Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ



Անցնող ուսումնական տարին միշտ կհիշվի փոխգնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի տարեգրության մեջ, որովհետեւ այն նշանավորվեց երկու կարեւոր ձեռքբերումով։ Նախ՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանագրով զորամասը պարգեւատրվեց մարտական դրոշով, որի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, իսկ դրանից տասը օր անց, պաշտպանության նախարարության զինված ուժերի տարեվերջյան կոլեգիայի նիստի ժամանակ պարզվեց, որ մեր երկրի սահմանների պահպանության գործում կարեւոր խնդիրներ կատարող այս համեստ զինվորական ստորաբաժանումը զորատեսակի կազմում ճանաչվել է լավագույնը եւ պարգեւատրվել պատվո դրոշով։

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹՐԾՎԱԾ

-Մենք ունենք պարտադիր ժամկետային զինծառայության մեկնող զինակոչիկներից ընտրություն կատարելու իրավունք, ինչը մեզ հնարավորություն է տալիս զորամասը համալրելու այն երիտասարդ զինվորներով, որոնք կարող են մեր զորատեսակի լավ մասնագետներ դառնալ։ Սա մեզ տրված շատ կարեւոր հնարավորություն է,- ասաց փոխգնդապետ Ա.Հարությունյանը։- 2011թ. սկսեցինք շատ կազմակերպված, ուսումնական փուլի մեկնարկային միջոցառումներին հաջորդեցին տեսական ու գործնական պարապմունքները, մարտավարամասնագիտական մարզումները։ Ապրիլի կեսերին ավիացիայի եւ ՀՕՊ-ի հետ անցկացրինք մարտավարական զորավարժությունը, որից ստացանք «լավ» գնահատական, իսկ ուսումնական փուլի ավարտին, զորամասի ցույց տված արդյունքը գոհացրեց պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ հանձնաժողովին։ Սեպտեմբերի կեսերին մարտավարամասնագիտական զորավարժություն անցկացրինք կապիտան Հ. Ավետիսյանի հրամանատարությամբ գործող վաշտի կազմով։ Ամառային-աշնանային ուսումնական փուլի ընթացքում անցկացվեց եւս երեք շտաբային մարզում, որոնց ընթացքում հաջողությամբ կատարվեցին բոլոր առաջադրված խնդիրները։

Մարտական հերթապահությունից, մարտավարամասնագիտական պարապմունքներից բացի, զորամասի բոլոր հենակետերում հետեւողական աշխատանքներ են տարվում մարտական պատրաստության ծրագրով նախատեսված համազորային առարկաների ուսուցման գծով։

Ես գոհ եմ վաշտերի անձնակազմերի կարգապահությունից եւ առաջադրանքի կատարումից։ Ինչպես բոլոր զորամասերը, մենք էլ պարբերաբար կատարում ենք արդյունքների ամփոփում, խրախուսում ենք լավագույն ստորաբաժանումներին եւ առանձին զինծառայողներին։ Ներկայումս զորամասում լավագույնը կապիտան Է. Ազատյանի վաշտն է։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ՝ ԻՐ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

-Ես ծնվել եմ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում։ Հայրս շինարար էր, աշխատում էր Հրազդան քաղաքում, հետո մեր ընտանիքը մշտական բնակության տեղափոխվեց այնտեղ։ Ավարտել եմ Հրազդանի N 11 միջնակարգ դպրոցը եւ ընդունվեցի Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետը։ Ավարտեցի ուսումս եւ որպես սպա զորակոչվեցի բանակ եւ նշանակվեցի դասակի հրամանատար։ Շատ չանցած` ինձ գործուղեցին սովորելու Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի ուսումնական կենտրոններից մեկում։ Մասնագիտական վերապատրաստումից հետո վերադարձա զորամաս եւ նշանակվեցի վաշտի հրամանատար։ 2003-05թթ. կրկին գործուղվել եմ ՌԴ եւ սովորել համալսարանական ակադեմիայում։ Վերադառնալով` նշանակվեցի զորամասի շտաբի պետ, իսկ 2009-ին՝ զորամասի հրամանատար։

