Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԻ ՈՏՔԵՐԸ ԿԱՐՃ ԵՆ



ԽՈՋԱԼՈՒԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ

1. Խոջալուի այս անմեղ երեխաներն իրենց երկրի իշխանությունների զոհերն են:

Փետրվարի 26-ին լրանում է Խոջալուի ազատագրման (այժմ՝ Իվանյան) 20-ամյակը։ Շուրջ 7000 բնակիչ ունեցող այս գյուղաքաղաքը գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա և ժամանակին վերաբնակեցված էր հիմնականում մեսխեթցի թուրքերով: Այստեղ է Արցախի միակ օդանավակայանը, որը ցամաքային ճանապարհի բացակայության պայմաններում Հայաստանի հետ հաղորդակցվելու միակ միջոցն էր, ուրեմն և ֆիզիկական ոչնչացումից փրկվելու միակ ուղին: Լավ հասկանալով ադրբեջանցիներով բնակեցված Շուշիի, Աղդամի, Խոջալուի բարենպաստ աշխարհագրական դիրքն ու ռազմավարական նշանակությունը, ադրբեջանցիները, Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց շատ առաջ, դրանցում կենտրոնացրել էին ինչպես մեծաքանակ ռազմական տեխնիկա ու ռազմամթերք, այնպես էլ օմօնականների փորձառու ջոկատներ, անընդհատ գնդակոծում էին Ստեփանակերտն ու շրջակա հայկական գյուղերը: Ղարաբաղի բնակչությանը վերահաս բնաջնջումից փրկելու միակ միջոցը այդ վտանգավոր կրակակետերի վնասազերծումն էր, որին էլ 1992-ի փետրվարի վերջերին ձեռնամուխ եղան Արցախի աշխարհազորայինները: Առաջինը Խոջալուն էր:

Արդեն երկու տասնամյակ ադրբեջանական քարոզչությունը փորձում է համաշխարհային հանրությանը համոզել, որ հայերը Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն են իրականացրել։ Դեռ ավելին` ամեն տարի փետրվարի 28-ը Ադրբեջանն ու Թուրքիան նշում են իբրև «ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում կազմակերպված հայկական ջարդերի, հետագայում նաև` Սումգայիթում ու Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում ադրբեջանցի հրոսակների հայազգի բնակչության նկատմամբ կիրառած սպանդի, բռնությունների, տեղահանման միջև։ Իրականում ի՞նչ է եղել 1992 թվականի փետրվարի վերջերին Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խոջալու ավանում։ Թերթենք պատմության էջերը։

Խոջալուի կրակակետերի վնասազերծումը ղարաբաղցի ջոկատայինները ձեռնարկեցին 1992-ի փետրվարի 26-ին։ Ինչպես նշում են անկախ դիտորդներն ու լրագրողները, մինչև գրոհի սկսումը հայերը, գործելով Ժնևի կոնվենցիաներին համապատասխան, բարձրախոսներով հորդորել են բնակիչներին հեռանալ քաղաքից` անիմաստ զոհեր չտալու համար։ Այս և Խոջալուի դեպքերին վերաբերող այլ ճշմարտություններ տպագրելու համար ցայսօր անազատության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող, «Ռեալնի Ազերբայջան» և «Գյունդալիք Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը 2005 թ. «Ղարաբաղյան օրագիր» հրատարակման մեջ գրում է. «Հարձակումից մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսներով նախազգուշացնում էին բնակչությանը ծրագրվող գործողության մասին, առաջարկում քաղաքացիական բնակչությանը լքել ավանը և շրջապատումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով հատկացված մարդասիրական միջանցքով: Խոջալվեցիների խոսքով` նրանք օգտվել են այդ միջանցքից, և, իրոք, միջանցքի այն կողմում գտնվող հայ զինվորներն իրենց վրա կրակ չեն բացել»:

«…Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին` ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին պնդումներն անհիմն են: Միջանցք, իրոք, եղել է, այլապես լիովին շրջապատված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալվեցիները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը և դուրս գալ շրջապատումից: Այնինչ, Կարկառ գետից այն կողմ ընկած տեղանքը հաղթահարելով՝ փախստականների շարանը հանկարծ բաժանվեց, և, չգիտես ինչու, նրանց մի մասն ուղղվեց կամ ինչ-որ անձանց կողմից ուղղորդվեց Նախիջևանիկի կողմը: Թվում էր` Ադրբեջանի ժողովրդական ճակատի գումարտակները ոչ թե խոջալվեցիների ազատագրմանն էին ձգտում, այլ՝ Մութալիբովին տապալելու ճանապարհին ավելի շատ արյուն հեղելու: …Տարօրինակն ու զայրացուցիչն այն է, որ հայերի տեղատարափ կրակի տակ Աղդամի մատույցները դժվարությամբ հասնող մեր ուղղաթիռները` թողած մի կերպ Աղդամ հասած ու փրկված Խոջալուի բնակիչներին, հապշտապ այնտեղից տեղափոխում էին անասուններին: Ո՞վ էր նրանց այդպիսի սահմռկեցուցիչ հանձնարարություն տվել: Հայե՞րը…»:

