Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
...ԷԼԲՐՈՒՍԻ ԳԱԳԱԹԻՆ
…ԷԼԲՐՈՒՍԻ ԳԱԳԱԹԻՆ

1942թ. օգոստոսին ֆաշիստական զորքերը, գրավելով Ստավրոպոլը, Կիսլովոդսկը, ապա Կաբարդինա Բալկարիան, շարժվեցին դեպի Կովկասյան լեռնաշղթայի Մարուխ, Գլուխորի, Ազաու և Չիպեր Ազաու լեռնանցքները, և քանի որ այդ տարածքներում խորհրդային զորքերն իրենց ուժերը չէին կենտրոնացրել, գերմանացիները առանց դիմադրության հայտնվեցին դժվարամատչելի լեռնանցքներում, որոնց մասին մինչ այդ էլ քաջատեղյակ էին, քանի որ 30-ական թվականներին գերմանացի ալպինիստները հարյուրավոր վերելքներ էին կատարել Կովկասում և ոչ միայն ծանոթ էին ցանկացած գագաթի ու լեռնանցքի, այլև կազմել էին տեղագրական ստույգ քարտեզներ, որոնք արդեն օգտագործում էին պատերազմական գործողությունների ընթացքում։ Շուտով պարզ է դառնում, որ Կովկասյան ռազմաճակատում գործում է հակառակորդի լեռնահրաձգային կորպուսի ալպինիստներից և լեռնադահուկորդներից կազմված «Էդելվեյս» հատուկ դիվիզիան։ Օգտվելով դիմադրության բացակայությունից՝ նրանք ամրանում են լեռնանցքներում և շարժվում դեպի Էլբրուս և հարավային կողմից բարձրանում «Ապաստան 11» (4200 մ) բարձրլեռնային հյուրանոց (պատերազմը երբեք այդքան բարձրում չէր եղել)։

1942թ. օգոստոսի 17-ին մեր հետախույզները, մարտի բռնվելով հակառակորդի պահակախմբերի հետ, որոնց օգնության են հասնում տասնյակ լեռնադահուկորդ զինվորներ հյուրանոցից, ստիպված են լինում երեք զոհ տալով նահանջել Տերսկոլ ավան։ Օգոստոսի 18-ին գերմանացիները, ամրանալով Ստարի Կրուգազորում (Էլբրուսի հարավային լանջ), հաջորդ օրն իջնում են Բաքսանի կիրճ և Տերսկոլ գյուղի մերձակայքում հանդիպում կատաղի դիմադրության։ Քանի որ, եթե նրանց հաջողվեր գրավել կիրճը, ծանր կացության մեջ կհայտնվեին կիրճում գտնվող Տերնաուզ քաղաքի բնակիչներն ու մոլիբդենա-վոլֆրամային կոմբինատը։ Անհնար կդառնար բնակչության և կոմբինատի արտադրանքի տարհանումը։ Կատաղի մարտերի արդյունքում Բաքսան կիրճից Բեչո լեռնանցքով դեպի Սվանեթիա է տարհանվում մոտ 1,5 հազար մարդ:

Այս աննախադեպ անցումը, որը տևել է 23 օր, իրականացրել են խորհրդային հայտնի ալպինիստներ Ա. Մալեյնովը, Գ. Օդնաբլյուդովը և Ա. Սիդորենկոն։

Ալպինիստները 214 գնդի զինվորների աջակցությամբ ավելի քան 300 վիրավոր զինվոր են տարհանել Բեչո լեռնանցքով դեպի հարավ` Սվանեթիա։

Կռիվները Էլբրուսի լանջերին կատաղի բնույթ էին կրում, և այդ մարտերում իրենց համեստ, բայց պատերազմական օրերին խիստ անհրաժեշտ լուման ունեցան մեր ալպինիստները, ովքեր 30-ական թվականներին գերմանացիների հետ համատեղ շատ վերելքներ էին կատարել, իսկ այժմ մարտնչում էին միմյանց դեմ։ Այդ մասին Վլադիմիր Վիսոցկին մի հրաշալի երգ ունի.

А до войны вот этот склон

Немецкий парень брал с тобою!

Он падал вниз, он был спасен,

А вот сейчас, быть может, он

Свой автомат готовит к бою.

