Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ «ԻՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ՕՐԱԳՐԻՑ



Ուղղաթիռը թեթև ճոճվելով սահում էր ամպերի փաթիլների վրայով։ Սկզբում ոչինչ չէր երևում։ Եվ հանկարծ բացվեց ինձ համար ցավալի մի տեսարան՝ Լաչինի ավերակ ու անշունչ տները, այգիները։ Այնքան սոսկալի էր, որ ակամա խղճացի ադրբեջանցիներին, որ արցունքն աչքին, անեծքը շուրթերին թողել են տունն ու տեղը, իրենց օջախը, ապրուստը։ Սիրտս լցվեց։ Ինքս իմ աչքին թուլամորթ երևացի (ախր, գնում էի պատերազմ, գնում էի կռվելու և հաղթելու) և անմիջապես էլ սկսեցի սփոփել ինձ. «Մեղքն իրենցն է. մենք ազատագրում ենք մեր բուն՝ հայկական տարածքները»։

Թվում էր, թե ուղղաթիռը կախվել մնացել է այդ սրտաճմլիկ տեսարանի վրա՝ ավելի երկար նայելու և խորհրդածության տեղիք տալու համար։

Հանկարծ կրակոցներ լսվեցին։ Չհասկացա՝ ի՞նչ կատարվեց։ Անմիջապես պատուհանից քաշվեցի և հենվելով օդաչուներին մեզնից բաժանող դռանը՝ նստեցի գետնին։ Կարճ տևեց։ Կամավորականները անմիջապես սկսեցին ստուգել ուղղաթիռը. արդյոք մեծ վնաս չի կրել։ Օդաչուներից մեկը դուռը բացեց՝ հարցնելով` «Լա՞վ եք, տղերք»։ Եւ նայելով ինձ` ժպտաց. «Հը, վախեցա՞ր»։ Հետո ավելացրեց, որ մի քանի գնդակ դիպել է ուղղաթիռի հենց այն մասին, որտեղ ես մի քիչ առաջ նստած էի։ Եվ իրոք, վեր կացա, տեսա գնդակը ծակելով ուղղաթիռը՝ իմ թիկունքում խրվել մնացել էր օդաչուների դռան մեջ։ Մտքումս ասացի՝ չէ, երևում է, քեզ մեռնել չկա։

Ահա Շուշին, մանկուց իմ մեջ նրա հանդեպ հատուկ սեր է եղել, երազանք՝ տեսնել, շոշափել պատերը և զգալ մեր անպարտելիությունը, մեծությունը, վեհությունն ու գեղեցկությունը։ Սիրտս ուռչում էր անհուն ուրախությունից։ Վերջապե՜ս։ Ազատ է Շուշին, թեև վիրավոր։ Հոգ չէ, կապաքինենք նրա վերքերը, կծաղկեցնենք նորից։ Բայց մի թաքուն կսկիծ և ափսոսանք լցվել է հոգիս։ Չեմ հասկանում, վախենո՞ւմ եմ, ո՛չ. ափսոսո՞ւմ եմ, որ եկել եմ, նորից ո՛չ։ Ավելի ուշ զգացի, որ պարզապես ափսոսում եմ, որ չեմ մասնակցել նրա ազատագրմանը։

Ուղղաթիռը հարմար դիրք ընտրելով՝ զգուշորեն իջավ թավիշ կանաչին։ Շուշքենդ գյուղի վերևում էինք վայրէջք կատարել։ Հետաքրքրության համար ոտքով շատերի պես իջա գյուղ։ Պատգարակներով վիրավորներ էին տանում։ Շտապ օգնության մեքենաները նոր վիրավորներ էին բերում։ Գյուղից հեռանում էին կանայք, տատիկ-պապիկներ, երեխաներ… Ուզում էի բղավել. «Այդ ո՞ւր եք գնում, չեք տեսնում, մենք արդեն եկել, հասել ենք»։ Տեսա՝ չէ, էս մարդիկ շատ վախեցած են, չես կանգնեցնի։ Սկսեցի լավ բաների մասին մտածել. ահա մի քանի րոպեից ուղղաթիռը օդ կբարձրանա, և հույսը չի լքի այն մի քանի ծանր վիրավորներին, որոնց պատգարակներով ուղղաթիռ պիտի դնեն։

Շուշքենդը ամայի թվաց. մի էշ ու քուռակ իրենց համար արածում էին, հեռվից մի ծեր կին մեզ է նայում, փոշոտ, ցեխոտ փողոցում ուրիշ ոչինչ չկար։ Մի կերպ ոտքով հասա Ստեփանակերտ։ Ահա այն քաղաքը, որ այդքան լսել էի, որի համար այնքան տանջվել ու տնքացել էի թաքուն։

Շուրջս նայելով, դանդաղ, մտորելով քաղաքի և իմ հետագա անելիքների մասին, հասա հոսպիտալ։ Ամեն ինչ հետաքրքրում էր ինձ, ժամ առաջ ուզում էի ծանոթանալ քաղաքին։ Զանգահարեցի ինձ տված հասցեով։ Հինգ րոպեից եկան իմ ետևից։ Երևանում, երբ դեռ վիրավորների էի խնամում, նրանցից մեկը, իմանալով իմ մտադրությունը՝ ազատամարտիկներին միանալու և կռվելու մասին, տվեց ընկերոջ՝ Գագիկի հասցեն, որ ինձ օգնի։

Թեթև ճաշելուց հետո Գագիկին խնդրեցի, որը շիկահեր, մեծ, կանաչ աչքերով երիտասարդ էր և զբաղվում էր հոսպիտալի բարդ սարքավորումները վերանորոգելով, որպեսզի ինձ ծանոթացնի քաղաքին։ Շրջեցի քաղաքով՝ փողոց առ փողոց, թաղ առ թաղ ու հանկարծ ինքս ինձ համար հայտնագործություն արեցի. «Այո՛, Լենինգրադը հերոս քաղաք էր, որ դիմադրեց ֆաշիստներին, բայց Ստեփանակերտն ավելին է՝ հերոս քաղաքների հերոսն է»։

Շարունակելի

ՍԻԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ (ՍՅՈՒԶԻ)
լեյտենանտ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Հոգևոր-մշակութային


14/03/2012