Չեխ լրագրողուհի Դանա Մազալովան առաջիններից մեկն է տաք հետքերով լուսաբանել Խոջալուի դեպքերը:

Մեկնաբանություններն այստեղ, ավելի քան, ավելորդ են: Հոդվածի հեղինակին ձերբակալել և 2,5 տարվա ազատազրկման են դատապարտել 2007 թ. ապրիլին՝ «Խոջալուի բնակիչներին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով։ Ձերբակալությունից հետո արդեն նոր մեղադրանքներ են առաջադրվել, և 2007 թ. հոկտեմբերի վերջին Ֆաթուլլաևին դատապարտել են արդեն 8,5 տարվա ազատազրկման: Բանն այն է, որ Խոջալուն դարձնելով շահարկման առարկա, ադրբեջանցիները, ավելի ստույգ՝ Ժող. Ճակատը (Էլչիբեյի գլխավորությամբ), հետագայում էլ հայր և որդի Ալիևները, ինչպես ասում են, մի ձեռքով երկու ձմերուկ էին բռնում. նախ՝ երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար ժողովրդի թշնամի հայտարարեցին և իշխանությունից հեռացրին գործող նախագահ Այազ Մութալիբովին, հետո` Բաքվում ու Սումգայիթում, Կիրովաբադում ու Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանության հակակշիռ ստեղծելու նպատակով շինծու մեղադրանքներ վերագրեցին հայերին՝ թե իբր նրանք էլ Խոջալուում են սպանդ սարքել։ Այդ կեղծիքն ապացուցելու համար ադրբեջանցիները հավաքել են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած վայրագ սպանությունների լուսանկարներ, մոնտաժել, կցել-կցմցել ու իրենց նպատակներին ծառայեցնելու համար, տարբեր լեզուներով հրատարակելով, տարածում են աշխարհով մեկ` մեղադրելով հայերին ցեղասպանության համար։ Այսինքն, ճիշտ այնպես, ինչպես այսօր իրենց եղբայր թուրքերն են վարվում իրենց կողմից բռնազավթված հայկական տարածքներում հայտնաբերված զանգվածային թաղումների հետ` հայտարարելով, որ դրանք հայերի ձեռքով սպանված թուրքերի մարմիններն են, հայերը Թուրքիայում ցեղասպանություն են իրականացրել։

Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել Խոջալուում։

Արտասահմանյան, հայկական, ադրբեջանական անկախ աղբյուրների, Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի ասածների վերլուծությունները ցույց են տալիս, որ Աղդամում տեղակայված ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները դիտմամբ ապակողմնորոշել են Խոջալուի բնակիչներին` այդ ժամանակ դեռևս իրենց ձեռքի տակ գտնվող Աղդամի փոխարեն ուղարկելով իբրև արդեն ադրբեջանցիների կողմից ազատագրված հայկական Նախիջևանիկ գյուղ։ Ընդհարվելով գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ և տալով մի քանի տասնյակ զոհ, խուճապահար ադրբեջանցիները փախչում են դեպի Աղդամ։ Հենց Աղդամի մոտ էլ տեղի են ունենում ադրբեջանցիների զանգվածային սպանությունները հատուկ հանձնարարություն ստացած յուրայինների ձեռքով։ Այս տարածքը տեղավորված է Աղդամից 3,5 և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա և մինչև 1993 թվականի հուլիսի վերջերը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ։ Ավելորդ է ասել, որ հայկական ջոկատների ներկայությունն այդ տարածքում անհնար էր։ Անկախ աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանցի զինվորները մթության մեջ նահանջող ադրբեջանցի զինվորներին ու Խոջալուի բնակիչներին շփոթել են կա՛մ հարձակվող հայերի հետ ու նրանց առել կրակի տակ, կա՛մ էլ, որն ավելի հավանական է, հատուկ միտումով ու հանձնարարությամբ ոչնչացրել են յուրայիններին, որպեսզի հետո ժողճակատայինները դիակները ազատորեն «ծառայեցնեն» իրենց նպատակներին` մանավանդ որ գնդակահարվածները ոչ թե ադրբեջանցի էին, այլ թուրք մեսխեթցիներ, որոնց նկատմամբ ադրբեջանցիներն այնքան էլ բարեհաճ չէին։