…1942թ. օգոստոսի 21-ին թեժ մարտերից հետո, գերմանացիներին հաջողվում է իրենց դրոշը ծածանել Էլբրուսի վրա։ Այս իրադարձությունը ֆաշիստական քարոզչությունը տարփողեց աշխարհով մեկ։ Գերմանական ռադիոն չէր լռում. «Հզոր Գերմանիայի դրոշը հպարտորեն ծածանվում է Էլբրուսի կատարին, բարձրաբերձ Էլբրուսը գերմանացիների ոտքի տակ է։ Մենք անպարտելի ենք…»։

Խորհրդային զինվորներին հանձնարարվեց վայր նետել թշնամու դրոշը։ Եվ սեպտեմբերի 2-րդ կեսին Բաքսանի կիրճ է տեղափոխվում 242-րդ հրաձգային գունդը, քիչ ավելի ուշ նրան են միանում 105-րդ և 106-րդ լեռնահրաձգային դասակները, որոնք հատուկ պատրաստված ու հանդերձավորված էին լեռնային պայմաններում մարտական գործողություններ վարելու համար։ Երեք ամիս կատաղի մարտեր էին Բաքսանի կիրճում և Էլբրուսի մերձակայքում։ Սեպտեմբերի վերջին մեր զորամասերը, թողնելով Բաքսանի կիրճը, ամրանում են ռազմավարական է՛լ ավելի կարևոր նշանակություն ունեցող և առավել շահավետ Բեչո և Դունգուզ Օրուն լեռնանցքներում։ Օգտվելով դրանից՝ գերմանացիներն իջնում են Բաքսանի կիրճ։

897-րդ գնդի հրամանատար Սորոկինի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Բաքսանի կիրճում տեղակայված թշնամուն հարված հասցնելու համար։ Այդ նպատակով դեկտեմբերի 18-ին 4 լեռնագնացից և 18 ֆիզիկապես ամուր զինվորներից բաղկացած հետախուզական խումբը անցնում է աշխատանքի և երկու «լեզու» բերում։

Գնահատելով ստեղծված իրավիճակը, խորհրդային զորքերի` նոր հարված հասցնելու նախապատրաստությունը, ինչպես նաև հաշվի առնելով բքաշունչ ձմեռը՝ հակառակորդը լքում է Բաքսանի կիրճը և Էլբրուսի մերձակա տարածքները։ 1943թ. փետրվարին Անդրկովկասի ռազմաճակատի հանձնարարությամբ 20 ալպինիստից կազմված խումբը առաջադրանք է ստանում հանելու գերմանական դրոշը և մեր դրոշը տեղակայելու Էլբրուսի գագաթին։ Այդ դժվարին ու պատվաբեր առաջադրանքը հանձնարարվում է 242-րդ լեռնահրաձգային գնդի ալպինիստներին։ Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում Ն. Գուսակի գլխավորությամբ խումբը մեծ դժվարությամբ հաղթահարում է վերելքը, բարձրանում Էլբրուսի արևմտյան գագաթը և կատարում առաջադրանքը։ Մի քանի օր հետո, երբ եղանակը մի փոքր հանդարտվում է, մյուս խումբը՝ սպորտի վարպետ, կապիտան Ալեքսանդր Գուսևի գլխավորությամբ փետրվարի 23-ին Էլբրուսի արևելյան գագաթից ևս հանում է ֆաշիստական դրոշը և տեղակայվում Խորհրդայինը։ Հերթն այժմ խորհրդային ռադիոյինն էր՝ «Մահ ֆաշիստներին, նրանց անպարտելիության առասպելն այլևս փշրված է, Էլբրուսի վրա ծածանվել ու ծածանվելու է միայն խորհրդային դրոշը»։ Սա էլ հզոր ազդակ է դառնում, որ Կովկասյան ռազմաճակատի զորքերը հարձակման անցնեն և տարածաշրջանը մաքրեն ֆաշիստական էդելվեյսականներից։ Այս ամենն էլ իր հերթին ազդում է պատերազմի հաջող ընթացքի վրա։

Տարիներ հետո արդեն վետերան-ալպինիստներն այցելում էին այն լեռնանցքները, որտեղ մարտնչել էին 1942-43թթ.։ Այստեղ ալպինիստ զինվորի հիշատակին հուշարձան կա` ձեռքին ինքնաձիգ և սառցահատ։ Հուշարձանին գրված է. «Նրանք լեռները սիրում էին, ինչպես կյանքը, բայց հայրենիքը սիրում էին կյանքից առավել…»։

ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆՅԱՆ
պրոֆեսոր
ԽՍՀՄ վաստակավոր փրկարար և լեռնագնաց

Հ.Գ. -Թեպետ ես չեմ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, սակայն նշված լեռնանցքներում եղել եմ 1950-1970թթ. և 1953թ. Ազաու լեռնանցքը հաղթահարելիս գերմանական դզոտում գտել եմ «Կանդահար» տեսակի լեռնադահուկային ամրակներ և մի փոքր ական, որոնք որպես դաժան պատերազմում տարած փառահեղ հաղթանակի մասունքներ մինչ օրս սիրով ու ակնածանքով պահում եմ ինձ մոտ։