Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
24 ՏԱՐԻ՝ ԲԱՆԱԿՈՒՄ
24 ՏԱՐԻ՝ ԲԱՆԱԿՈՒՄ

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության բաժնի ավագ սպա մայոր Գայանե Գրիգորյանը 24 տարի զինվորական համազգեստ է կրում...

-Տիկին Գայանե, փաստորեն Ձեր զինվորական կենսագրությունը ավելի մեծ է, քան մեր բանակը։

-Այո՛, քանի որ ես զինվորական ծառայությունն սկսել եմ նախքան մեր բանակի կազմավորվելը։ 1988-ի հունվարին Երեւանի Սպենդիարյանի շրջանի զինկոմիսարիատում՝ որպես 2-րդ բաժնի գործավարուհի, որտեղ եւ ստացել եմ իմ առաջին զինվորական կոչումը։ Ես շարքայինից եմ սկսել…

-Սիրել՞ եք զինվորական գործը, ինչպե՞ս որոշեցիք անցնել զինվորական ծառայության…

-Միշտ սիրել եմ զինվորական համազգեստը, պատկառանքով եմ նայել այն մարդկանց, ովքեր պաշտպանում են մեր երկրի սահմանները։ Նրանք ինձ համար եղել են քաջության, ազնվության, բարձր ինտելեկտի եւ հայրենասիրութան խորհրդանիշ։ Առհասարակ մեր տանը հայրենասիրությունը եղել է ամենահարգված, ամենաբարձր մարդկային արժանիքը։

-Ես շատ եմ սիրում լսել հայ ընտանիքի պատմություն։ Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ այդ պատմությունը լինի ապշեցնող, զգայացունց… Ամենասովորական հայ ընտանիքում կգտնես ինչ-որ յուրահատուկ երանգ, կոլորիտ…

-Մենք համերաշխ ընտանիք էինք։ Մեր ընտանիքում մեծ հոգատարություն կար միմյանց հանդեպ։ Մեծերից էր գալիս, ու մեզ սովորեցնում էին կիսել միմյանց հոգսը, օգնել իրար եւ երբեք չխուսափել աշխատանքից։ Ես մանկուց օգնել եմ մայրիկիս, խնամել ընտանիքի կրտսեր անդամներին։ Հոգսն ու պարտականությունը ինձ ուղեկցել են վաղ տարիքից։ Ծնողներս գիտեին կրթության հարգը եւ մեզ հորդորում էին լավ սովորել… Պարտք ու պարտաճանաչություն… այս բառերի իմաստը ես խորապես եմ հասկացել…

…Օջախի ջերմությունը ոչ մի վայելքի հետ չես համեմատի… Հորս նվագը բոլորիս տուն էր կանչում։ Մենք հավաքվում էինք նրա շուրջը ու լսում։ Հիմա ես կդժվարանամ ասել, թե ինչպես էր նվագում հայրս… բայց դա ամենագեղեցիկ երաժշտությունն է, որ լսել եմ երբեւէ… Իսկ երբ ես էի առաջին մեղեդիները նվագում քանոնով՝ կցկտուր, անվարժ… Հայրս հիացած լսում էր… Չեմ մոռանա նրա դեմքը՝ գորովանքով, հիացած, ջերմ… Չգիտեմ, կարողացա ինչ-որ բան փոխանցել այն ջերմությունից ու կարոտից, որ հիմա կա սրտիս մեջ ընտանիքս հիշելիս…

-Երբ թերթում էի Ձեր կենսագրությունը, տեղեկացա, որ Ձեր ամուսինը եղել է ազատամարտիկ եւ զոհվել է Արցախյան պատերազմում։

-Մենք չորս տարի ապրեցինք միասին… Կարծում եմ՝ ես չկարողացա խորապես ճանաչել նրան… Եթե նախքան Արցախյան պատերազմը ինձ ասեին, որ ամուսինդ կթողնի քեզ ու մանկահասակ որդուդ ու կգնա հայրենիքի համար զոհաբերվելու, ես չէի հավատա։ Հովհաննեսի մեջ պաթետիկ ոչինչ չկար, երբեք չէր խոսում հայրենասիրությունից… Կայուն տղամարդ էր, անկախ, համառ… Բայց այդ ամենը՝ առանց ցուցադրականության։ Նրա ներքին ուժը միշտ էլ նկատել եմ։ Նա սիրո ցույցեր չէր անում, բայց չէիր կարող չնկատել ե՛ւ իմ, ե՛ւ որդուս հանդեպ ինքնամոռաց նվիրվածությունը…