Փոխգնդապետ Ա. Հարությունյանը պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության» առաջին եւ երկրորդ աստիճանի մեդալներով, հուշամեդալներով, պատվոգրերով։ Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ։

-Զորամասի ստորաբաժանումները իրականացնում են մարտական հերթապահություն՝ համագործակցելով մյուս զորատեսակների հետ։ Մեզ համար շատ կարեւորում են տեխնիկական միջոցների ճշգրիտ եւ նպատակային օգտագործումը։ Տեխնիկական միջոցները լիովին բավարարում են մեր պահանջները, իսկ մասնագետ կադրերի շրջանում տարվում է ամենօրյա աշխատանք։ Զորամասը հիմնականում համալրված է երիտասարդ, համապատասխան կրթություն ստացած սպաներով, իսկ փոքր ստորաբաժանումները՝ ինչպես պարտադիր ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներով։

ՄԱՅՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Հաջողության գործում, անկասկած, զգալի է մայոր Ռ. Միքայելյանի ներդրումը։ Նա է անձամբ ղեկավարում մարտական հերթապահությունը, ուսումնական գործընթացը, ծառայության կազմակերպումն ու անցկացումը։ Մայոր Ռ. Միքայելյանը ծնվել է Երեւանում։ Ավարտել է Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցը եւ ընդունվել նորաբաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ավարտելով ուսումը, նշանակվել է դասակի հրամանատար, իսկ 1999-2000թթ. վերապատրաստվել է ՌԴ ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնում։ 2007թ. կրկին գործուղվել է սովորելու, այս անգամ ՌԴ համազորային ակադեմիա, 2009-ին վերադարձել է եւ շարունակել ծառայությունը հարազատ զորամասում։ Մայոր Ռ.Միքայելյանը պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալներով, հուշամեդալներով, պատվոգրերով։ Ամուսնացած է, ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ։

-Ծառայությունը նվիրում է պահանջում։ Այն մարդը, որ որոշում է զինվորական դառնալ, պետք է ամբողջովին նվիրվի իր գործին եւ դրանից բավականություն ստանա։ Մենք առանձնազրույց ենք ունենում զորամաս եկած բոլոր երիտասարդ սպաների եւ զինվորների հետ եւ անում ամեն ինչ, որ նրանք ըմբռնեն, հասկանան իրենց գործի կարեւորությունը զորամասի, մեր ամբողջ բանակի համար։ Որպես զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչ` գոհ եմ մեր սպաներից, մեր զինվորներից եւ վստահ եմ, որ նրանք բավական լավ են տիրապետում իրենց մասնագիտությանը եւ հարկ եղած դեպքում կարող են հաջողությամբ կատարել մարտական խնդիրը։

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Զորամասի երիտասարդ մասնագետ սպաներից է։ Ծնվել է Հրազդանում։ Սովորել է տեղի N 10 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո՝ ընդունվել է ՌԴ ռազմական ինստիտուտը։ 2007-ին վերադարձել է եւ նշանակվել դասակի հրամանատար, այժմ վաշտի հրամանատար է։

-Վաշտի առջեւ դրված մարտական խնդիրների կատարման անմիջական պատասխանատուն ես եմ, բայց դե մենակ ոչնչի հասնել չես կարող։ Հերթապահությունն իրականացվում է անձնակազմի ուժերով, եւ ես լավ գիտեմ, որ նրանց հետ պետք է շատ աշխատեմ, սովորեցնեմ տեխնիկայի օգտագործման նրբությունները, որպեսզի վստահ լինեմ վաշտի մարտունակությանը։ Ունեմ շատ լավ զինվորներ, բայց ուզում եմ առանձնացնել կրտսեր սերժանտ Նորայր Արամյանին, շարքայիններ Հարություն Շահբազյանին, Գեւորգ Երանոսյանին, Արամայիս Հովհաննիսյանին։

