Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՖԻԴԱՅԻ ԸՆԿԵՐԸ



Հայտնի է, որ Ավ. Իսահակյանը մեծ թվով մտերիմներ ուներ հայ ազատագրական պայքարի նվիրյալների մեջ։ Հարո Հարոյան, Ռոստոմ Զորյան, Ավետիք Մալոյան, Գուրգեն (Բաղդասար) Մալյան… Նրանց է նվիրված Իսահակյանի «Հայդուկի երգեր» շարքը։ Նա առանձնակի ջերմությամբ էր կապված ղարաբաղցի ֆիդայի Գեւորգ Առստամյանի հետ, որը մտերիմների շրջանում հայտնի էր Մենակ անունով։

Նա Շուշիի հանրահայտ թեմական դպրոցի շրջանավարտներից էր։ Որոշ ժամանակ որպես քարոզիչ գործել էր Բաքվում, հետո տեղափոխվել Կարս։ Լավ ուսումնասիրել էր դեպի Էրգիր անցման ուղիները, հատկապես Կարս-Բասեն-Խնուս-Սասուն գիծը։ 1903թ. հունիսին Սասուն է ուղեկցել Թորգոմի «Մրրիկ» խումբը։ Երբ նույն տարվա սեպտեմբերին Օննիկ Նեւրուզի եւ Խանի (Բարսեղ Թիրաքյանի) հեծյալ ու հետեւակ խմբերն ուղեկցում էր դեպի Սասուն, Իզվերան եւ Գոմաձոր գյուղերի շրջակայքում խումբը շրջապատվեց թուրքական զորքի եւ «Համիդիե» քրդական ջոկատի կողմից։ Մահացու վիրավոր, արյունաքամ եղող Մենակին նկատեց «Համիդիեի» հրամանատարը եւ հրամայեց կապել նրա վերքերը։

– Շուն, չկապես վերքերս, մեկ է, որ բուժվեցի, շանսատակ եմ անելու քեզ…

Դա նրա վերջին խոսքերն էին։

Մենակը քնարական խառնվածքի տեր ֆիդայի էր, երգի էր վերածել Իսահակյանի «Մաճկալ ես, բեզարած ես», «Սիրեցի, յարս տարան» հայտնի բանաստեղծությունները։ Վարպետը Մենակին է ձոնել «Ոսկի երգերդ, իմ ազիզ ընկեր», «Ընկերներիս հիշատակին» բանաստեղծությունները։ ՀՀ ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը իր հուշերում Մենակի մասին գրել է. «…Կասեին, թե «Հուրի փերիի» նման կերգեր ե տղաները դեպի կռիվ կառաջնորդեր, կարծես թե հարսանիք կտաներ»։

Հ. ՄԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Պատմության էջերից


22/02/2012