սովորելուն զուգընթաց ես միշտ աշխատել եմ, թեև դա չի խանգարել, որ լինեմ անվանական թոշակառու և բուհի կոմերիտմիության քարտուղարը…

-Ես լսել եմ մի դիպվածի մասին, երբ քննության ժամանակ դժգոհել եք խորհրդային իշխանությունից և պատժվել եք…

-Մարքսիզմ-լենինիզմի քննության ժամանակ էր, ասացի, որ դժգոհ եմ Հայաստանի հանդեպ ԽՍՀՄ իշխանության վարած քաղաքականությունից։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Մալյանը ապշել էր… Ես՝ անվանական թոշակառու ուսանողս, այդ քննությունից բավարար ստացա և զրկվեցի գերազանցության դիպլոմից։

-Ձեր բեմադրած «Սերը լուսաբացին» ներկայացումը ճանաչվեց թատերաշրջանի լավագույն ներկայացումը, երբ տակավին նոր էիք ավարտել բուհը։ Թվում էր՝ դրանից հետո ոչ մի գնով չեք հրաժարվի թատրոնի ռեժիսորի աշխատանքից։

-Այդ ներկայացման մեջ խաղում էին այնպիսի տաղանդավոր դերասաններ, ինչպիսիք են Լևոն Հարությունյանը, Հրանուշ Բաբաջանյանը։ Եվ ներկայացումն աննախադեպ հաջողություն ունեցավ։ Ես ոչ պակաս հաջողված ներկայացումներ եմ բեմադրել Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում աշխատելիս։ Սակայն անսացի հայկական հեռուստատեսության տնօրեն Կագրամանովի հորդորին և միացա հանրային հեռուստատեսության հիմնադիրների փոքրիկ խմբին։

-Տիկին Հեքեքյան, նախքան հայկական հեռուստատեսությունում Ձեր 45-ամյա աշխատանքային գործունեության մանրամասներին անդրադառնալը, ցանկանում եմ հարցնել՝ ո՞րն է եղել Ձեր գլխավոր առաքելությունը հայկական հեռուստատեսությունում…

-45 տարի շարունակ ես քարոզել եմ ազգասիրություն, հայրենապաշտություն, արթնացրել եմ սեր գեղեցիկի հանդեպ և բարոյական ըմբռնումների իմ մոդելն եմ հաղորդել լսարանին։

-Խորհրդային տարիներին՝ ազգայինի քարո՞զ… Գուցե Դուք ազգ ասելով նկատի ունեք, այսպես կոչված, «խորհրդային» ժողովրդին…

-Ո՛չ, ազգ ասելով ես նկատի ունեմ հայ ժողովրդին։ Իմ հեղինակած հաղորդաշարերից «Մեկ դերասանի թատրոնը» ներկայացնում էր այնպիսի հայ մտավորականների, ինչպիսին էր Հովհաննես Թումանյանը։ Համադրական արվեստի նմուշ «Անուշի կերպարը հայ արվեստում» հաղորդմանը մասնակցում էին Գոհար Գասպարյանը, Սուրեն Քոչարյանը, Գրիգոր Խանջյանը, որոնք արդեն իսկ ազգայինի խորհրդանիշ էին ու ազգային արժեք… Նույնիսկ «Շախմատային այբուբենը» ազգային ենթատեքստ ուներ, որը համադրում էր հայ թատրոնի, կինոյի և երաժշտության բացառիկ գեղեցկությունը։ Հայոց պատմության կերպարները (որպես շախմատային ֆիգուրներ) ոգեկոչում էին մեր փառահեղ անցյալը և դառնում խիզախության ու հզորության ակունք։ Նույնիսկ հեռուստախոհանոցը («Ձեզ համար կանայք») զերծ չէր ազգային ենթատեքստից։ Սկսած ամենափոքր դետալներից՝ ամեն ինչ ազգային էր ու հայկական։ Օրինակ՝ մենք պատրաստում էինք Արցախի գաթա… Արցախյան տարազով, երաժշտությամբ, բառուբանով… «Հայ թատրոնի զարգացման ուղիները» հաղորդաշարը նորաստեղծ հայկական հեռուստատեսության առաջին անդրադարձն էր հայ բեմարվեստին: «Գեղեցիկի աշխարհում» հանդեսը եթեր հեռարձակվեց 12 տարի… Ես հեղինակել եմ բազմաթիվ հաղորդումներ, որոնց վերնագրերի թվարկումն իսկ խոսում է նրանց հայրենասիրական բնույթի մասին՝ «Դեպի Երկիր», «Մկրտիչ Ջանան», «Վահան Թոթովենց», «Գարեգին Նժդեհ», «Խաչքարեր», «Շահանդուխտ Սյունեցի», «Արքա թութ»…

-Ձեր սերնդակիցները չեն մոռացել Ձեր հեղինակած բազմաթիվ կինոակնարկները և փաստագրական ֆիլմերը, որոնք Հայաստան են բերել առաջին միջազգային դափնիները Պրահայից, Մոսկվայից…

