Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ



Քարտեզին նայելով՝ հրամանատար Ստեփան Գեւորգյանն ասաց.

-Գուցե կան աշխարհում այս բարձրության վրա տեղակայված ստորաբաժանումներ, ռազմակայաններ, սակայն մարտական հենակետեր՝ դժվար թե…

Ու հիմա Մռավի լեռնագագաթ ենք բարձրանում Արսեն Համբարձումյանի ու Վանիկ Ավագյանի հետ։

Հենակետերի փոքրիկ դիտակետ-պատուհաններից երեւում էր մառախուղի մեջ կորած աշխարհը։ Այդ պատուհաններից զինվորներ Երանոս Կարապետյանը, Կարեն Սիմոնյանը, Սամվել Հովհաննիսյանը, Հարություն Ղազարյանը նայում էին աշխարհին ու բացատրություններ տալիս։ Խոսում էին հանգիստ, ինքնավստահ: Երեկոյի հետ հրաժեշտ ենք տալիս տղաներին, եւ ոլորապտույտ ճանապարհն իջնում է Թարթառի հովիտ։ Գետի գեղատեսիլ ափին մի քանի վրաններ են խփված, ու երեխաների ուրախ աղմուկ-աղաղակ է։ Նրանք տաք ջուրն են մտնում եւ ուրախության ճիչերով վազում են դեպի վրանը, որի կողքին՝ ծառի շվաքում, նստած են երկու տարեցներ։ Երեխաներից մեծը՝ Կարինեն, 12 տարեկան է, Գեղամը՝ 11, իսկ Գեւորգը՝ 8։ «Երեւի թոշակառու տատն ու պապն են, որոնք եկել են թոռների հետ հանգստանալու»,- անցնում է մտքովս։ Մոտենում ենք, հարգալից բարեւում։ Պապը պահեստի գնդապետ է, ներկայանում է զինվորականին վայել.

-Միքայել Գրիգորյան։ Ծնունդով Մարտակերտից ենք, այժմ ապրում ենք Ստեփանակերտում։ Կինս՝ Օֆելյան, բժշկուհի է, աշխատում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում։ Որոշեցինք թոռներիս հետ մի քանի օր անցկացնել այս հրաշք անկյունում։

Զրույցը երկարում է։ Երեկոն իր թեւերն է փռում հովտում։ Պապը մտնում է վրան ու ժպիտը դեմքին մոտենում. «Էս իմ ձեռքով քաշած թթօղի է…»։

-Ազատամարտի օրերին արդեն անցել էի թոշակի, բայց ոնց կարող էի տանը նստել, իմ մասնակցությունը չունենալ,- պատմում է Միքայել պապը։ -Ինձ բոլորն էլ ճանաչում են, ասեք Միշա դայի, ու ձեզ շատ բան կպատմեն։ Հետո Միշա դայու խոսքը շարունակում է Օֆելյա տատը.

-Ճիշտն ասած, այստեղ գալն էլ իր նախապատմությունն ունի։ Ուզում ենք, որ մեր թոռները տեսնեն, զգան այս տարածքի գեղեցկությունը, հմայքը, որովհետեւ նրանց հայրը՝ փեսաս՝ Վլադիմիր Ղուկասյանը, պատերազմի ժամանակ Մռավի լեռնագագաթներին անհայտ կորավ։ Աղջիկս էլ չդիմացավ այդ վշտին։ Երեխաների հոգսը մնաց մեզ վրա։

Հետո հայացքը բարձրացնում է լեռներն ի վեր.

-Ինչե՜ր են եղել, ինչե՜ր ենք տեսել։ Փառք Աստծո, այս անգամ պատվով դուրս եկանք ու աշխարհին ամոթահար չենք նայի։

Զրուցում ենք Միքայել պապի ու Օֆելյա տատի հետ, ու կյանքը թվում է անվախճան, իսկ հայրենիքը՝ աշխարհի ամենաբարձր դիտակետից երեւացող դրախտավայր երկիր…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Հոգևոր-մշակութային


22/02/2012