Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՎ ԻՆՉԻ ԷՐ ԱՐԺԱՆԻ



Բոլորովին վերջերս ամերիկյան մամուլից տեղեկացանք, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը որոշել են արծաթե աստղով հետմահու պարգեւատրել 1960թ. ԽՍՀՄ տարածքում խփված հետախույզ օդանավի օդաչու Ֆրենսիս Հարի Փաուերսին։ Արծաթե աստղը ԱՄՆ-ում իր նշանակությամբ երրորդ պարգեւն է, որը տրվում է թշնամու դեմ արիություն ցուցաբերելու համար։ Ըստ ամերիկյան զինված ուժերի` Փաուերսը պարգեւի է արժանացել «Սովետական քննիչների դաժան հարցաքննությունների ժամանակ ցուցաբերած արիության եւ կեղծիքի, վիրավորանքի ու մահվան սպառնալիքի առաջ չընկրկելու համար»։ Ինչո՞ւ այդքան ուշացած պարգեւատրում։ Արդյոք այդպե՞ս է եղել։

1960թ. մայիսի 1-ին Սվերդլովսկի մոտ 20 հազար մետր բարձրության վրա խփվեց ամերիկյան «ՈՒ-2» հետախուզական ինքնաթիռը։ Պենտագոնում կարծում էին, թե ԽՍՀՄ-ում չկային համապատասխան միջոցներ, որոնք կհայտնաբերեին այդ բարձրության վրա թռչող ինքնաթիռը եւ առավել եւս՝ խոցել թիրախը։ Սակայն ԽՍՀՄ հակաօդային ուժերը դեռեւս 4 ժամ առաջ տեղեկացված էին, որ հետախույզ ինքնաթիռը օդ է բարձրացել եւ ուղղություն վերցրել դեպի ԽՍՀՄ։

Ինքնաթիռը խոցվեց այն ժամանակ դեռեւս գաղտնի հրթիռով, իսկ օդաչուն՝ Ֆրենսիս Հարի Փաուերսը, հրահանգի համաձայն փոխանակ հատուկ հաբ ընդուներ եւ ինքնասպանություն գործեր, հասցրեց պարաշյուտով թռչել ինքնաթիռից եւ որոշ ժամանակ անց հայտնվեց հատուկ ծառայությունների ձեռքում։ Նույն օրը նրան հասցնում են Մոսկվա։ Մեկ շաբաթ ամերիկյան կողմը համոզված էր, որ օդաչուն զոհվել է եւ պնդում էր, թե խփված ինքնաթիռը սովորական մարդատար ինքնաթիռ էր, որը պատահականորեն էր հայտնվել ԽՍՀՄ տարածքում։ Սակայն մայիսի 7-ին Ն. Խրուշչովը ի լուր աշխարհի հայտարարեց, որ օդաչուն ողջ է, եւ ինքնաթիռի հետախուզական նշանակությունն ապացուցող անհերքելի փաստեր ներկայացրեց։ Այս միջադեպի հետեւանքով ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի հարաբերությունները կտրուկ սրվեցին։ Նույն տարվա հուլիսին ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիան Փաուերսին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։ Բայց Փաուերսը ԽՍՀՄ-ում բանտարկված մնաց ընդամենը 18 ամիս։

Շուրջ 50 տարի առաջ՝ 1962թ. փետրվարի թխպոտ աղջամուղջին, Պոտսդամի մոտ Գլինիկերբրյուկե կամրջի վրա Փաուերսը փոխանակվեց 1957թ. Նյու Յորքում ձերբակալված եւ 30 տարվա բանտարկության դատապարտված խորհրդային հետախուզության նշանավոր դեմքերից մեկի՝ Վիլյամ Ֆիշերի հետ, որը հայտնի է Ռուդոլֆ Աբել անվամբ։ Փաուերսին դիմավորում էին ԿՀՎ-ի անվտանգության ծառայության աշխատակիցները։ Առաջինը բժիշկ-հոգեբանի հետ հանդիպումն էր, որը պետք է որոշեր, թե արդյոք ԽՍՀՄ-ում չե՞ն թունավորել Փաուերսին, եւ ի՞նչ չափով է նա ենթարկվել «ուղեղի լվացման»։

