Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒՐ ԳԱԼ ԱՂՋԿԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒՐ ԳԱԼ ԱՂՋԿԱՆ

Վաղ թե ուշ յուրաքանչյուր տղամարդ իրեն տալիս է այս հարցը: Մարդիկ միանման չեն, իսկ աղջիկները, առավել ևս, շատ տարբեր են։ Այդ պատճառով էլ նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարկավոր է ցուցաբերել հատուկ մոտեցում՝ ընդգծելով նրա յուրահատկությունները, որոնցով նա տարբերվում է մյուսներից։ Եվ այսպես, դուք հանդիպել եք ձեր երազների աղջկան, բայց վստահ չեք, թե ինչ է նա զգում Ձեր նկատմամբ։ Ի՞նչ անել…

Սիրահետումներում եղեք համառ. եթե աղջիկն անմիջապես ձեզ փոխադարձաբար չի պատասխանում, մի հուսահատվեք։ Թույլ սեռի ներկայացուցիչները սիրում են «անհասանելի» լինել։ Զայրույթը գթասրտության փոխելու լավագույն միջոցը ձեր երևակայությունն է։ Որքան դուք ինքնատիպ լինեք, այնքան հեշտ կլինի աղջկան գերելը։ Նրան հասնելու ճանապարհին պետք չէ լինել չափազանց «ագրեսիվ»: Դա միայն կվախեցնի աղջկան։ Եվ կարողացեք տարբերել կոկետորեն ասված «ոչ»-ը (որը ուր որ է կվերածվի համեստ «այո»-ի), որևէ այլընտրանքային տարբերակ չընդունող, անսասան մերժումից։

Զարմացրեք ինքնատիպությամբ, անհատականությամբ. պարտադիր չէ գերբնական տաղանդի տեր լինել` աղջկան գերելու համար։ Կարողանում եք ինչ-որ բան մյուսներից լա՞վ անել։ Գիտեք նվագե՞լ։ Համեղ խորովա՞ծ եք պատրաստում… Լայնացրեք հետաքրքրությունների շրջանակը և կգերեք ձեր ընտրյալին։ Ցուցաբերեք ինքնատիպություն ամեն ինչում՝ անսովոր նվերներով, հետաքրքիր ժամադրություններով, անսպասելիորեն հաճելի արարքներով։ Հավատացեք, դուք կնվաճեք նրա սիրտը։

Յուրաքանչյուր քայլը պետք է մտածված լինի. աշխատեք բացթողումներ չունենալ և չընկնել անհարմար դրությունների մեջ։ Աղջիկները չեն սիրում չմտածված արարքներ անող և խոստումները չկատարող տղաների։ Խոստացել եք նրան ճաշի՞ հրավիրել. մի՛ մոռացեք դրա մասին` ձեր ընկերների հետ գնալով ֆուտբոլ դիտելու։ Ձմեռվա կեսին «պատահաբար» խոստացել եք նրան դաշտային ծաղիկնե՞ր. հայթայթեք դրանք կամ գոնե նման մի բան։

Շռայլ եղեք, բայց չափավոր. հայտնի բան է. աղջիկները տանել չեն կարողանում ժլատ տղամարդկանց։ Գծուծություն մի՛ արեք։ Իհարկե, խոսքը թանկարժեք քարերով ոսկե զարդերի մասին չէ։ Խոսքն «առողջ» շռայլության մասին է՝ ծաղիկների, փոքրիկ, բայց հաճելի նվեր-անակնկալների… Ժամանակ առ ժամանակ նրան հրավիրեք սրճարան։ Եթե աղջկան մշտապես թանկարժեք զարդեր նվիրեք, հրավիրեք շքեղ ռեստորաններ, կարող եք կասկածամտության տեղիք տալ: Այնպես որ՝ շռայլությունը նույնպես չարաշահել չարժե։

Ազնիվ եղեք. ստախոսությունը ևս մեկ հատկանիշ է, որ կտրականապես չի ընդունում աղջիկների մեծ մասը։ Յուրաքանչյուր սուտ ի վերջո բացահայտվում է. լավ մտածեք, մինչև աղջկան խաբելը։ Եթե անկեղծ չլինելը դառնա սովորական բան, դուք վտանգում եք ընդմիշտ կորցնել նրա վստահությունը, ապա նաև՝ հենց նրան։

Վերահսկեք իրավիճակը. աղջիկները սիրում են նպատակասլաց, ինքնավստահ, նախաձեռնող տղաներին։ Որոշում կայացնելիս գլխավորը դուք եղեք, թողեք, որ նա իրեն թույլ ու անպաշտպան զգա առանց ձեզ։ Հիշեք, որ հենց այդպիսի տղամարդու մասին է երազում աղջիկների մեծ մասը։

Հետևեք ձեր արտաքին տեսքին. եթե ուզում եք գերել աղջկան, հիշեք. նրա համար շատ կարևոր է տղամարդու արտաքին տեսքը։ Եղեք խնամված, հետևեք ձեր հիգիենային, մի մոռացեք մանրուքների մասին, անպայման օգտագործեք օծանելիք։ Իզուր չի ասված, որ աղջիկները սիրում են ականջներով, բայց տղամարդուն ընտրում են… բույրով։

Հիացրեք նրան հումորի զգացումով ու լավատեսությամբ. վհատված, հուսալքված ու ընկճված տղամարդիկ «մոդայից» դուրս են։ Եղեք սրամիտ, լավատես, անկեղծ ժպիտով ու վարակիչ ծիծաղով. այս հատկանիշները բոլորին են ձգում։ Կարողացեք տեղին կատակել, հաճոյախոսություններ անել, կենսուրախ եղեք։ Ձեր կողքին աղջկա համար հաճելի կլինի, նա իրեն անհոգ կզգա։ Բայց այստեղ էլ չափը չանցնեք ու հիշեք, որ կարևոր որոշում ընդունելու պահին արված կատակը տեղին չէ։

Մի՛ դարձեք ցանկությունների գերին. աղջկան սիրահետելիս, նրա քմահաճույքները բավարարելիս և նրա ցանկություններին հետևելիս չմոռանաք պահպանել ձեր սեփական «ԵՍ»-ը, ձեր ինքնատիպությունը։ Կարևոր հարցերում կնոջ ցանկությունները բավարարելը և, միևնույն ժամանակ, ձեր ուզածով գործելը մեծ արվեստ է։

Ասում են` աղջիկները ենթագիտակցաբար փնտրում են առողջ, խելացի ու գեղեցիկ տղամարդու, որ ունենան հնարավորինս առողջ, խելացի ու գեղեցիկ երեխաներ։ Սա էվոլյուցիայի օրենքն է։ Դրա համար էլ աշխատեք միշտ լինել առավելագույնս ներկայանալի։ Բայց հիշեք նվիրական «ոսկե» կանոնը. դուք հարյուրդոլարանոց թղթադրամ չեք, որ դուր գաք բոլորին։

ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ենթասպա