Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆԸ



Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մարտի 3-ին անցկացվեց գիտաժողով` նվիրված ռազմական բժշկության կայացմանը, անցած ուղուն և հետագա զարգացման հիմնախնդիրներին: Գիտաժողովի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, բարձրաստիճան զինվորականներ, սպաներ և բժիշկներ։ Բացման խոսքում ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նշեց, որ հայրենիքի պաշտպանության մարտերում ծնունդ առած Հայոց բանակը ոչ միայն հայրենի երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի երաշխավորն է, այլև տարածաշրջանում հավասարակշռության, խաղաղության ու կայունության պահպանման ամենակարևոր գործոններից մեկը։

Ռեկտորը նշեց, որ դահլիճում նստածներից շատերը ՀՀ սահմանամերձ շրջաններում և Արցախում գոյապայքարի առաջին իսկ օրվանից անմիջական ու ակտիվ մասնակցություն են ունեցել որպես զինվոր և բժիշկ` մասնագիտական պարտքը կատարելով ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հիվանդանոցներում ու հոսպիտալներում։ Նրանք իրենց հոգու ու խղճի պարտքն էին կատարում՝ հիպոկրատյան երդմանը հավատարիմ։ Նա հիշատակեց նաև այն կանանց, ովքեր զինվորական համազգեստ հագան ու մեկնեցին ճակատ որպես բուժքույր, բժիշկ։ Ցավոք, եղան և կորուստներ…

Ապա պարոն Դումանյանը ներկայացրեց զինված ուժերում ռազմական բժշկության ոլորտի կայացման մանրամասները:

1994 թվականի մայիսի 19-ին ծնունդ առավ ռազմաբժշկական ֆակուլտետը, իսկ 2,5 ամիս անց` օգոստոսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով հաստատվեց ռազմաբժշկական ֆակուլտետի կանոնակարգը։ Նույն տարվա սեպտեմբերին ֆակուլտետն ունեցավ առաջին կուրսանտները: Անցնող տարիների ընթացքում ֆակուլտետն արդեն 472 շրջանավարտ է տվել, նրանցից 30-ը` գերազանց առաջադիմությամբ։ Ռազմական բժշկության ոլորտում կատարվում են նաև գիտական հետազոտություններ` նվիրված զինված ուժերի բուժապահովման բազմաթիվ հիմնախնդիրներին։ Արդյունքում՝ պաշտպանվել են 5 դոկտորական և 14 թեկնածուական թեզեր։ Դրանք նպաստել են ռազմական բժշկության կանխարգելիչ ուղղվածության զարգացմանը, ռազմական գործի հիգիենայի և բուժական գործունեության ծավալմանը, գիտական հիմնավորմանը:

Գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա, մասնավորապես, ասաց.

-Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, բնականաբար, առանձնահատուկ կապ ու առնչություններ ունի հայկական բանակի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ: Որովհետև յուրաքանչյուր պատերազմում մարտիկներից հետո բժիշկներն են իրենց ուսերին կրում մարտական գործողությունների ծանրությունը, փրկում մարդկային կյանքեր, բուժելով շարք վերադարձնում վիրավոր մարտիկներին… Եվ մեր բժիշկները` այս կրթօջախի շրջանավարտները, պատերազմի տարիներին պատվով կատարեցին իրենց պարտքը: Ընդ որում, ոչ միայն մեծ նվիրումով ու անձնազոհությամբ և չընկրկելով վտանգների ու դժվարությունների առջև, այլև կատարեցին մասնագիտական բարձր վարպետությամբ և հասան բացառիկ արդյունքների` վիրավորների ավելի քան 70 տոկոսին վերադարձնելով շարք, ինչը Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային զինվորական բժշկության նվաճումներից անհամեմատ բարձր ցուցանիշ էր:

Հատկապես ձեր բուհի ուսանողներից շատերը և՛ մարտիկ էին, և՛ բժիշկ, ու այս առումով բնութագրական է «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատը, ուր մեծ թիվ էին կազմում բժշկական համալսարանի ուսանողները և ինստիտուտի «Ուսանողական խորհրդարան» կազմակերպությունը: Որպես կամավոր մարտիկներ Արցախյան ազատամարտին մասնակցեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 34 ուսանողներ: Նրանցից Արմեն Ղուլյանը զոհվեց Շուշիի ազատագրման հաջորդ օրը Ասկերանի ուղղությամբ թշնամու խելագար հարձակումը կասեցնելիս, Վահե Բաղդասարյանը` 1993 թվականին Տոնաշենն ազատագրելիս, իսկ Մուրադ Մուրադյանը` Տավուշի հենակետերում ծառայողական պարտականությունները կատարելիս: Եվս հինգ ուսանողներ` Ղուկաս Ուլիխանյանը, Միքայել Բայաթյանը, Արտակ Զեյնալյանը, Կամավոր Խաչատրյանը և Հարություն Առուստամյանը վիրավորվեցին: 1993-ի աշնանը եղավ բժիշկների առաջին զորակոչը: Շուրջ 50 բժիշկների գերակշիռ մասն ուղարկվեց զորամասերի բուժծառայություններ: Նրանցից ոչ ոք չդասալքեց, ու բոլորն էլ պատվով կատարեցին իրենց բաժին ընկած դժվարին խնդիրները….

Պաշտպանության նախարարությունն այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ իրականացնում է կարևոր ու մեծածավալ ծրագրեր ռազմահայրենասիրական ու գիտամշակութային ոլորտներում, կազմակերպում հայրենաճանաչողական արշավներ, հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված բուժաշխատողների և ուսանողների հիշատակին նվիրված ցերեկույթներ…. Այս դահլիճում ներկաներից շատերը, ովքեր արդեն իսկ զինվորական համազգեստ են հագնում, վաղը համալրելու են բանակի ռազմաբժշկական ծառայությունը և անմիջականորեն ստանձնելու զինված ուժերի զինծառայողների առողջության պահպանման դժվարին գործը: Բոլորիդ կոչ եմ անում լիարժեք ու նպատակային օգտագործել ուսումնառության յուրաքանչյուր օրը, ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիքներ, ու ողջ խորությամբ գիտակցել, թե վաղը, մտնելով զորամասի բուժկետ, որչափ մեծ պատասխանատվություն եք ստանձնելու: Այսօր մենք հսկայական միջոցներ ենք հատկացնում ռազմաբժշկական գործի զարգացմանն ու անձնակազմի առողջության պահպանմանը, և դուք ուղղակի իրավունք չունեք այս ասպարեզում թույլ տալու որևէ թերացում:

Այնուհետև բուն գիտաժողովի ընթացքում քննարկվեցին ՀՀ զինված ուժերի անձնակազմի առողջական վիճակի պահպանման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռազմական բժշկագիտության կատարելագործմանը վերաբերող թեմաներ։ Ամփոփ ձևով ներկայացված էին տեղային պատերազմների բուժապահովման հիմնահարցերը, ինչպես նաև դրանց հնարավոր լուծման ուղիների, մեթոդների ու տարբերակների վերլուծությունները: Գիտաժողովում քննարկվելիք հարցերի բազմազանությունը վկայությունն է, թե տարիների ընթացքում զարգացման ինչ հսկայական ճանապարհ է անցել ռազմական բժշկությունը Հայաստանում։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Ազգային բանակ


14/03/2012