-Ես չեմ մոռացել նաև մանուկներին և բազմաթիվ հետաքրքրաշարժ և ուսանելի հաղորդաշարեր եմ ստեղծել նրանց համար։ Կցանկանայի նշել նաև «Անտիկ և միջնադարյան դրամատուրգիայի թատրոնը», որտեղ ներկայացվեցին համաշխարհային դրամատուրգիայի 10-ից ավելի նմուշներ՝ Էվրիպիդես, Արիստոֆան, Մաքիավելի… և Ջորդանո Բրունոյի՝ մինչ այդ անհայտ «Մոմակալ» կատակերգությունը։

-Ձեր կենսագրությանը ծանոթանալիս տեղեկացա, որ եղել եք գիտական և ուսումնական հաղորդումների խմբագրության, ապա «Հանրապետություն» ստեղծագործական միավորման, ինչպես նաև պրոպագանդայի գլխավոր խմբագրության գլխավոր ռեժիսորը… Ի՞նչ էիք պրոպագանդում…

-Այդ տարիներին ստեղծել եմ «Հասմիկ» հանդեսը, որը 11 տարի եթերում էր, «Մարդիկ, կենցաղ, բարքեր», «Մեր տան պատիվը», «Խոտի բույրը», «Մարդը և օրենքը», «Ձեր այգին» և բազմաթիվ այլ հաղորդումները… պրոպագանդում էինք հայ աշխատավոր մարդուն, մեծարում էինք արդար աշխատանքը, ազնվությունը, հայրենիքը շենացնելու պատրաստակամությունը, բարոյականություն էինք քարոզում…

1982-ից եղել եմ ՀՀ հեռուստառադիոյի կամերային երգչախմբի ռեժիսորը և նկարահանել եմ երկու տասնյակից ավելի ֆիլմեր։ Այդ տարիներին կամերային երգչախումբը միջազգային մրցույթ-փառատոնում շահեց առաջին գլխավոր մրցանակն ու ոսկե մեդալը…

-Դուք 17 տարեկանից սկսել եք Ձեր մանկավարժական գործունեությունը և շարունակում եք մինչ օրս։ Այսինքն՝ 65 տարի դասավանդել եք տարբեր սերունդների. ի՞նչ է փոխվել այդ տարիների ընթացքում երիտասարդ սերնդի նկարագրում։

– Դասավանդել եմ հանրակրթական դպրոցում, գեղարվեստի պետական ինստիտուտում, պարարվեստի ուսումնարանում, մանկավարժական-երաժշտական ուսումնարանում, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում… Դասավանդել եմ ռուսաց լեզու և գրականություն, համաշխարհային թատրոնի պատմություն, լեզվի կուլտուրա և դերասանի վարպետություն, բեմական խոսք։ Իսկ այսօր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի սաներին դասավանդում եմ էթիկա և գեղագիտություն։

Երիտասարդ սերունդը շատ ավելի խելացի է, զարգացած, ազատ, գործունյա… Փոքր-ինչ պակասել է զգացմունքայնությունը։ Երիտասարդ սերունդը ավելի պրագմատիկ է։ Երազանքներին փոխարինել են նպատակները… Դա և՛ լավ է, և՛ վատ…

-Դուք աշխատել եք նաև անկախ Հայաստանի հեռուստատեսությունում… Ես հիշում եմ Ձեր հեղինակած «Թատերական մանրանվագներ», «Մուշեղ Իշխան», «Ֆիդայիներ» հաղորդումները, որոնք մեծ հուզական լիցք ունեին և թարմ շունչ էին բերում…

– Հայկական հեռուստատեսությունում աշխատել եմ մինչև 2000 թվականը և երջանիկ եմ, որ կարողացել եմ իմ ներդրումն ունենալ նաև մեր նորանկախ երկրի հեռուստատեսության զարգացման գործում։

– Չեմ կարող չհիշել Ձեր գործունեությունը երկրաշարժի օրերին և Արցախյան պատերազմի տարիներին։ Երբ Դուք օգնում էիք աղետյալներին և՛ ֆինանսապես, և՛ բարոյապես… Չեմ կարող չհիշել, որ պաշտպանության նախարարության երեք կրթօջախներին դաշնամուր եք նվիրել և ազգային բանակի լավագույն բարեկամներից եք։

-Բանակը մեր պետականության ամենակարևոր կառույցն է ոչ միայն այն պատճառով, որ նա անխախտ է պահում մեր երկրի սահմանները… Բանակով է անցնում մեր ազգի յուրաքանչյուր տղամարդ՝ կրելով բանակի գաղափարախոսությունը, բարոյականությունն ու արժեքները… Բոլորս պիտի թիկունք լինենք բանակին։ Օգնենք, որ բանակը հասարակություն ուղարկի հիրավի ոգեղեն, քաջասիրտ, արժանապատիվ ու հայրենասեր հայորդիներ։

-Ես չեմ կարող թվել Ձեր բոլոր շքանշանները, մեդալները, պատվոգրերը… Դուք մի քանի ակադեմիաների ակադեմիկոս եք… Ձեզ վարձատրվա՞ծ եք զգում…

– Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ, անհամեստություն չլինի, քիչ գործ չեմ արել, և հենց դա էլ ինքնաբավարարվածության զգացողություն է հաղորդում ինձ։

-Շնորհավորում եմ Ձեզ աշխատանքային գործունեության 70-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ երկարատև տարիների գործունեություն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