Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱԽԱՐԴՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱԽԱՐԴՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հին Ռուսաստանում տիրակալների և պետության անվտանգությունն ապահովող` մոգերի հատուկ գաղտնի կազմակերպության` Կախարդների թագավորական ծառայության գոյությունն ինքնին շուրջ կես հազարամյակ գլխավոր պետական գաղտնիք էր: Մինչ օրս այս ծառայության պատմությունը պատված է մշուշով, և նրա վերաբերյալ տարբեր լեգենդներ և ասքեր են հյուսվել: Այս կազմակերպության ազդեցությունը երկրի և նրա քաղաքացիների կյանքում միշտ էլ վիթխարի է եղել, սակայն արտաքնապես չի զգացվել:

ՊԱԿ-Ի ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

Կարո՞ղ է արդյոք երկար ժամանակ գոյատևել մի հզոր գաղտնի պետական ծառայություն, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Այո՛, կարող է: Պետական այնպիսի ծառայությունների գոյությունը, ինչպիսիք են հետախուզական և հակահետախուզական ծառայությունները, բոլորին են հայտնի: Ռուսական հակահետախուզության հիմնադիրն է Ալեքսեյ Միխայլովիչ ցարը, որը 1654թ. հիմնեց և անձամբ գլխավորեց Գաղտնի գործերի վարչությունը:

Հոր գործը շարունակեց որդին` Պետրոս Առաջին կայսրը, որը 1697-ին հիմնում է Պրեոբրաժենսկի վարչությունը, որի գործունեությունը հետզհետե կենտրոնանում է պետության և թագավորի դեմ հանցագործությունների կանխման շուրջ: Հետախուզական և հակահետախուզական բոլոր աշխատանքները թագավորը ղեկավարում էր անձամբ: Պետրոսի ժառանգորդների օրոք նույնպես հակահետախուզության համակարգը զարգանում ու կատարելագործվում է, սակայն թագավորական անվտանգության ապահովումն իրականացվում էր ոչ այնքան ավանդական, որքան մոգության միջոցով: Վերջինիս արդյունավետության վկայություններից մեկն էլ հենց հայտնի քարոզիչ-հոգևորական Գ. Տալիցկիի հետախուզումն էր, որը Պետրոս Առաջինին բացահայտորեն անվանել էր հակաքրիստոս և փախուստի մեջ էր: Հսկայական երկրով մեկ ուղարկված խուզարկուները նրան պետք է որոնեին ամենուրեք` «գյուղերում և քաղաքներում, վանքերում և եկեղեցիներում, փոքր և մեծ նավերում և այլուր, բոլոր հնարավոր միջոցներով». թվում է՝ խոտի դեզի մեջ ասեղ փնտրելու պես մի բան էր: Այդուհանդերձ, Տալիցկիին գտնում են արդեն մեկ ամիս անց (այն էլ ճանապարհների և կապի միջոցների այն ժամանակվա պայմաններում): Համեմատության համար նշենք, որ արդիական կապի և էլեկտրոնային հետախուզության պայմաններում ահաբեկիչ Շ. Բասաևին մոտավորապես 15-35 կմ հեռավորության վրա չէին կարողանում բռնել 10 տարուց ավելի:

Հին Ռուսաստանում Մոգերի թագավորական հատուկ ծառայությունը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան Գաղտնի գործերի վարչությունը, և կարելի է ասել, որ հենց այն է հետագայում ստեղծված բոլոր ռուսական հատուկ ծառայությունների նախամայրը: Մոգերի ծառայությունը միշտ էլ սերտորեն համագործակցել է բոլոր հատուկ ծառայությունների հետ, և շատ հաճախ պետության առաջին դեմքերը անձամբ էին ղեկավարում ինչպես դրա աշխատանքները, այնպես էլ հետախուզական և հակահետախուզական մյուս ծառայությունները:

