Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԲԱՆԱԿԸ ՈՐԴՈՒՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»
«ԲԱՆԱԿԸ ՈՐԴՈՒՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»

Զոհված ազատամարտիկի հայրը՝ Գուրգեն (Գյուրջիկ) Շահբազյանը, սեղանին է շարել որդու մասին պատմող նյութերը, իր բանաստեղծությունները՝ ազատամարտիկներին, հայ ազգի նշանավոր մարդկանց նվիրված. հոգու ծալքերում պահած վիշտն ու ցավը հանձնել է թղթին։

«Աղայան կամ Թումանյան չեմ, բայց գրում եմ, սիրտս գոնե մի քիչ թեթեւանում է։ Ես Սեւանի Լճաշեն գյուղից եմ։ Կյանքս հեշտ չի անցել։ 14 տարեկան էի, երբ հայրս մահացավ, մայրս էլ հիվանդ էր։ Դժվար, ծանր ժամանակներ էին։ Էն ժամանակ էլ էի գրում մեր գյուղի չքնաղ բնության ու բնության պես պարզ մարդկանց մասին։ Երկար տարիներ վարորդ եմ աշխատել։ Որտեղ էլ աշխատել եմ, միշտ բացճակատ եմ եղել, մեդալներ ունեմ, «Աշխատանքի գերազանցիկության» շքանշան, Շահումյանի շրջանի 31-րդ կոնֆերանսի պատգամավոր էի։ Հետո ես ու կինս՝ Բավականը, մեր հինգ զավակների՝ Սվետայի, Ֆլորայի, Ռուբենի, Խաժակի եւ Հովիկի հետ տեղափոխվեցինք Մասիսի շրջանի Գետափ գյուղ։ Հաշտ ու խաղաղ ապրում էինք՝ կյանքի մեծ ու փոքր դժվարությունները հաղթահարելով»։

Գյուրջիկ պապի աչքերը թրջվում են, հպարտություն, հուզմունք խառնվում են։ Պատմում է զոհված որդու՝ Խաժակի մասին։

«Խաժակս Չեռնոբիլի վթարի լուրն առնելուն պես մեկնեց աղետի գոտի։ 88թ. դեկտեմբերի 7-ի ժամանակ էլ Մասիսի փրկարարական ջոկատի հետ հասավ Գյումրի։ Բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել։ Նրա մասին նյութ էլ է տպվել ռուսական թերթերից մեկում։ Վերադառնալուց հետո շատ էր հուզվել, անընդհատ պատմում էր երկրաշարժից, սիրտը ցավում էր մեր ժողովրդին բաժին հասած դառը ճակատագրի համար։

Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ամբողջ օրը Ազատության հրապարակում էինք։ Այդ ժամանակ վարորդ էի աշխատում Երքաղսովետի երկրորդ ավտոձեռնարկությունում։ Վարորդները դիմեցին ինձ՝ հայրենասիրական մի բան գրի, տանենք օպերայի պատին փակցնենք։ Գրեցի մի 15 տող («Փրկության կոչ»)։ Մի օր էլ Խաժակս տուն եկավ ու. «Ա՛յ հեր,- ասաց,- ուրիշներին կոչ ես անում, որդիներիդ հետ պահո՞ւմ»։

Անդամագրվեց Մասիսի «Զորավար Անդրանիկ» ջոկատին։ Եղբոր՝ Հովիկի հետ սնունդ ու զենք, հագուստ էր հասցնում սահմաններ, հետո մասնակցեց կռիվներին։ «Ես պիտի գնամ,- ասում էր,- Էլչիբեյը ասել է` օգոստոսին Սեւանում պիտի լողանա։ Գնում եմ նրա երազանքը խորտակեմ։ Սեւանն իմ ծննդավայրն է»։ Լսելով Վազգեն Սարգսյանի՝ մահապարտներին ուղղված կոչը, Խաժակս էլ զինվորագրվեց, «Արծիվ-2» գումարտակի կազմում էր։ 1992թ. Վաղուհաս գյուղի մոտ 7 հոգով կռվում են թշնամու դեմ, ընկնում շրջապատման մեջ, ու 7-ն էլ զոհվում։

Գարնան ծաղիկ, գարնան նման,

Բուրմունք ունես, ի՛մ որդի,

Ձագը կորցրած հավքի նման,

Քեզ եմ փնտրում, ի՛մ որդի…

…Որդուս զոհվելուց մի քանի տարի հետո տեսա Վազգեն Սարգսյանին, ասի՝ «500 զինվորի պահանջ դրիր, իմ տղան՝ Խաժակն էլ գնաց ու հերոսաբար զոհվեց։ Քաջ տղայիս ու նրա քաջ ընկերների, մեր կռված հրաշալի տղաների մասին եմ գրում ու էդպես մխիթարվում»։ Ասաց. «Որ գրել գիտես, մի քայլերգ էլ գրի մեր հայոց բանակի համար»։ Գրեցի, բայց չկարողացա հանձնել. կրակոցները եղան…

ԶԻՆՎՈՐԻ ՔԱՅԼԵՐԳ

Արի, եղբայր, մենք միանանք,

Մեր քայլերով առաջ գնանք,

Զինվոր ենք խիստ քաջարի,

Ծառայում ենք երկու տարի։

Հայ զինվոր ենք, լավ ծառայենք,

Փառք ու պատիվ կվայելենք,

Չենք մոռանա մեր անցածը,

Սումգայիթի կոտորածը,

Թուրք ասկյարի թալանածը,

Մեր հայ ազգի կորցրածը։

Արի, եղբայր, մենք միանանք,

Մեր քայլերով առաջ գնանք…

Վերջերս մեր բանակի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ էին։ Հուզմունքով լսում էի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական խոսքը մեզ՝ զոհված կամ անհայտ կորածների հարազատներին. «Սիրելի՛ հարազատներ, ձեր որդիների, հայրերի, եղբայրների անձնվեր ծառայության շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդն իր բնօրրանում վայելում է խաղաղ ապրելու եւ արարելու երջանկությունը եւ ՀՀ զինված ուժերի 20-ամյա հոբելյանն առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով»։

…20 տարի է` որդիս չկա, մեր բանակը 20 տարեկան է. բանակն իմ Խաժակ որդու շարունակությունն է… Հովիկ որդիս զավակներից մեկին անվանակոչել է Խաժակ։ Թոռներս ծառայել ու ծառայելու են հայոց բանակում։ Այսօր մեր բանակում է ծառայում Կարեն թոռս։ Ես արդեն 85 տարեկան եմ՝ էս ծուռ ու շիտակ աշխարհում ճիշտ ու սխալ ապրած։ Էսքան տարիների բեռն ուսած միայն մի բան եմ ուզում՝ աշխարհին խաղաղություն, խաղաղություն…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր