Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԽԱԿ ՄԵԽԱԿՅԱՆԻՆ

Կործանող նիրհից ազգը արթնացավ,

Բողոքեց ըմբոստ ու ոտքի ելավ

Ընդդեմ ոսոխի, որ նենգ, տմարդի

Փորձում էր կուլ տալ փոքրիկ կտորը

Հայոց աշխարհի:

Արդարություն էր հայը պահանջում,

Արցախն էր կանչում….

Սերտել էր էջերն հայոց պատմության,

Մեխակը գիտեր ցավը իր ազգի,

Կորուսյալ Էրգրի կարոտը սրտում

Կարծես լսում էր կանչը մայր հողի:

Նա զենք վերցրեց ու ոգով արի

Մտավ շարքերը կամավորների,

Նոր էջ գրելու հայոց պատմության,

Փառավոր մի էջ, որ նախաբանն էր

Մեր նոր զարթոնքի ու վերածնման:

Առաջին մարտեր… Շատ էր թշնամին,

Սակայն չերկնչեց անվախ հայորդին,

Դյուցազնի նման նա նետվեց մարտի,

Որ թուրք-ազերի հորդան բարբարոս

Հարազատ ու սուրբ հողը չպղծի:

Հերոսամարտեր… Հադրութ, Ֆիզուլի,

Հաթերքի կռվում ոգին էր մարտի,

Ղեկավարելով Երկրապահներին

Մատաղիս մտավ դափնով հաղթողի:

Բայց հաղթանակը հեշտ չէր նվաճվում,

Տառապանք ու վիշտ, զրկանքներ բազում,

Ընկերոջ կորուստ, վերքեր ու արյուն

Դիմացավ, տարավ ամեն փորձություն

Քանզի իր գործը նպատակ ուներ,

Չէ որ Արցախից պիտ սկիզբ առներ

Հզոր պայթյունը Հայկյան էթնոսի,

Ու ալիք տալով պետք է ընդգրկեր

Մի ողջ լեռնաստան….

Մարտակերտ…Վերջին մարտերն էին մղվում,

Անհամբեր էր նա, հանգիստ չէր գտնում,

Ուս ուսի տված հայ մարտիկներին`

Առաջին շարքում

Մեծ հաղթանակի, պայծառ գալիքի

Օրն էր մոտեցնում…

Կարծես հավերժի ու անմահության

Ուղին էր փնտրում….

Գարուն էր…Մայիս…Արտույտն էր երգում,

Ծաղկունք էր բուրում ազատ սարերում,

Այդքան երազած խաղաղությանը

Օրեր էր մնում,

Հերոսի հոգում ինչքան նոր հույսեր,

Ինչքան երազներ, մտքեր էին ծնվում…

Դավադիր ական….

Դու չկանգնեցրիր ընթացքը քաջի,

Այլ նոր թափ տվիր…

Ու նրա արյամբ ողողված հողից

Նորից կծնվեն բազում Մեխակներ`

Շարունակելու գործը հայ քաջի….

Անձնազոհության օրինակ տվիր,

Հայ Հավերժ Ոգու մասնիկը դարձար`

Ոգեշնչելու մեր պայքարն արդար,

Որ հզորացնենք երկիրն հայկական,

Ու միավորենք օրրանն հայության`

Միշտ վառ պահելով անունդ լուսե

Աննկուն զինվոր-մտավորական`Մեխակ Մեխակյան:

ՄԿՐՏԻՉ ՍԱՀԱԿՅԱՆ