Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐՎԱՆԴ ՔԵՌՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԵՐԸ



Կապիտան Մարգարիտա Կարապետյանը 1993 թվականից աշխատում է պաշտպանության նախարարության համակարգում։ Ներկայումս ծառայում է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում։ Արտաքուստ ուրախ և ժպտերես Մարգարիտայի սրտում մեծ վիշտ կա անթեղված. եղբայրը՝ Երվանդ Կարապետյանը (Ճուտոն), զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ, Շուշին ազատագրելիս։

-Երբ սկսվեց Արցախյան շարժումը,- հիշում է Մարգարիտան,- ավագ եղբայրս՝ Մարգարը, ես և Երվանդը հաճախ էինք գնում Ազատության հրապարակ ու բռունցքներս վեր պարզած` արդարություն պահանջում։ Հետո հասկացանք, որ արդարության և ազատության համար պետք է պայքարել, կռվել. երկու եղբայրներս էլ կամավորագրվեցին, ինքնաշեն զենքերով սահման գնացին։ Ցավոք, մի բան էլ հասկացանք, որ ազատությունն ու արդարությունը նվաճվում են թանկ, հարազատ ու սիրելի մարդկանց կյանքի գնով։ Երվանդը զոհվեց՝ փրկելով ընկերներին… Այնտեղ, որտեղ զոհվել է եղբայրս, հիմա խաչքար է՝ որպես խոսուն վկա կատարած սխրանքի և անմահության։ Մեր շենքի բակում էլ հայրս խաչքար-հուշաղբյուր կառուցեց, որի վրա փողփողում է եռագույնը։ Մեծ սրտի ու հոգու տեր էր եղբայրս, աշխարհի չափ բարի ու անկեղծ։ Մանկան պարզություն ուներ, ո՜նց էր նվիրվում մարդկանց,- շարունակում է Մարգարիտան տխուր ժպիտով,- ինձնից այնքան էլ մեծ չէր, բայց ձեռքն ընկած կոպեկը երբեք իր վրա չէր ծախսում, իրեն զրկում էր ու ինձ համար մի լավ բան գնում։ Ես ինքս իմ մեջ որոշել էի՝ աշխատեմ, Երվանդին ինչ ուզի` առնելու եմ։ Սիրտս ցավում է, ես էլ էի ուզում մի լավ բան անել նրա համար, բայց…

Մարգարիտան հավաքել է եղբոր մասին պատմող մարտընկերների հուշերը և ամբողջացնելով` մի փոքրիկ գրքույկ տպագրել «Ու եթե լույս կա երկնքում» վերնագրով։ Իր արու զավակին անվանակոչել է զոհված եղբոր անունով։

Մարգար քեռին փոքրիկ Երվանդին հաճախ է տանում Եռաբլուր։ «Մեծանամ, գնալու եմ թուրքերին սպանեմ ու հետ գամ»,- ասում է թոթով լեզվով։

Աշխույժ ու ժիր է փոքրիկը ու Երվանդ քեռուն էլ շատ նման է։ Ու թե հանկարծ չարաճճիություն էլ անում է, բարկացած մայրիկը ձեռքը բարձրացնում է, որ նրա ամենափափուկ մասին հարվածի, փոքրիկ խորամանկը հնարը գտել է, աչուկները կլորացնելով արագ անցնում է «հակագրոհի». «Մամ ջան, բա ես Երվանդն եմ», ու մայրիկի բարձրացրած ձեռքը հիմա արդեն գրկում է զավակներին, փաղաքշում, իսկ աչքերից արցունքներ են հոսում…

Մարգարիտան իր բալիկներին շատ է պատմել հերոս քեռու մասին, մեր մյուս ազատամարտիկների մասին։ Երբ հեռուստացույցով Շուշիի մասին որևէ հաղորդում է լինում, երեխաները ոգևորված կանչում են. «Մամ, մամ, շուտ արի, քեռիի Շուշին են ցույց տալիս»։

«Երվանդը միշտ ասում էր. «Էնքան լավ քեռի եմ լինելու, լավ նվերներ եմ առնելու»։

Ամենամեծ նվերը քրոջդ զավակներին ու մեզ բոլորիս, Երվա՛նդ, դու և քեզ նման նվիրյալ քաջորդիներն եք պարգևել, դա ազատագրված հողն է։ Քույրդ՝ Մարգարիտան, այսօր հայկական բանակում է ծառայում, այն բանակում, որը կայացավ, իրականություն դարձավ ձեր կյանքի գնով։

-Շատ եմ ուզում, որ մեր ազգային բանակն այնքան հզորանա, որ թշնամու մտքի ծայրով իսկ չանցնի ոտք դնել մեզ համար սուրբ ու հարազատ հողի վրա,- ասում է Մարգարիտան,- թող էլ երբեք չխաթարվի մեր Հայաստան աշխարհի անդորրը, ու ամենակարևորը՝ թող չլինեն որդեկորույս մայրեր… Երբ մայր ես դառնում, է՛լ ավելի ես արժևորում խաղաղությունը։ Ուզում եմ՝ աշխարհը մոր սրտով գնա…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հ.Գ. -Շնորհավորում եմ քեզ, սիրելի՛ Մարգարիտա,
Մարտի 8-ի առթիվ, երջանկություն մաղթում ու
կրկնում եմ քո իսկ ցանկությունը՝ թող աշխարհը մոր սրտով գնա։

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/03/2012