Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է
ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է

* Ադրբեջանը պետք է պատժվի Մանվել Սարիբեկյանին սպանելու համար:
* Ճապոնական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի ՊՆ-ին:
* Ադրբեջանցի վետերանները ապաստան են խնդրում Հայաստանից:

Ադրբեջանի հերթական ոճիրը

Թեպետ հայ հասարակությունը քաջածանոթ է ադրբեջանցիների գազանություններին, այդուհանդերձ հոկտեմբերի 5-ին ճամբարակցի 20-ամյա պատանու` Մանվել Սարիբեկյանի մահը ադրբեջանական բանտում ցնցեց նրան: Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Մանվելն ինքնասպան է եղել` կախվելով իր վերնաշապիկից և սավանից հյուսված պարանով, և որ նրա մարմնի վրա, իբր, բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բայց կասկած լինել չի կարող, որ նրան կամ հասցրել են ինքնասպանության, կամ էլ սպանել:
Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը սեպտեմբերի 11-ին կորած անասունները փնտրելիս մոլորվել էր, հայտնվել ադրբեջանական տարածքում ու գերի ընկել: Ադրբեջանական քարոզչամեքենան նրան ներկայացրեց որպես դիվերսանտ, ով, իբր, պետք է դպրոց պայթեցներ Ադրբեջանում: Նրան ստիպեցին ինքնախոստովանական ցուցմունք տալ, որի տեսագրությունը տեղադրեցին ինտերնետում: Տեսագրությունից ակնհայտ էր, որ Մանվելի վրա ֆիզիկական ու հոգեբանական ճնշում են գործադրել:
20-ամյա հովվին դիվերսանտ ներկայացնելուց հետո արդեն պարզ էր, որ Ադրբեջանը պատանու հանդեպ դաժան է վարվելու: Հավանական էր թվում, որ կկազմակերպի ցուցադրական դատավարություն, որը կավարտվի երկարամյա բանտարկության դատավճռով: Բայց այն, ինչ կատարվեց, շատերի համար անսպասելի էր:
Ըստ երևույթին, ադրբեջանական հատուկ ծառայությունները հասկացան, որ Մանվելին վերոհիշյալ տեսագրության մեջ խոսեցնելուց բացի, այլ կերպ օգտագործել չեն կարող: Ցուցադրական դատավարության ժամանակ նույնիսկ ադրբեջանական հասարակության համար ակնհայտ կդառնար, որ 20-ամյա հովիվը իր կերպարով, մտավոր մակարդակով ու ֆիզիկական կազմվածքով այնքան հեռու է դիվերսանտ լինելուց, ինչքան երկինքը` երկրից:
Մանվելին ադրբեջանցի գերու հետ փոխանակել չէին ուզում` երևի վախենալով, որ Մանվելը կպատմի, թե ինչ միջոցներով են իրենից ինքնախոստովանական ցուցմունք կորզել: Բացի դրանից, ադրբեջանական հասարակությունը չէր ընկալի նման ծանր մեղադրանքով ձերբակալված հանցագործին հայկական կողմին հանձնելը: Մնում էր մի տարբերակ` ազատվել խեղճ պատանուց: Փաստորեն, Մանվելի մահն էլ հենց իր անմեղության ապացույցն է. եթե նա իսկապես դիվերսանտ լիներ, նրան դեռ երկար կօգտագործեին:
Որոշ փորձագետներ կարծում են, որ այժմ Ադրբեջանը կփորձի օգուտ քաղել պատանու դիակից` այն վերադարձնելու դիմաց պահանջելով հունիս ամսին չորս հայ զինվորի սպանած և չորսին էլ վիրավորած ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դին: Չի բացառվում, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Մանվել Սարիբեկյանին հենց սկզբից ներկայացրել են որպես դիվերսանտ, որպեսզի «համարժեք» փոխանակում կատարեն` «դիվերսանտի» դի` դիվերսանտի դիակի դիմաց: Այս ենթադրության օգտին է այն փաստը, որ Մանվելի մահից մի քանի օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնաց, որ «ադրբեջանցի դիվերսանտի դին չվերադարձնելով` հայկական կողմը նախադեպ է ստեղծում, որից հենց ինքն էլ կարող է տուժել»: Ամենայն հավանականությամբ, նրանք արդեն ծրագրել էին ոճիրը:
Մանվել Սարիբեկյանի եղերական մահը ոչ միայն քաղաքական, այլև` սոցիալ-հոգեբանական հետևանքներ կունենա: Այն կնպաստի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դարձյալ զգացմունքային հարթություն տեղափոխելուն: Արդեն իսկ հնչել են հայ քաղաքական ու ռազմական գործիչների խիստ հայտարարությունները Ադրբեջանի հասցեին, որոնց էությունը մեկն է` Ադրբեջանը չպետք է մարսի անմեղ պատանու մահը:

Հայաստանը հետ չի մնում

Հայկական հասարակության մեջ այսօրինակ տրամադրությունների ձևավորումը չի բխում Ադրբեջանի շահերից, որի բանակի բարոյական ոգին առանց այն էլ ցածր է: Այս տարվա ինը ամիսների ընթացքում ադրբեջանական բանակում զոհվել է առնվազն 62 զինծառայող, որոնցից միայն 16-ը` մարտական պայմաններում: 46 զինվոր մահացել է ոչ մարտական իրավիճակներում. 10-ը ինքնասպան են եղել, 14-ը մահացել են ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 15-ը` ավտովթարներից, 6-ը` հիվանդություններից («Էքսպրես», 06.10. 2010):
Անցյալ շաբաթ ադրբեջանցի զինվոր 19-ամյա Իլքին Աբդուլաևը ինքնաձիգով կրակել ու ոտքից վիրավորել է իր 19-ամյա ծառայակցին` Արազ Էմինլիին, որը տեղափոխվել է հիվանդանոց: Չի բացառվում, որ կատարվածի պատճառը ոչ կանոնադրական հարաբերություններն են եղել («apa.az», 09.10.2010):
Ադրբեջանի զինված ուժերում հանցավորության մակարդակը բարձր է, իսկ հանցագործությունների բացահայտման տոկոսը` ցածր: Զինվորական քննչական մարմիններն աշխատում են անարդյունավետ, կոռումպացված են և նույնիսկ խանգարում են հանցագործությունների բացահայտմանը: Այս մասին խոստովանել է Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասքերովը: Նա ասել է, որ խորհրդարանում քննարկվում է զինվորական քննչական նոր` «բոլորովին անկախ» խմբեր ստեղծելու հարցը: Այդ խմբերը հետաքննելու են օրենքի խախտումները զորամասերում («apa.az», 07.10.2010): Փաստորեն, ԶՈՒ գործող իրավապահ մարմիններն այնքան անպիտան են, որ քննարկվում է նորերը ստեղծելու հարցը:
Ադրբեջանը 10%-ով ավելացրել է 2011թ. ռազմական բյուջեն, բայց պաշտպանության նախարարությունը 120 հազար դոլար պարտք է էլեկտրոնային սարքավորում մատակարարող ճապոնական «Pioneer» ընկերությանը, որը դատի է տվել Ադրբեջանի ՊՆ-ին («vesti.az», 05.10.2010):
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը Հայաստանի համար սպառնալիք չէ, քանի որ վերջինս նույնպես «ձեռքերը ծալած չի նստում»: Հոկտեմբերի 6-ին նախարարը լրագրողներին ասել է, որ «Հայաստանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում` Ադրբեջանից հետ չմնալու համար»: Ընդ որում, Հայաստանն Ադրբեջանի ԶՈՒ քանակական գերակշռությանը հակադրում է իր սպառազինության որակն ու ԶՈՒ մարտունակությունը: Մշակված է Հայաստանի սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմարդյունաբերության զարգացման ծրագիր, որն արդեն համաձայնեցված է ՀՀ ղեկավարության հետ («armtoday.info», 07.10.2010):
Ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը, գնահատելով հայկական ու ադրբեջանական բանակների մարտունակությունը, նկատում է, որ Ադրբեջանի ԶՈՒ մարտական պատրաստությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի և Թուրքիայի, իսկ Հայաստանի ԶՈՒ` նախկին խորհրդային (ռուսական) ռազմական չափանիշներով: Ըստ փորձագետի` վերջինիս առավելությունն ակնհայտ դարձավ 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմում:
Բացի դրանից, հայկական բանակն ավելի մեծ ներուժ ունի, քան ադրբեջանականը, որովհետև կռվելու է հայրենիքի պաշտպանության համար: «Իսկ ադրբեջանական բանակում, որտեղ, ադրբեջանցիներից բացի, ծառայում են լեզգիներ, թալիշներ, թաթեր և այլ ազգություններ, այդ մասին խոսել նույնիսկ չարժե,- ասել է Ցիգանոկը:- Խառը ամուսնություններից ծնված տղաները, որոնք քիչ չեն, հասկանալի պատճառներով խուսափում են բանակից: Այս բոլոր խնդիրները բավականին լուրջ են և չեն կարող չազդել Ադրբեջանի ԶՈՒ վիճակի վրա, մինչդեռ միատարր Հայաստանում նման խնդիրներ պարզապես չկան» («arminfo.info», 08.10.2010):
Ռուս փորձագետը նշել է նաև, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը կազմված է միակողմանիորեն` գլխավոր թշնամի հայտարարելով Հայաստանը: Իրականում Ադրբեջանը, Ղարաբաղից բացի, ունի ևս երկու լուրջ խնդիր` Կասպից ծովի իրավական կարգավիճակը, որի պատճառով քիչ էր մնում պատերազմեր Թուրքմենստանի դեմ, և Իրանի խնդիրը, որն առաջացել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի ռազմական համագործակցության պատճառով:
Ինչ վերաբերում է ադրբեջանական հասարակության բարոյահոգեբանական վիճակին, ապա նշենք միայն մի փաստ. Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին` Անարը, ավերել է տվել ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին պատկանող առևտրային կրպակները, որպեսզի տիրանա այդ տարածքին: Վրդովված վետերանները հայտարարել են, որ, բացի տարբեր ատյանների դատարաններ դիմելուց, մտադիր են նաև ապաստան խնդրել Հայաստանից, որի դեմ ժամանակին կռվել են («panorama.am», 08.10.2010):

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