Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄՈԳԵՐԸ



Դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական հակահետախուզական MI-5 ծառայությունը ակտիվորեն օգտվում էր աստղագուշակի ծառայությունից, որին, ըստ որոշ աղբյուրների, անվանում էին Լուիս դե Վոլ, իսկ մեկ այլ տեղեկության համաձայն` Լյուդվիգ ֆոն Վոլ: Լուրեր էին պտտվում, որ թեև նա ծնվել է Բեռլինում, սակայն սերում է հունգարական բարձրաստիճան ընտանիքից: Ըստ ականատեսների` Վոլը սիրում էր սիգար ծխել: Նշում են նաև, որ նա տրանսսեքսուալ էր, այսինքն` հագնում էր կանացի զգեստներ: Միաժամանակ, հետախուզական ծառայության մայոր Հիլբերտ Լեննքսը, որ Վոլի «խնամակալն» էր, բնութագրում էր նրան որպես շատ խելացի մարդու, որը նաև փայլուն քարոզիչ էր:

Ասում են, թե Վոլը կանխագուշակել էր Կրետե կղզու վրա Գերմանիայի հարձակումը, Միդուեի մարտը, ինչպես նաև` Ռոմմելի մոտ գեներալ Մոնտգոմերիի հաղթանակը: Բացի այդ` նշվում է, թե իբր նա կարողացել է գուշակել պատերազմի ընթացքը` Հիտլերի բախտացույցի օգնությամբ, որն ինքն էր կազմել:

2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բրիտանական ռազմական հետախուզության ներկայացուցիչները որոշում կայացրին աստղագուշակներին և ապագան կանխատեսող այլ օկուլտիստների նորից ընդգրկել ահաբեկչության դեմ պայքարում: Դրա համար նախատեսվել էր ծախսել 18 հազար ֆունտ սթերլինգ (մոտ 40 հազ ԱՄՆ դոլար):

Սկզբում հետախույզները դիմեցին մամուլում իրենց մասին գովազդ տեղադրած էքստրասենսներին` նրանցից ամենաճանաչվածներին առաջարկելով մասնակցել իրենց կազմակերպած փորձարկմանը: Ընդ որում, նրանք չէին էլ կռահում, որ այս ամենի կազմակերպիչները զինվորականներն էին: Նրանցից և ոչ մեկը չհամաձայնեց մասնակցել փորձարկմանը. կա՛մ վախեցան հանձնարարությունից, կա՛մ էլ, գուցե, վարձատրությունը չգոհացրեց:

Հենց այդ ժամանակ էլ զինվորականները որոշեցին դիմել ոչ այնքան հայտնի գուշակների օգնությանը, որոնց անունները այդպես էլ չհրապարակվեցին: Նույնիսկ գաղտնի փաստաթղթերում դրանք քողարկված են: Հայտնի է միայն, որ փորձաքննությունից առաջ նրանք բոլորը զննվեցին հոգեբույժի կողմից և միայն հոգեպես առողջ ճանաչվելուց հետո իրավունք ձեռք բերեցին մասնակցելու փորձարկմանը:

Մի շարք փորձարկումներ կատարվեցին 2001թ. վերջերին: Մասնակիցներին տեղավորեցին Լոնդոնից բավական հեռու գտնվող առանձնացված մի գյուղում: Նրանք փակ աչքերով պետք է կռահեին, թե ինչ է գտնվում վեց փակ ծրարներում. նրանց մեջ տեղադրված էին հայտնի հասարակական-քաղաքական գործիչների և բնության պատկերներով լուսանկարներ ու տարբեր մանր իրեր: Այս ծրարներում գտնվող լուսանկարների անձանց դեմքերը ծածկված էին սև քառակուսիներով, իսկ նրանցից մեկի հետևում հարց էր գրված. «ի՞նչ գույնի հագուստ է կրում նկարում պատկերված ասիացին»: Լրագրողների կարծիքով, նկարում պատկերված էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչ Ուսամա բեն Լադենը:

Կազմակերպիչների խոսքերով, երկու ամիս տևած փորձաշրջանի արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չէին: Փորձարկումների միայն 28%-ի դեպքում էին էքստրասենսները ճշմարտությանը մոտ պատասխան տալիս: Փորձարկման վերջում կազմված հաշվետվության ձայնագրության մեջ զինվորականները նշում են, որ հրաժարվում են շարունակել այս երևույթի հետազոտությունը, քանի որ այդ ուսումնասիրությունների արդյունավետությունը ցածր է:

Սակայն 168 էջանոց փաստաթղթի մոտ մեկ հինգերորդ մասը գաղտնի էր պահվում: Բրիտանիայի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Նիկ Պոուպը, որ մի ժամանակ զբաղվում էր անհայտ թռչող օբյեկտների և այլ տարօրինակ երևույթների վերլուծությամբ, կարծում է, որ այս փաստաթղթի մեջ քողարկված են ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանի իրականացրած հետազոտությունները, որոնք կատարվել էին Պենտագոնի պատվերով:

Հավաքված նյութերի մի մասը ամերիկյան գիտնականները համագործակցության նպատակով փոխանցել են անգլիացիներին: Եվ քանի որ ամերիկացիների կատարած ուսումնասիրության արդյունքները էականորեն տարբերվում էին անգլիացիների ստացած արդյունքներից, որոշում կայացվեց դրանք թաքցնել հասարակությունից: Թող մարդիկ մտածեն, թե բնության մեջ ոչ մի արտառոց երևույթ գոյություն չունի: Միայն թե ու՞մ կամ ի՞նչ նպատակով է դա պետք:

ԻՐԻՆԱ ՇԼԻՈՆՍԿԱՅԱ
«pravda.ru», 29.10.2008
Ռուսերենից թարգմանեց
ՄԻԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Պատմության էջերից


29/02/2012