Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԴՐԱՆԻԿԱՊԱՇՏԸ
ԱՆԴՐԱՆԻԿԱՊԱՇՏԸ

…2011թ. դեկտեմբերի 23-ին իր երկրային կյանքը ավարտեց սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր (1958թ.), «Զորավար Անդրանիկ» հ/կ նախագահ Նորայր Թագվորի Մուշեղյանը։ Մշեցի հոր եւ սեբաստացի մոր զավակը ծնվել է Երեւանում 1936թ. նոյեմբերի 4-ին։ Նրա գլխավորած «Պատանի ըմբշամարտիկների դպրոցը» աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության իսկական դարբնոց էր։ Դպրոցի սաներից շատերը մասնակցել են Արցախյան ազատամարտին, իսկ սպորտի վարպետ Հակոբ Գասպարյանը արժանացել «Երկրորդ աստիճանի մարտական խաչի» (հետմահու)։

Մուշեղյանը առանձին պաշտամունք ուներ Զորավար Անդրանիկի հանդեպ։ Նրա նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով բարեկարգվեց Վառնայի Գալաթիա թաղամասում գտնվող Զորավարի տուն-թանգարանը։ Ներդաշնակ զարգացած մարդ էր` արվեստի եւ Հայոց պատմության մասին նրա գիտելիքները զարմանք ու հիացմունք էին պատճառում մերձավորներին։ Իսկ նրա մարդկային հատկանիշները պաշտամունք էին առաջացրել ոչ միայն Հայրենիքում։ Համահայկական խաղերի օրերին «Զորավար Անդրանիկ» թանգարանում հյուրընկալվող սփյուռքահայերից ամենատարեցը անսպասելիորեն թեքվեց ու համբուրեց Մուշեղյանի ձեռքերը… Նրա ուժեղ ու բարի ձեռքերը… Գնամ Հայրենիք, համբուրեմ Մուշեղյանի ձեռքերը… Մուստաֆա Դաղստանլուն հաղթող ձեռքերը։ Այս է եղել նրա ուխտագնացության նպատակը։ Իսկ թուրք փառաբանված ըմբիշ Դաղստանլին, Մուշեղյանին պարտվելով աշխարհի առաջնությունում (1958) գրկեց ու համբուրեց` ասելով. «Մաշալլահ Մուշեղյանի… Մաշալլահ»…

1999-ին վրացի հանրահայտ ըմբիշ Գիվի Կարտոցիոն (1948թ. աշխարհի չեմպիոն) արդեն մահամերձ, շշնջում էր «…ուզում եմ Նորիկին տեսնել»։

…1990թ. հունվար, եվրոպական անձնագրով Երեւանում հայտնված ադրբեջանցի ըմբիշը դիմեց Մուշեղյանին. «…Հազար ներողություն, Նորա՛յր… հազիվ կարողացա 180 հոգու փրկել»: (Այդ նա էր ինքնաթիռ վարձել եւ Մոսկվա ուղարկել Բաքվի ջարդից փախստական հայերին… այդ թվում նաեւ շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովին…)։

…Այո՛, դժվար է հավատալ, թե ինչպես ենք մտնելու յուրաքանչյուրիս համար հարազատ դարձած օջախը, չենք տեսնելու քո մեղմ ժպիտը, չենք սեղմելու քո բարի եւ ուժեղ ձեռքը, չենք լսելու քո գովասանքի եւ կշտամբանքի խոսքերը /մեր լավ ու վատ գործերի համար։ Դե ինչ, գնաս բարով եւ մնաս բարով, հարգարժան ու սիրելի բարեկամ:

Երդում

1957թ. հուլիսի 12։ Ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Ստամբուլի Միդհաթ փաշայի անվան մարզադաշտն ալեկոծվում էր հազարավոր թուրք մարզասերների բացականչություններից։ Ըմբշամարտի համար հարմարեցված ասպարեզում էին թուրք փառաբանված ըմբիշ Մուստաֆա Դաղստանլին եւ 22-ամյա հայ ըմբիշ Նորայր Մուշեղյանը։ Աշխարհի, բալկանյան եւ օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնը ոչինչ չկարողացավ հակադրել երիտասարդ հայ ըմբիշի՝ մեկը մյուսին հաջորդող հնարքներին։ Դեռ ավելին, ցուլի պես խոյահարելու համար առաջ նետվող Դաղստանլին ինքը հայտնվեց… մեջքի վրա, այն էլ գորգից դուրս։

Թուրք հանդիսականներից ոչ մեկը չհավատաց, որ պարտվողն իրենց կուռքն է։ Սակայն դատավորներն այդ ձեւակերպեցին որպես արգելված հնարքի կիրառում։ Նորայր Մուշեղյանը գրավեց երկրորդ տեղը։

Երեւանում բարեկամները Նորայրին դիմավորեցին որպես հերոսի։ Սակայն դիմավորողների հետ չէր նրա հայրը՝ մշեցի վարպետ Թագվորը։

Հայրը նրան տանն էր սպասում, նա անձայն ու խիստ հայացքով նայելով որդուն, կարծես ասում էր. «Այդ ո՞ւմ պարտվեցիր»։

«Հայրիկ, ես խոստանում եմ՝ հաջորդ տարի նրան կհաղթեմ, երդվում եմ»։

«Տեսնենք»,□ ոչ այն է թերահավատորեն, ոչ այն է հույսով, նայեց որդուն ու հետո պատուհանից դուրս երեւացող Արարատին…

Հավատացյալ հայորդին եղավ Սուրբ էջմիածնում, մոմ վառեց Մայր Տաճարում։ Աղոթում էր, որ գոնե մեկ անգամ նորից հանդիպի Դաղստանլուն։

1959թ., Սոֆիա։ Վասիլ Լեւսկու անվան մարզադաշտ… Աշխարհի գավաթի խաղարկությունում Նորայր Մուշեղյանը հաղթեց Մուստաֆա Դաղստանլուն։

Երեւանում առաջինը դիմավորեց հայրը։ Վարպետ Թագվորը որդու ճակատը համբուրեց եւ ասաց. «Ապրե՛ս, զավակս, շա՛տ ապրես, որ երդումդ պահեցիր…»։

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