ԿԱՅԱՆԻ ՊԵՏԸ

Կայանի պետ ավագ լեյտենանտ Արամազդ Մխիթարյանը ծնունդով Արմավիրից է։ Ծնվել է եւ սովորել է տեղի N 1 միջնակարգ դպրոցում։ Զորակոչվել է բանակ եւ ծառայել Վազգեն Սարգսյանի անվան զորամասում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանը։ Ավարտելով՝ ծառայության է անցել հայկական խաղաղապահ զորամասում: Անցած տարվա հունիս ամսից ծառայում է այս զորամասում եւ մշտապես մարտական հերթապահություն է կատարում։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒ ՓՈՐՁԱՌՈՒ

Շարքային Արամայիս Հովհաննիսյանը բանակ է զորակոչվել ինն ամիս առաջ, բայց արդեն հասցրել է աչքի ընկել բարեխիղճ ծառայությամբ եւ արժանանալ հրամանատարության դրվատանքին։

-Ես Երեւանցի եմ, 19 տարեկան։ Սովորել եմ մայրաքաղաքի Վահան Տերյանի անվան N 60 դպրոցում։ Այժմ կայանի օպերատոր եմ։ Ազգային բանակի 20-ամյակի առթիվ պարգեւատրվել եմ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, մարզպետի սահմանած պատվոգրով։

Շարքային Գեւորգ Երանոսյանը նույնպես երիտասարդ զինվոր է, ծառայել է ընդամենը ութ ամիս եւ շահել ընկերների ու վաշտի հրամանատարի վստահությունը։ Նա նույնպես կայանի օպերատոր է։

-Ես էլ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղից եմ, զորակոչվել եմ «Հայբուսակ» համալսարանի Գյումրիի մասնաճյուղից։ Ծառայությունից շատ գոհ եմ, արդեն լիովին տիրապետում եմ իմ գործին։

Կայանի օպերատոր է շարքային Հարություն Շախպազյանը։ Նա նույնպես երիտասարդ զինվոր է եւ բանակ է եկել ավտոճանապարհային քոլեջն ավարտելուց հետո։

Կայանի պետ, ավագ Արմեն Օսիպյանը քսանչորս տարեկան է։ Սովորել է Սլավոնական համալսարանում եւ մագիստրատուրայում։ Մասնագիտությամբ ծրագրավորող է։ Ծառայությունը մոտենում է ավարտին, եւ հունիս ամսին կայանի պետ, ավագ Օսիպյանը զորացրվելու է։

Շարքային Ավետիք Ավետիսյանն էլ ասաց, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղից է, զորակոչվել է Ագրարային համալսարանի առաջին կուրսն ավարտելուց հետո։ Նա ծառայել է ութ ամիս։

Կրտսեր սերժանտ Նորայր Արամյանն էլ իր մասին ասաց.

-Ծնվել եմ Արծվաշենում, 1991-ին։ Գյուղի վերջին ծնունդն եմ։ Հայրս՝ Սերգեյ Արամյանը, ակտիվորեն մասնակցել է գյուղի պաշտպանությանը։ Ցավոք, գյուղը պահել չի հաջողվել։ Մերոնք վերաբնակվել են Հրազդանում։ Այժմ հայրս ծառայում է ոստիկանության զորքերում։ Ես ոսկե մեդալով ավարտել եմ Հրազդանի N 1 Խ. Աբովյանի անվան դպրոցը եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Բանակ եմ եկել 2011թ. գարնանը: Ինձ շատ լավ եմ զգում, հրամանատարական կազմը գոհ է ինձնից։

– Զորամասը համերաշխ ընտանիքի նման է, ուստի բոլոր միջոցառումներին սպաները մասնակցում են իրենց ընտանիքի անդամների՝ կանանց, տղաների, աղջիկների հետ,-ասաց հրամանատարի տեղակալ մայոր Ն. Սարիբեկյանը։- Մեծ ուշադրություն ենք դարձնում ստորաբաժանումներին: Նրանց մոտ նույնպես ամեն ինչ կարգին է, ինչի լավագույն վկայությունը պատվո դրոշով պարգևատրվելն է։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/02/2012