Փաուերսի` ԱՄՆ վերադառնալու կապակցությամբ մամուլում ինչ ասես որ չգրվեց. իբր գերության մեջ գտնվելով՝ նա մատնել է բոլորին։ Ինչպե՞ս պետք է վերաբերվեր Ամերիկան այն մարդուն, ով ձախողել է առաջադրանքը, եւ ինչո՞ւ գիտենալով, որ ո՛չ ինքը, ո՛չ «ՈՒ-2»-ը չպետք է ընկնեն թշնամու ձեռքը, նա չպայթեցրեց իրեն եւ ինքնաթիռը։ «Նա հերոս չէ, եւ նրան չպետք է այդպիսին համարել։ Սպիտակ տունը միանգամայն իրավացի է, որ նրան չի հրավիրում նախագահի հետ հանդիպման»,- գրեց «Նյուզ Դեյը»։

…Չնայած մամուլում եւ հասարակայնության շրջանում տիրող շիկացած մթնոլորտին, տարբեր աստիճանակարգերով երկարատեւ եւ հանգամանալից հարցաքննություններին, Փաուերսը արդարացվեց։ Որոշ ժամանակ անց նա աշխատանքի անցավ «Լոկհիդ» ընկերությունում` որպես փորձարկող օդաչու։ 1963թ. ապրիլին «ՈՒ-2» ծրագրին մասնակցած մի քանի օդաչուներ, այդ թվում եւ Փաուերսի հետ աշխատած որոշ անձինք պարգեւատրվեցին ԿՀՎ-ի ամենաբարձր պարգեւներից մեկով՝ «Հետախուզության աստղով»։ Ինքը՝ Փաուերսը այդ արարողությանը չէր հրավիրված։

Նրան չհանձնվեց նաեւ «Թռիչքային մարտական ծառայությունների համար» խաչը, որով նա պարգեւատրվել էր դեռեւս 1957 թվականին։ Ժամանակ անց Փաուերսը զրկվեց նաեւ աշխատանքից։ Նրան տեղեկացրին, որ «ՈՒ-2»-ի փորձարկման աշխատանքները պակասել են, եւ նրա ծառայությունն այլեւս հարկավոր չէ։

1977թ. օգոստոսին ամերիկյան մամուլում երեւաց հաղորդում այն մասին, որ ուղղաթիռային աղետից Լոս Անջելեսի մոտակայքում մահացել է Հարի Փաուերսը։

Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցավ Փաուերսի հետ փոխանակված խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելը։ ԽՍՀՄ-ում նրան դիմավորեցին որպես հերոսի։ Նա ձերբակալվել էր, երբ արդեն 50-ն անց էր։ Գտնվելով տագնապալի ու արտակարգ բարդ դրության մեջ, չէր հուսահատվել, չէր մատնել ոչ մեկին։ Դաժան պատժի սպառնալիքը՝ էլեկտրական աթոռի վրա մահը, անգամ ի զորու չէին եղել նրանից կորզելու որեւէ գաղտնիք։ Աբելի դատապաշտպան Դ.Դոնովան իր «Անծանոթները կամրջի վրա» գրքում հետագայում գրել է. «Այդ խիզախ հայրենասերը, անձնվիրաբար ծառայեց իր հայրենիքին։ Իր կյանքը փրկելու համար չարեց ոչինչ, ինչը կարող էր վնասել երկրի շահերին…»։ Ի տարբերություն Փաուերսի` նրա մեդալներն ու շքանշանները ժամանակին տրվեցին:

ՎՈԼՈԴՅԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Պատմության էջերից


29/02/2012