Խոսքը տանք Խոջալուի դեպքերի ականատես, չեխ լրագրողուհի Դանա Մազալովային. «Դիակներն առաջին օրն այլանդակված չէին, եւ բոլոր մահացածները հագուստներով էին։ Այդ դիակներն այլանդակվել են հետո»։ Նա նաեւ պատմել է Խոջալուի մատույցներում տեղի ունեցած այլ գազանությունների մասին։ Մազալովայի խոսքով, սկզբում կրակել են մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան փախչել, հետո կացիններով սպանել են ու հանել գանգամաշկը։ Մազալովան հայտնել է, որ ադրբեջանական կողմից Խոջալուի դեպքերը ճշմարտորեն լուսաբանել է միայն հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևը, որը 1992թ. հունիսի 15-ին Նախիջևանիկի մոտ զոհվել է այն բանից հետո, երբ DPA գործակալությանը տված հարցազրույցում կասկածել է, որ «Խոջալուի ողբերգության» մասին իր և հետագայում իրեն վերագրվող ու իշխանամետ լրատվամիջոցների կողմից աշխարհով մեկ սփռվող կադրերի տարբերությունն ահռելի է: Ճշմարտության հրապարակման զոհ է դարձել նաև «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը` անհայտ չարագործի ձեռքով 2005 թվականի մարտի 2-ին սպանվելով իր տան շեմին: Խորհրդավոր հանգամանքներում զոհվել է նաև շուրջ 10 հոգի, որոնք, ծառայության բերումով, Խոջալուի դեպքերի ականատեսն են եղել և կարող էին իշխանությունների հնարած առասպելներին հակառակ բացահայտումներ անել:

Կարելի է ասել, «բախտը բերել է» ճշմարտությունը բացահայտած միայն մեկ լրագրողի` Էյնուլլա Ֆաթուլլաևի, որը, ճիշտ է, չի սպանվել, բայց արդեն քանի տարի սուտ մեղադրանքներով գտնվում էր ճաղերի հետևում։ Լրագրողի մեղքն այն էր, որ ասել է, թե հայերը, իրոք, մարդասիրական միջանցք թողել են, իսկ Ադրբեջանի ցայսօր ցուցադրվող կադրերը Մուստաֆաևի նկարահանածները չեն, այլ՝ սարքովի:

1992թ. ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ասել է. «Ինչպես ասում են այն խոջալվեցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի իմ հրաժարականի համար առիթ լինի։ Ինչ-որ ուժ է գործել նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ ճշտորոշ կերպով և գործիմացությամբ էին վարվում նման իրավիճակներում, կարող էին թույլ տալ ֆաշիստական գործողություններ, որպեսզի փաստ լինի ադրբեջանցիների համար… Եթե ես հայտարարեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության ձեռքի գործն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ։ Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնված է եղել։ Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին։ Առավել ևս, Աղդամին մոտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ ուժեր կային (ադրբեջանական. – Ա.Ա..), որպեսզի դուրս գան և օգնեն մարդկանց»։

Մինչդեռ Խոջալուի բնակիչներից սպանված շուրջ հարյուր քաղաքացիական անձանց գտել են բուն գյուղից 11-12 կիլոմետրի վրա, Աղդամի շրջանի վարչական սահմանին գտնվող Նախիջևանիկ հայկական գյուղի և Աղդամի մերձակայքի ադրբեջանական դիրքերի միջև ընկած դաշտում։ Այդ տարածքն այն ժամանակ լիովին վերահսկվում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի՝ նախագահ Մութալիբովին ընդդիմադիր կառույցի հատուկ նշանակության ջոկատների կողմից։ Ավելին, այն բանից մեկ օր անց, ինչ այդտեղ էին տարվել լրագրողները, այդ թվում և արտասահմանյան, ինչ-որ մեկը նորից է վերադարձել այդ դաշտը, որպեսզի որոշ դիակներ պղծի արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների` ողբերգության վայր այցելությունից առաջ։ Ադրբեջանի այն տարիների Գերագույն խորհրդի նախագահ Տ. Կարաևը ևս, ուզած թե չուզած, ասել է ճշմարտությունը՝ հայտարարելով, որ Խոջալուի դեպքերից ընդամենը երկու օր հետո Ժող. ճակատի առաջնորդ Էլչիբեյի կողմից իշխանությունը զավթելն ու Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելը Մութալիբովի ասածի լավագույն ապացույցն են։

Հավելենք նաև. երկու կողմից կատաղի կրակոցների պայմաններում հայերն այդ ինչպե՞ս մտան ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներ, հանուն ինչի՞ կյանքերը վտանգեցին ու այլանդակեցին ադրբեջանցիների դիակները։ Սուտն էլ պետք է տրամաբանված լինի…

Մի բան պարզ է. Խոջալուի անմեղ բնակիչները, որոնց մահվան համար ցավում է ինչպես աշխարհի ողջ մարդկությունը, այնպես էլ հայ ժողովուրդը, Ադրբեջանի իշխանություններ-ընդդիմություն կատաղի աթոռակռվի զոհերն են, հայերը` ակամա քավության նոխազ…

Վաղուց արդեն հայտնի է, որ ադրբեջանական ու թուրքական ստահոդ փաստարկները ինչ-ինչ նպատակների են ծառայում, և նրանց էժանագին բամբասանքներին հավատում են միայն հայատյաց յուրայինները:

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մակագրություն

1. Խոջալուի այս անմեղ երեխաներն իրենց երկրի իշխանությունների զոհերն են:

2. Չեխ լրագրողուհի Դանա Մազալովան առաջիններից
մեկն է տաք հետքերով լուսաբանել Խոջալուի դեպքերը:

Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


29/02/2012