ՄՈԳԵՐԸ՝ ԳԱՀԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Մոգերի թագավորական ծառայությունը, որպես պետական լիարժեք կառույց, ի հայտ է եկել 15-րդ դարից ոչ ուշ` պետության առաջին դեմքերի անվտանգությունն ապահովելու և քաղաքական ու տնտեսական խնդիրները մոգության միջոցով լուծելու համար, ինչը միջնադարյան մարդու համար սովորական երևույթ էր. դեռևս 1410թ. Փոտ մետրոպոլիտը Նովգորոդի բնակիչներին ուղղված ուղերձում նրանց փնովում էր կախարդանքով` մոգությամբ հրապուրվելու համար: Ու թեև հին Ռուսաստանում գործում էր օրենք, ըստ որի՝ մոգերին այրում էին, մինչդեռ իրականում այդ օրենքը շատ հազվադեպ էր կիրառվում: Կախարդներին հիմնականում աքսորում էին երկրի ծայրամասեր, վանքեր, բայց չէին այրում, քանի որ նրանք համարվում էին շատ արժեքավոր «ապրանք»: Նրանց գիտելիքներն ու հնարավորությունները կարելի էր արդյունավետ օգտագործել ի շահ պետության:

Իվան Ահեղը մոգության հանդեպ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, ընդհուպ մինչև դրա գաղտնիքներին անձամբ տիրապետելը: 1570թ. թագավորի անձնական բժիշկը մոգ եւ աստղագուշակ Էլիզիուս Բոմելիուսն էր (ռուսական ավանդապատումներում կոչվում է «չար կախարդ Բոմելի»), որը ծնվել էր Վեսելում, սովորել Քեմբրիջի համալսարանում, այնուհետև Լոնդոնում կախարդության համար հայտնվել էր բանտում, փախուստի էր դիմել և հայտնվելով Ռուսաստանում` նվաճել էր թագավորի բարեհաճությունը: Իվան Ահեղի քմահաճությամբ մարդկանց կյանքը խլելու նրա կարողությունը սարսափ էր տարածում: Ուստի 1579թ. հենց արքայի կամոք էլ նրանից արյուն են բաց թողնում և ողջ-ողջ տապակում:

Տարեգրի վկայությամբ` Բորիս Գոդունովը, մինչև ռուսական գահին բարձրանալը, բազմիցս դիմել է կախարդներին և գուշակներին: «Կանչելով իր մոտ կախարդներին և հրաշագործներին` հարցնում է նրանց` «Կարո՞ղ եմ արդյոք ես իրագործել իմ ցանկությունը. ես թագավոր կհռչակվե՞մ», իսկ նրանք պատասխանում են` «Դու կհռչակվես մոսկովյան կայսրության թագավոր, սակայն…»: Իսկ նա ասում է. «Օ, իմ սիրելի գուշակնե՛ր, մի՛ վախեցեք և ասացե՛ք ինձ միայն ճշմարտությունը»: Նրանք պատասխանում են. «Երկար չի տևի քո գահակալությունը. ընդամենը յոթ տարի»: Իսկ նա ուրախացած համբուրում է նրանց. «թեկուզ յոթ օր, միայն թե թագավորական անուն ձեռք բերեմ և իմ ցանկությունն իրագործեմ»: Բորիս Գոդունովը, որը ռուսական գահի նկատմամբ ոչ մի իրավունք չուներ, մոգերի օգնությամբ իսկապես դարձավ թագավոր:

Մոգերը, սակայն, ներգրավված էին ոչ միայն թագավորական ծառայության մեջ: «Ապօրինի» կախարդությունն այնքան տարածված էր ռուսական վերնախավի շրջանում, որ կախարդների այս «ապօրինի» կազմակերպությունների գործունեությունը ճնշելու համար դիմում էին անգամ ռազմական գործողությունների: 1600թ. հոկտեմբերի 26-ի գիշերը մի քանի հարյուր աղեղնավորներ վառվող ջահերով դուրս եկան Կրեմլից և գրոհով վերցրին հուսահատ դիմադրություն ցույց տվող Ռոմանովների բոյարների պալատը: Նրանց մեղադրում էին Բորիս Գոդունովին կախարդությամբ սպանելու փորձի համար: Ռոմանովներին կախարդության համար դատապարտում են աքսորի: Ցեղի գլխավորին` ավագ եղբայր Ֆեոդորին, ստիպողաբար վանական են կարգում` Ֆիլարետ անվամբ: Ռոմանովների հետ մեկտեղ, որպես կախարդությանը մեղսակից, հալածանքի ենթարկվեցին նաև նրանց ազգականները` իշխաններ Չերկասսկիները, Սիցկիները, ազնվականներ Կարպովները և Պուշկինները: Հատկանշական է, որ Ֆեոդոր Ռոմանովը հետագայում դարձավ ռուսական Պատրիարք, իսկ նրա որդի Միխայիլ Ֆեոդորովիչ Ռոմանովը` նոր արքայատոհմի հիմնադիր, որն էլ ապագայում Ռուսաստանը ղեկավարեց ավելի քան 300 տարի:

Ցար Վասիլի Շույսկին անձամբ էր ղեկավարում ռազմական մոգական օպերացիաները: Ռուսներին ծառայող օտարերկրյա վարձկան Կոնրադ Բուսովը վկայում է (ժամանակակից պատմաբանները նրա տեղեկությունները այս շրջանի մասին այլ գրառումների համեմատ համարում են առավել արժանահավատ). «Տեսնելով, որ Աստված իրեն երջանկություն չի տալիս, Շույսկին սկսում է բացահայտ զբաղվել կախարդությամբ եւ իր շուրջն է հավաքում բոլոր մոգերին, որոնց հնարավոր էր գտնել երկրում, որպեսզի այն, ինչ մեկի համար անհնար էր, իրագործեր մյուսը: Դրանով իսկ կախարդները հասան այն բանին, որ Շույսկիի մարդիկ հաղթեցին»: Վհուկներն իրենց զինանոցում օգտագործում էին բառի մոգական ուժը` հմայախոսությունը և անեծքը, այդ իսկ պատճառով էլ նրանց մոգության մասին գրքերը հարյուրամյակներ շարունակ արգելված էին ժողովրդի համար:

1610թ. հուլիսի 17-ին Վասիլի Շույսկին իր բոյարների և Կախարդների թագավորական ծառայության ջանքերով գահընկեց արվեց և բռնի ուժով վանական կարգվեց: Եվ չնայած այս ամենին, թագավորներ Վասիլի Շույսկիին և Միխայիլ Ֆեոդորի Ռոմանովին որպես հավատարմության երդում տրվող խաչհամբույրի գրություններում (տեքստում) հատուկ շեշտվում էր պաշտպանությունը մութ ուժերի մեքենայություններից: Բոյարները և ցարի մտերիմները խաչի վրա երդվում էին, «որ պետության և արքայի դեմ վհուկներ չեն ուղարկի, քամու միջոցով հմայություն չեն անի, թագավորի հետքերի միջոցով նրան չեն «նավսի»»: Այս արարողության ընթացքում կախարդների ծառայությունը ներկայացնող հատուկ մարդիկ գաղտնի հետևում էին, թե ով դեմքի ինչ արտահայտությամբ է երդվում, և հետո զեկուցում էին տիրակալին` արդյոք որևէ մեկը չար մտադրությամբ չէ՞ր անում դա:

Հատուկ ուշադրություն էր դարձվում թագավորական պալատը, Մոսկվան և ընդհանրապես Ռուսաստանը մոգությամբ պաշտպանելուն: Միխայիլ Ֆեոդորովիչի կառավարության օրոք Պսկով են ուղարկում թագավորի հրամանագիրը, որով խստիվ արգելվում էր Լիտվայից գայլուկ գնել: Բանն այն է, որ հատուկ արտասահման ուղարկված հետախույզները (Կախարդների թագավորական ծառայության գործակալները) Մոսկվա տեղեկություն էին հաղորդել լիտվացի կախարդների մասին, որոնք հմայություն էին արել գայլուկի վրա, որպեսզի Ռուսաստանում ժանտամահ առաջանա:

1671թ. օգոստոսյան մի օր պալատական Սիմեոն Պոլոցկին, որ սերունդներին ավելի շատ հայտնի է որպես եկեղեցական գործիչ և արքայազն Պետրոսի, Ֆեոդորի և արքայադուստր Սոֆյայի ուսուցիչ, թագավոր Ալեքսեյ Միխայլովիչին խիստ հուզված հայտնում է այն, ինչը նա կարողացել էր «կարդալ» թագավորի և թագուհու «երկնային քարտեզների», այսինքն` բախտացույցի միջոցով: «Թագուհի Նատալիա Կիրիլովնայի արգանդում երեկ բեղմնավորվել է «մեծն թագավորը», որը կծնվի 1672թ. մայիսի 30-ին»: Եւ հենց նա էլ առաջարկում է ապագա թագավորին անվանել Պետրոս: Շուտով թագուհու հղիությունը իսկապես ի հայտ է գալիս: Երեխայի լույս աշխարհ գալու օրը Սիմեոնը բացարձակապես ճիշտ էր գուշակել. Պոլոցկուն առատաձեռն վարձատրում են:

Թագավոր Ալեքսեյ Միխայիլովիչը իր երկրորդ կնոջ` Նատալիա Կիրիլովնա Նարիշկինայի հետ ծանոթացել էր մերձավոր զինակցի և սիրելիի` Արտամոն Մատվեևի տանը, որն այն ժամանակ հավանաբար կախարդների ծառայության ղեկավարն էր նաև (նրան ուղղված նամակում թագավորը գրում է. «Ընկեր իմ Սերգեևիչ, արի՛ մեզ մոտ, որքան հնարավոր է շուտ, քանզի առանց քեզ ես և իմ երեխաները որբացել ենք: Նրանց նույնիսկ խնամող չկա, իսկ ես, բացի քեզնից, ուրիշ խորհրդատու չունեմ»): Մատվեևի տունը կառուցվել էր մոսկվացիների ազգականների` հասարակ մարդկանց և վաճառականների շիրմաքարերի վրա (!): Դժվար է ասել, թե ինչ էին զգում մոսկվացիները այն պահին, երբ պղծում էին իրենց ազգականների շիրիմները և քարերը տանում բոյարի տան բակ:

«Գերեզմանների» վրա կառուցված իր տանը Մատվեևը ապրում էր արևմտյան սովորույթների համաձայն, և տանը բնակվող բոլոր կանայք տղամարդկանց հետ հավասար հյուր էին ընդունում: Նրա կինը և սանուհի Նատալիան, որը նաև Մատվեևի ազգականուհին էր, նույնպես ներկա էին, երբ հյուր էր եկել թագավորը: Ամբողջ երեկոյի ընթացքում թագավորը աչք չէր կտրում Նատալիայից, իսկ մեկ շաբաթ անց Մատվեևին հայտնեց, որ պատրաստ է ամուսնանալ Նարիշկինայի հետ:

Նատալիան Մատվեևի տանը դաստիարակվել էր նրա որդի Անդրեյի հետ, որը հետագայում դարձավ Պետրոսի մերձավորը: Արտամոն Մատվեևն իր որդուն ուղարկում է օտարերկրացիների մոտ` լեզու և տարբեր գիտություններ (այդ թվում և գաղտնի գիտություններ) սովորելու: Նույն ոգով էր դաստիարարկվել նաև Նատալիա Նարիշկինան: «Այս սովորությունն ու համակրանքը փոխանցվել էին նաև Պետրոսին, ինչն էլ նպաստեց օտարերկրացիների և նրանց գիտությունների հետ վերջինիս ծանոթությանը»,-գրում է Ս.Պլատովը:

Նոր ցարի` Ֆեոդոր Միխայիլովիչի հետ Մատվեևի հարաբերությունները լավ չդասավորվեցին: Բոյարին և իր որդուն ամբաստանեցին թագավորի դեմ դավ նյութելու համար: Նշվում էր, որ բոյարը բժիշկ Ստեփանի հետ թաքուն կարդում է Սև գիրքը և չար դիտավորությամբ պիղծ ոգիներ կանչում: Նրա հանցանքն ապացուցվում է, և Մատվեևին, զրկելով պաշտոնից և ունեցվածքից, իր որդու հետ բանտարկում են Պուստոզերսկի զնդանում, որտեղ նա անց է կացնում յոթ տարի: Միայն թագավոր Ֆեոդորի մահից հետո` 1682 թվականին, Մատվեևն իր ազգական և սանուհի Նատալիա Կիրիլովնայից շտապ կանչ է ստանում Մոսկվա: Աղեղնավորների մոսկովյան խռովության ժամանակ Արտամոն Մատվեևն անցնում է Պետրոսի` զարմիկի թոռան կողմը և 1682-ի մայիսի 15-ին սպանվում խռովարարների ձեռքով:

Շարունակելի

ՄԻԽԱՅԻԼ ԿԱԼՅՈՒԺՆԻ
Ռուսերենից թարգմանեց
ՄԻԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