Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՄՈ-ՆՈ ՍԵԿԿՈՒ, ՀԻՆԱ ՄԱՑՈՒՐԻ ԵՎ ԱՅԼՆ



Բոլորս էլ գիտենք, որ ԱՊՀ եւ եվրոպական շատ երկրներում Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր կամ Կանանց համերաշխության ու պայքարի օր, ինչը Կլարա Ցետկինից եւ Ռոզա Լյուքսեմբուրգից մեզ հասած ժառանգությունն է: Հայաստանում նույնիսկ միամսյակ է հայտարարված, որն սկսվում է մարտի 8-ին եւ ավարտվում Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման օրը` ապրիլի 7-ին (դա նաև Անահիտ մայր-դիցուհու ծննդյան օրն է): Աշխարհի այլ երկրներում նման տոներ կան, սակայն տարբերվում են իրենց ավանդույթներով:

Շատ երկրներում նշվում է Մոր օրը: Վրաստանում այն մարտի 3-ին է, Մեծ Բրիտանիայում` մարտի 26-ին, իսկ շատ այլ երկրներում` մարտի 13-ին: Բացի այդ, մարտի 8-ին նշվում են նաեւ այլընտրանքային տոներ, ինչպիսիք են, օրինակ, Տատիկների օրը Ֆրանսիայում (մարտի առաջին կիրակին) կամ էլ Աղջիկների օրը Ճապոնիայում: Կան երկրներ էլ, որոնք այս օրը նշում են կանանց հետ բոլորովին կապ չունեցող տոներ: Օրինակ` Սիրիայում մարտի 8-ին նշվում է Հեղափոխության օրը, իսկ Լիբերիայում` Նահատակների հիշատակի օրը:

Ճապոնիայում մարտ ամիսը կանանց ամիս է համարվում: Տոնվում է ոչ միայն մարտի 8-ը, այլեւ Դեղձենիների ծաղկման տոնը (Մոմո-նո սեկկու), Աղջիկների տոնը, որն ավելի շատ հայտնի է որպես Տիկնիկների տոն (Հինա մացուրի): Սկզբում այն նշվում էր երրորդ ամսվա երրորդ օրը` որպես սեզոնային իրադարձություն, քանի որ այս ժամանակ գյուղացիները համեմատաբար ավելի ազատ էին գյուղատնտեսական աշխատանքներից եւ կարող էին ուրախանալ առաջին տաք օրով, երբ սկսում են ծաղկել դեղձենիները:

Հեյանի դարաշրջանի (794-1185թթ.) հին ճապոնական ավանդույթների համաձայն` այս օրը անվանի ընտանիքները կախարդների էին հրավիրում, որոնք հատուկ աղոթքներ էին անում, որպեսզի մարդկանց բոլոր դժբախտությունները փոխանցվեն թղթե տիկնիկներին (նագսի-բինա), որոնց հետո բաց էին թողնում լողալու գետում կամ ծովում:

Տոնը մեծ տարածում է ստանում 18-րդ դարում, իսկ նրա հիմնական նշանակությանն ավելանում է հետեւյալ սովորույթը. այն տներում, որտեղ աղջիկներ կային, կազմակերպում էին հարուստ հանդերձանքով տիկնիկների ցուցահանդեսներ, որոնք պատկերում էին կայսերական արքունիքի կյանքն ու սովորույթները:

Այսօրվա Ճապոնիայում այս սովորույթը մի փոքր փոխվել է: Թղթե տիկնիկների փոխարեն ցուցադրվում են մետքսյա զգեստներով զարդարված կավե տիկնիկներ: Ամենալավ սենյակում հատուկ դարակի վրա դասավորվում է տիկնիկների հավաքածուն, որը փոխանցվում է սերնդե-սերունդ: Սովորաբար, երբ ընտանիքում աղջիկ է ծնվում, ծնողները տիկնիկների նոր հավաքածու են գնում, որն այնուհետեւ ավելանում է ազգականների ու ընկերների նվիրած տիկնիկների հաշվին:

Որպես կանոն, հավաքածուում լինում է ոչ պակաս, քան 15 տիկնիկ, որոնք հագած են կարմիր գույնի հին բազմաշերտ հագուստներ: Առավել արժեքավոր եւ հարուստ զարդարված են կայսերը եւ կայսրուհուն պատկերող տիկնիկները, որոնք հնադարյան մետաքսյա ծիսական հագուստներով են:

Տիկնիկների ցուցահանդես պետք է պատրաստել մինչեւ մարտի 3-ը, քանի որ, ըստ հավատալիքի, ավելի ուշ պատրաստելու դեպքում դա կարող է ամուսնության ժամկետը հեռացնել: Զարդարվում է նաեւ սենյակը: Առաստաղից կախում են բալի ու մանդարինի ծառի արհեստական ծաղիկներից պատրաստված գնդեր, որոնցից իջնում է մետաքսե ժապավեն:

Տոնի օրը աղջիկները, շքեղ կիմոնո հագած, միմյանց հյուր են գնում, նվիրում եւ ստանում են նվերներ, համտեսում են հատուկ քաղցրավենիք եւ հիանում տիկնիկներով: Ահա այսպես, աղջիկներին անբռնազբոս սովորեցնում են լավ վարքի կանոններ, բնավորության այնպիսի գծեր, որոնցով պետք է օժտված լինի կինը, սրտացավ վերաբերմունք արժեքավոր իրերի նկատմամբ` զսպելով սեփական ցանկությունները եւ կամակորությունը:

Ի դեպ, սա աղջիկներին նվիրված միակ տոնը չէ Ճապոնիայում: Ամեն տարի նոյեմբերի 15-ին մեկ այլ տոն էլ է նշվում, սակայն միայն նրանց համար, ովքեր երեք եւ յոթ տարեկան են: Այս օրը աղջիկներին տիկնիկների նման վառ գույնի կիմոնո են հագցնում, այտերը վարդագունացնում, մազերին հնաոճ սանրվածք տալիս եւ տանում սինտոիստական տաճար` երեխաների առողջության ու բարեկեցության համար աղոթելու: Այս տոնը կապված է այն բանի հետ, որ սամուրայական ընտանիքներում աղջիկներին երեք տարեկանից թույլատրվում էր մազերը երկարացնել, իսկ յոթ տարեկանից էլ` քուղի փոխարեն գոտիով կիմոնո հագնել:

Ամեն տարի Ֆրանսիայում մարտի առաջին կիրակին նշվում է Տատիկների տոնը: Սովորաբար սա 55 տարեկանից բարձր կանանց տոնն է, որոնք, ի դեպ, բոլորովին էլ նման չեն դժբախտ ու տխուր թոշակառուների, այլ շատ ակտիվ կյանք են վարում: Ավելի շուտ, այս տոնը թոռների համար հնարավորություն է մեկ անգամ եւս իրենց հարգանքն արտահայտելու եւ այցելելու տատիկներին: Զբոսաշրջային ընկերությունները տոնի առթիվ տատիկներին իրենց թոռների հետ առաջարկում են ավտոբուսով անվճար ճամփորդություններ, ռեստորանները հատուկ ճաշացանկեր են առաջարկում, իսկ խանութներում հատուկ բաժիններ են բացվում, որտեղ տատիկները կարող են զեղչով ապրանքներ գնել: Ի դեպ, տատիկներին հատուկ գնով նույնիսկ Դիսնեյլենդի տոմս է տրվում:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Հոգևոր-մշակութային


14/03/2012