Երբ սկսեց Արցախյան պատերազմը, միանգամից կերպարանափոխվեց… ասես նոր սեր գտավ։ Պիտի անկեղծ լինեմ՝ ամեն ինչ արեցի, որ հետ պահեմ, որ չգնա ճակատ, բայց բոլոր ջանքերս ապարդյուն եղան։

…Երբ ծանր վիրավորվեց, ու տեղափոխեցին հիվանդանոց, ցավի, տառապանքի.. հանուն կյանքի գերմարդկային պայքարի 18 օր ապրեցինք միասին… Ու ես հասկացա, որ չեմ ճանաչել ամուսնուս։ Այնուամենայնիվ, չեմ նկատել այն ահռելի ուժը, բացառիկ կենսունակությունը, տոկունությունը, խիզախությունը, որ կա նրա հոգում…

…Ես չգիտեմ, թե ինչպես է կռվել նա առաջնագծում, բայց շատ հերոսաբար հեռացավ կյանքից… Ցավը տանում էր ատամները սեղմած։ Իսկ երբ դեղերի ազդեցության տակ ցավը նահանջում էր, սկսում էր կատակներ անել… Նա ծիծաղում էր մահվան վրա…

-Պատմո՞ւմ եք Ձեր որդուն հոր մասին…

-Չէ… Այդքան տարիներ են անցել, բայց մեզ համար այդ կորուստը շատ ծանր է։ Ամուսնուս հողին հանձնեցին մեծ շուքով ու հանդիսավորությամբ։ Որդիս արդեն մեծ է եւ «որոնում է» հորը։ Նա գույն առ գույն հավաքում է հոր կերպարը…

-Նման է հորը։

-Շատ։ Երբեմն՝ ապշելու աստիճան… Հոր բնավորությունն ունի։ Դեռեւս դպրոցական տարիքից փորձում էր աշխատել եւ օգնել։ Նա օտար լեզուների ինստիտուտն ավարտեց, ինքնուրույն աշխատանք գտավ… Համարյա հոգս չի պատճառել ինձ… Հայրը կողքին չէր, ու ժամանակից շուտ հասունացավ, ինչպես բոլոր անհայր տղաները…

-Ձեր կյանքի ուղիղ կեսը բանակում եք անցկացրել… Պիտի որ կապված լինեք համազգեստին, բանակային իրականությանը, զինվորական ավանդույթներին…

-Կապվել եմ։ Մարդու արժանիքը կողքինին օգնելու պատրաստակամությունն է… Ընկերներս օգնել են ինձ։ Եվ դա իմ կյանքի ամենամեծ բարեբախտությունն է… Այն գիտակցումը, որ դժվարության պահին կլինեն մարդիկ (քո ընկերները), որ կկանգնեն թիկունքիդ, կօգնեն հաղթահարել հոգսերդ, ուժ է տալիս ապրելու եւ առաջ գնալու։

-Ձեր երկարամյա ծառայությունը ազգային բանակում գնահատվել է մեդալներով՝ «Անբասիր ծառայության», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան»։ Ի՞նչ խորհուրդ ունեն դրանք Ձեզ համար։

-Գնահատված լինելը միշտ էլ ուժ է տալիս, ոգեւորում է, իմաստավորում է չարչարանքդ, զրկանքներդ… ստիպում է չզղջալ նվիրումիդ համար։ Քեզ վարձատրված ես զգում։

-Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել մեր զինուժը հաջորդ 20-ամյակում։ Ամենակարեւոր ձեռքբերումը, որ ակնկալում եք։

-Նախ ուզում եմ շնորհավորել ու փառք տալ մեր ժողովրդին, որ կարողացավ ստեղծել իր բանակը եւ իր տունը պաշտպանել սեփական ուժերով։ Բոլոր զինծառայողներս հպարտությամբ տոնում ենք մեր բանակի 20-ամյակը եւ վստահաբար ասում, որ բոլոր ձեռքբերումները եւ հաղթանակները անշրջելի են։

Ինչ վերաբերում է ակնկալվող ձեռքբերումներին… Ուզում եմ, որ հայկական բանակի զինվորներն ավելի օրինավոր, իսկ սպաները ավելի հոգատար լինեն։

-Շնորհավորում եմ բոլոր զինծառայող կանանց տոնը, մաղթում եմ սեր և երջանկություն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