Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԹՇՆԱՄԻՆ ԽՈՑՎԱԾ Է, ԴՈՒՔ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՔ»…



Արևագալից քիչ առաջ, քարքարոտ բլրի ստորոտին կանգնած էր երիտասարդ օդաչուների մի խումբ: Նրանք լուռ էին: Հայացքները հառել էին շառագունող արևելքին: Էլի մի քիչ, և կծագի արևը` պայծառ խորհրդանիշը իրենց երկրի, որից իրենք հիմա հազարավոր մղոններ հեռու են: Անմիջապես նրանց առջև` վաղորդայնի մշուշում հազիվ նկատելի է գեղատեսիլ բնապատկերը. արագահոս գետակը, որ աշխույժ հորդում է քարոտ հունով, արևադարձային անտառների թավշյա կանաչը, կարմրին տվող ամպերը և օվկիանոսի անշշուկ հայելին…

Սակայն օդաչուների մտքերն այստեղից շատ ու շատ հեռու էին, հայրենի Ճապոնիայում, որն այլևս երբեք չէին տեսնելու: Նրանք մտովի հրաժեշտ էին տալիս հայրենիքին, ընկերներին ու հարազատներին, հայրենի տանը, այն ամենին, որ սիրել ու փայփայել էին, այն ամենին, որ անսահման թանկ էր, և այժմ սրտի թրթիռով էին հիշում:

Եկել էր նրանց կյանքի վերջին օրը` 1944 թվականի հոկտեմբերի 20-ը: Օդաչուների շարքում աչքի էր ընկնում նրանց հրամանատարը` բարձրահասակ և ամրակազմ Սեկին: Նա էլ մյուսների պես սպասում էր, թե երբ հորիզոնին կերևան արևի առաջին ճառագայթները: Նա ևս հրաժեշտ էր տալիս հայրենիքին, իր սիրեցյալին, որ լոկ մի քանի ամիս առաջ էր իր կինը դարձել: Սեկիին այլևս բախտ չի վիճակվի լսելու իրենց առաջնեկի ուրախ ճիչը, և նա անգամ չէր էլ իմանա, թե Աստված ինչ պարգևեց իրենց` աղջիկ, թե տղա…

Այս բոլոր հասարակ և երկրային ուրախություններն ու ցանկություններն արդեն անհասանելի էին իր համար. իր կյանքի վերջին առավոտը կամաց-կամաց բացվում էր, արևելքն ավելի ու ավելի էր լուսավորվում:

Վերջապես արեգակի առաջին շողերը լուսավորեցին նրանց դեմքերը, որոնք զերծ էին հուսահատության կամ վախի նշույլից անգամ: Նրանց դեմքերին դրոշմված էին միայն պարտքը կատարելու անսասան վճռականություն ու անսահման թախիծ: Նրանք կենտրոնացած էին և վստահ, որ այսօր կատարելու են իրենց պարտքը` քաջաբար և անթերի, ճիշտ այնպես, ինչպես իրենց սովորեցրել են վարպետ հրահանգիչները:

Նախաճաշից հետո բոլոր հարվածային միավորումները միասնական շարքում լսում էին ծովակալ Օնիսիի վերջին հրահանգները: Ծովակալը գունատ տեսք ուներ, հոգնած էր երևում և խոսում էր դանդաղ: Վերջին բառերն արդեն դժվարությամբ էր արտաբերում. «Ճապոնիան մահացու վտանգի առջև է: Մեր երկրի փրկությունն արդեն նախարարների, գլխավոր շտաբի և ինձ պես ստորադաս հրամանատարների ուժերից վեր է: Միայն դուք` երիտասարդներդ և ոգով ուժեղներդ կարող եք փրկել հայրենիքը: Հանուն մեր բյուրավոր հայրենակիցների խնդրում եմ ձեզ, որ գնաք այս զոհողությանը… և աղոթում եմ ձեր հաջողության համար»: Ծովակալ Օնիսիի ձայնը դողում էր. «Դուք արդեն աստվածներ եք, զուրկ ամենայն երկրային ցանկությունից: Սակայն մի բան կա, որ կուզենայիք իմանալ. արդյո՞ք ձեր անձնազոհ խոյահարումներն անիմաստ չանցան… Ցավոք, մենք անկարող կլինենք ձեզ պատմելու արդյունքները… Սակայն ես խոստանում եմ, որ մինչև վերջ կհետևեմ ձեր ջանքերին ու ճիգերին և ձեր սխրանքի մասին տեղյակ կպահեմ Կայսերը»:

Չնայած զինվորական զսպվածությանը, ծովակալի աչքերը թրջվեցին. «Խնդրում եմ. արեք այն ամենն, ինչ հնարավոր է»:

Ինչպես հետագայում պիտի հիշեին ականատեսները, բոլորն ասես շնչահեղձ էին լինում. նրանք երբեք չէին լսել այսքան պարզ և միևնույն ժամանակ մինչև հոգու խորքը թափանցող բառեր… Ծովակալի խոսքը զերծ էր ավելորդ պաճուճանքից… Նա խոսում էր ի սրտե և իրոք իր երիտասարդ մարտիկների ձեռքն էր հանձնում կայսրության ճակատագիրը: Այս օդաչուները պետք է որոշեին երկրի բախտը, նրանք Ճապոնիայի՝ հաղթանակի հասնելու վերջին հույսն էին: Կայսրության վիճակն անհուսալի էր. երկիրը կարող էր փրկել կա՛մ հրաշքը, կա՛մ անձնասպան օդաչուների զանգվածային հերոսությունը:

Օդաչուները հանդարտ էին և վստահ. սա բնորոշ է այն մարդկանց, որ գիտակցում են իրենց գործի կարևորությունը և գիտեն, որ ի զորու են կատարելու հանձնարարությունը: Նրանք պատրաստ էին կյանքը զոհելու հանուն հայրենյաց փրկության և սպասում էին լոկ հրամանին…

Սակայն իրականությունը խառնեց բոլոր ծրագրերը: Առաջին մարտական թռիչքները ոչ մի արդյունք չտվեցին: Հետախուզության մատնանշած նպատակակետերը չէր հաջողվում հայտնաբերել, և մեկը մյուսի հետևից ինքնաթիռները ետ էին վերադառնում: Եվ չնայած իրենք մեղք չունեին, սակայն օդաչուները ծանր ապրումների մեջ էին: Սրան ավելացան նոր անախորժություններ. ամերիկացիներն սկսեցին ռմբակոծել ճապոնական օդակայանը, և թեպետ մարդկային զոհեր չեղան, սակայն կորցրին մի քանի ինքնաթիռ: Ի լրումն այս ամենի, լուրեր հասան, որ թշնամու օդուժը խորտակել է ճապոնական նավատորմի ամենահզոր և մարտունակ նավերը:

Օրերն անցնում էին, սակայն հետախուզությանը չէր հաջողվում հասանելիության գոտում քիչ թե շատ ուշադրության արժանի միավորում հայտնաբերել:

Վերջապես 1944 թ. հոկտեմբերի 25-ին սկսվեց հաջող թռիչքների հաղթարշավը: «Սիկիսիմա» հարվածային օղակի հրամանատար լեյտենանտ Յուկիո Սեկիի ինքնաթիռը խոյահարեց «Սենթ Լո» ավիակիրը, ճեղքեց տախտակամածն ու սարսափելի որոտմամբ պայթեց: Կրակի և ծխի սյունը միանգամից վեր խոյացավ: Ամենայն հավանականությամբ պայթել էր նաև նավի զինանոցը կամ օդանավերի պահեստավորված քարյուղը: Երկրորդ կամիկաձեն հարվածեց նավի գրեթե նույն մասին և վերջնականապես լուծեց հարցը. կես ժամ անց «Սենթ Լո»-ն խորտակվեց: Երրորդ կամիկաձեն ևս պատվով կատարեց իր գործը` խոյահարելով և կրակի մատնելով մեկ այլ ավիակիր: Չորրորդը խորտակեց մի հածանավ…

Այդ օրը ճապոնացիները վնասեցին թշնամու ևս վեց ավիակիր և շատ այլ նավեր՝ կորցնելով ընդամենը 17 ինքնաթիռ:

Առաջին իսկ գրոհներից հետո ամերիկացիներն ու անգլիացիները լուրջ դասեր քաղեցին. նախ օդային տարածքը մշտապես հսկում էին դաշնակիցների կործանիչները, իսկ նավերը վերազինվեցին հակաօդային պաշտպանության միջոցներով: Եվ եթե հաշվի առնենք, որ կամիկաձեների հիմնական մասը նորաթուխ օդաչուներ էին, որ քիչ թե շատ տիրապետում էին միայն թռիչք-վայրէջքի տարրական միջոցներին, պարզ է դառնում, որ զենիթային խիտ կրակից խուսափելու չնչին հավանականություն կար: Բայց չնայած տարածքը հսկող կործանիչների առկայությանը և զենիթային խիտ կրակին, այնուամենայնիվ «թռչող ռումբերը» ճեղքում էին պաշտպանությունը` ամեն գնով հասնելով իրենց նպատակակետին:

Ամենասարսափելին, թերևս, դաշնակիցների համար 1945 թվականի ապրիլի 6-ն էր: Գարնանային երկինքը հանկարծ ծածկվեց ճապոնական հարյուրավոր ինքնաթիռներով: Դրանք մեկը մյուսի հետևից իրենց համար թիրախ էին ընտրում և, անտանելի ոռնոցով գահավիժելով, մխրճվում էին ռազմանավերի մեջ: Սարսափահար նավաստիները, անգամ չսպասելով խոյահարմանը, ջուրն էին նետվում` բնազդաբար փորձելով փրկվել: Շատերը զոհվում էին հենց իրենց խուճապի պատճառով: Շուտով կործանված նավերից ելնող ծխի քուլաները ծածկեցին երկինքը: Պարզվեց, որ ո՛չ կրակի տարափը, ո՛չ տեխնիկապես գերազանցող կործանիչները չեն կարող փրկել «աստվածային քամուց», որ դաշնակիցների համար «զորավոր մրրիկ» էր: Ողջ մնացած նավաստիների մեծ մասը, անգամ նրանք, որ մահապարտի գրոհին չէին ենթարկվել, հոգեկան խանգարումներ ստացան, մեծ չափերի հասավ ընկճախտը:

Մեծ էին նաև «Սիմպու» միավորման կորուստները: Ամենածանրը ինքնաթիռների պակասն էր: «Զրո»-ների սակավության պատճառով շուտով կամիկաձեներն սկսեցին առանց խտրականության կիրառել և այլ թռչող սարքեր, որոնց տեխնիկական հնարավորությունները, բնականաբար, պիտի ազդեին առաջադրանքի կատարման արդյունավետության վրա: Բացասաբար էր անդրադառնում նաև այն, որ ինքնաթիռներից կախված ռումբերը ձեռքով պիտի գործի դրվեին, մինչդեռ գրոհով ոգեշնչված հերոսները հաճախ մոռանում էին այդ անել, և անգամ հզոր հարվածից հետո ռումբերը չէին պայթում:

Հետագայում պարզվեց, որ գործողությունների արդյունավետությունը կբարձրանար նաև, եթե կամիկաձեները մինչև վերջ աչքերը բաց պահեին և հարվածի պահին չվրիպեին: Ուստի հրահանգները լրամշակվեցին, և ամեն օդաչու պարտավոր էր այն անգիր գիտենալ. «Դուք մոտեցել եք նպատակակետին: Այն շատ մոտ է: Դուք նշմարում եք թշնամու նավի ամեն մի գամն ու պտուտակը: Վերջին վայրկյաններն են: Ձեր առջև հառնում է ձեր մոր պատկերը: Նա չի ողբում, նա հպարտ է… Դուք ճախրում եք անհունության մեջ… Ձեր աչքերը բաց են, և անթարթ նայում եք նպատակակետին, որ վայրկյան առ վայրկյան մոտենում է: Ահագնացող մի ձայն է լսվում… Թշնամին խոցված է, առաջադրանքը` կատարված: Դուք այլևս չկաք»:

Ռուսերենից թարգմանեց
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Մայոր

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Պատմության էջերից


22/02/2012