Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ



ԻՆՉՊԵՍ ԵՆ «ՁԵՌՆԱՍՈՒՆ» ԴԱՐՁՐԵԼ ԱԼԻԵՎԻՆ

Զարմանալի է, որ մարտի սկզբին ադրբեջանական Գուբա քաղաքում բռնկված խռովությունը միանգամայն անսպասելի էր Ալիևի իշխանության համար: Փորձագետներն իրավացիորեն նկատում են, որ միանգամից 10000 մարդու իշխանության դեմ հանելը այսօրվա Ադրբեջանում անպատկերացնելի է: Դժվար է ընկալել նաև բացատրությունը, թե մարդիկ վիրավորվել են վարչական շրջանի այժմ արդեն նախկին ղեկավար Հաբիբովի ասածից, թե՝ «տեղացիներն իրենց վաճառել են»: Մի՞թե այդ խոսքի պատճառով շրջկենտրոնում տարերայնորեն կհավաքվեին հազարավոր մարդիկ: Ավելի տրամաբանական չէ՞ ենթադրել, որ գործի են դրվել տեղի բնակչության՝ լեռնային հրեաներին բնորոշ կազմակերպչական ներքին լծակները, որոնց արդյունավետությունը փորձարկված է դարերի ընթացքում:

Այլ հարց է՝ ինչի՞ համար: Հենց միայն այն, որ Իլհամ Ալիևը Բաքվից շտապեց Գուբա, ցույց է տալիս նրա անհանգստության աստիճանը: Կատակ բան չէ՝ ամպրոպ ջինջ երկնքում: Սպառնալիք իշխանությանը: Եթե խռովության պատճառը դժգոհությունն է Ադրբեջանի կլանային համակարգից, սոցիալական ծանր վիճակից, իշխանության կամայականություններից, ինչպես փորձագետներն են նշում, ապա Ադրբեջանում որտե՞ղ չկա այդ ամենը: Ուրեմն ի՞նչ՝ ամենուրեք հնարավոր է խռովությո՞ւն: Արաբական հեղափոխությունների փորձը ցույց է տալիս, որ բռնատիրական վարչակարգերում բռնկված ցանկացած հուզում կարող է վերածվել ներքաղաքական հեղաշրջման: Հենց սրանից է վախենում Ալիևը: Եւ ամենևին նշանակություն չունի, որ խռովարարները ցույցի էին ելել Ադրբեջանի դրոշներով և վանկարկում էին նրա անունը. ամբոխի շուրթերին անունները հեշտությամբ են փոխվում, իսկ դրոշները վկայում են միայն կազմակերպիչների հեռատեսությունը:

Քաղաքագետների ենթադրություններից մեկն էլ այն էր, որ լեռնային հրեաները ոտքի են ելել ոչ առանց Իսրայելից ստացած ազդանշանի: Ենթադրությունը տրամաբանական է և կարիք ունի լրացվելու միայն «ի՞նչն էր նպատակը» հարցի պատասխանով: Արդյոք հենց Ալիևին վախեցնե՞լը չէր նպատակը, որպեսզի նա հակաիրանական ճամբար անցնելուց առաջ երկմտանքի ավելորդ ժամեր չկորցնի և մտածի միայն իր իշխանության ճակատագրի մասին: Իշխանություն, որ անսասան է թվում միայն առաջին հայացքից և կարող է խարխլվել դրսից ստացված առաջին իսկ հրահանգով:

Կատարվածն արդեն իսկ անցանկալի նախադեպ է իշխանության համար. ժողովուրդը տեսավ, որ առաջին իսկ զանգվածային ցույցի արդյունքում պաշտոնից հեռացվեց իշխանության դրածոն: Հեյդար Ալիևի օրոք դժվար էր նման բան պատկերացնելը, իսկ Ալիև կրտսերի դիրքերը, ուրեմն այնքան էլ ամուր չեն: Դրանք թուլացնելու ուղղությամբ հատուկ աշխատանք էլ է տարվում, ինչպես, օրինակ, «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի ռեպորտաժները, որոնք բացահայտում են նախագահ Իլհամ Ալիևի օֆշորային բիզնեսի գաղտնիքը: Իսկ ի՞նչ ասենք Եվրոպայի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Գրահամ Վաթսոնի հայտարարության մասին. նա, դիմելով «Եվրատեսիլ-2012»-ի կազմակերպիչներին, կոչ է արել բոյկոտել մայիսին Բաքվում անցկացվելիք մրցույթը: «Այն դեպքում, երբ աշխարհը պատրաստվում է Ադրբեջանում նշել այդ ուրախ իրադարձությունը, լիբերալներն ու դեմոկրատները Եվրոպային կոչ են անում հիշել Ադրբեջանում առկա վախի մթնոլորտը,- ասել է Վաթսոնը: – Եթե ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա իրենց կարծիքը հասարակությանը ներկայացնելու համար ձերբակալված մարդիկ կան, ապա ինչպե՞ս կարող եք դուք ուրախ և բաց սրտով սիրո և ազատության մասին երգեր երգել»:

Այս հայտարարությունը ապտակ է Ալիևի իշխանությանը, և մրցույթի օրն ինչքան մոտենա, այնքան ավելի հրապարակային է լինելու ապտակը: Ահա ինչու Ադրբեջանը հլու-հնազանդ՝ Իսրայելին և ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է մատակարարում Իրանի միջուկային ծրագրի մասին և կմատակարարի նաև այն դեպքում, եթե Իրանի դեմ պատերազմ սկսվի:

Որոշ քաղաքագետների կարծիքով, Իրանի դեմ պատերազմից Ադրբեջանը կարող է օգտվել ԼՂՀ-ի դեմ պատերազմ սանձազերծելու նպատակով: Թերևս հենց սա է, որ արտասահմանյան փորձագետներին մղում է ևս մեկ անգամ համեմատելու Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժը: Բերենք վերջին օրերին հնչած տեսակետները:

Ալեքսանդր Խրամչիխին, ՌԴ քաղաքական և ռազմական վերլուծության կենտրոնի փոխտնօրեն. «Ռազմական հավասարակշռությունը աստիճանաբար խախտվում է հօգուտ Ադրբեջանի: Այլ հարց է, որ մենք բոլորովին չգիտենք, թե ինչպիսին են Լեռնային Ղարաբաղի ուժերը: Եթե համեմատելու լինենք միայն Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ներուժը, ապա միանշանակ կարելի է ասել, որ Բաքուն Երևանի նկատմամբ նշանակալի գերազանցություն ունի: Իսկ եթե միավորենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական ներուժը, ապա առնվազն ցամաքում հավասարակշռություն է»:

Սաբինա Ֆրեյզեր, Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն. «Ադրբեջանի համար գլխացավանք խնդիր է, որ հայկական զորքերը մարտավարական առավելություն ունեն, քանի որ վերահսկում են Լեռնային Ղարաբաղի բարձունքների մեծ մասը: Ադրբեջանի յուրաքանչյուր հարձակում ծանր պայքար կլինի՝ բարդ լեռնային տեղանքում»:

Բրիտանացի փորձագետներ` Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտից («Ռազմական հավասարակշռությունն աշխարհում 2012թ.» զեկույց). «Թեպետ նկատելի է ռուսական ազդեցությունը հայկական զինված ուժերում, սակայն հայ զինվորականներն ունեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության և միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու լուրջ փորձ: Թեպետ բանակը շարունակվում է համալրվել զորակոչի միջոցով, հայկական բանակում ավելանում է արհեստավարժ զինվորականների քանակը: Հայաստանի օդային ուժերը հիմնականում լուծում են տեխնիկական խնդիրները, և օդային տարածքի պաշտպանությունը իրականացնում է Ռուսաստանի ռազմական ավիացիան` Հայաստանի տարածքում գտնվող ավիաբազայի միջոցով:

Թեպետ Ադրբեջանի ռազմական ծախսերը շարունակաբար աճում են նավթային եկամուտների հաշվին, իսկ ադրբեջանական բանակը ձեռք է բերել մի շարք ժամանակակից զինատեսակներ, օրինակ՝ «Ս-300» համակարգեր, սակայն բոլոր այդ ձեռքբերումները շոշափելիորեն չեն ազդել ադրբեջանական բանակի մարտունակության վրա: Թեև ադրբեջանական բանակը բավականին սերտ կապեր ունի թուրքական բանակի հետ, սակայն այստեղ դեռևս բազմաթիվ խնդիրներ կան: Խոսքը, մասնավորապես, ռազմաօդային ուժերի մասին է, որտեղ բավականին ցածր է անձնակազմի մասնագիտական պատրաստվածության և սպառազինության տեխնիկական վիճակի մակարդակը»:

Այսպիսով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանվում է ռազմական հավասարակշռությունը, և հազիվ թե Իրանի դեմ պատերազմի պատճառով այն էապես փոխվի: Մանավանդ որ Ադրբեջանը միանգամայն կառավարելի է աշխարհաքաղաքական ուժերի կողմից:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Ռազմաքաղաքական


21/03/2012