Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Դ.    ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ
Դ. ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ

17-18-րդ դարերն էին՝ ֆեոդալական հետամնացությունից դեպի կապիտալիստական զարգացում տանող անցման շրջանը, որն ունեցավ իր գաղափարական հոսանքը՝ լուսավորականությունը։ Այն առաջացավ Արեւմտյան Եվրոպայում մարդկությանը պարգեւելով լուսավորիչ-մտածողների մի հրաշալի փաղանգ. Վոլտեր, Ռուսո, Դիդրո, Կանտ, Սպինոզա… Հոսանքը տարածվեց նաեւ Հյուսիսային Ամերիկայում (Ֆրանկլին, Ջեֆերսոն, Ալեն եւ ուրիշներ), Ռուսաստանում, որտեղ լուսավորական լայն գործունեություն ծավալեցին Պեստելը, Ռիլեեւը, Գերցենը, Չերնիշեւսկին եւ այլ առաջադեմ մտածողներ։

Ի՞նչ էին քարոզում լուսավորիչները։ Ամենասեղմ կերպով հարցին կարելի է պատասխանել այսպես՝ գիտելիքի, լայն առումով՝ գիտության հաղթանակ միջնադարյան հետամնացության դեմ, մարդկային բանականության նկատմամբ անսահման հավատի հաստատում եւ դրա հիման վրա հասարակության վերակառուցում, մարդկանց ազատության եւ հավասարության, բարու եւ արդարության գաղափարների արմատավորում հանրային կյանքի բոլոր ասպարեզներում։

Արդյոք հայերը կապ ունե՞ին հիշյալ դարերում Արեւմտյան Եվրոպայում ծայր առած առաջադիմական նոր հոսանքի հետ, եղե՞լ է հայկական լուսավորական շարժում։ Այո՛ եղել է, եւ այն էլ՝ նշանակալից, եւ դա վկայում է մեր ազգի լավագույն զավակների հայրենասիրական ազնիվ ձգտման մասին՝ ազգը հետ չպահել համաշխարհային զարգացումներից, քայլել ժամանակի հետ եւ այն, ինչն առաջավոր է, ծառայեցնել հայրենիքին, նրա ազատությանը, անկախությանն ու բարգավաճմանը։ Այդ շարժման գաղափարախոսության հիմնադիրը, ահա, հայ իրականության մեջ եղավ Շահամիր Շահամիրյանը։

Ուշադրություն դարձնենք, ասացինք՝ հայ իրականության մեջ, եւ ոչ թե՝ Հայաստանում։ Ինչո՞ւ։ Այս հարցի պատասխանի մեջ են երկու էական տարբերությունները Եվրոպայի եւ հայ լուսավորիչների միջեւ։ Առաջին. եվրոպացի լուսավորիչներն ապրում եւ գործում էին իրենց բնիկ հայրենիքում, հայ լուսավորիչները (Շահամիր Շահամիրյանի եւ իր գաղափարակից ընկերների պարագայում)՝ հայրենիքից դուրս, տվյալ դեպքում՝ հեռավոր Հնդկաստանում, որտեղ կազմակերպվել էին հայկական հոծ գաղթավայրեր, այսինքն՝ ստեղծվել էր հայ իրականություն, եւ երկրորդ. եվրոպացի լուսավորիչներն ունեին իրենց պետականությունը, ապրում եւ գործում էին իրենց անկախ պետությունների մեջ, հայ լուսավորիչներին ծնած ժողովուրդը զրկված էր պետականությունից, մասնատված Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ, ուստի հայկական լուսավորական շարժումը, բնականաբար, պետք է կապվեր ազգային-ազատագրական պայքարի հետ, դառնար նրա անխզելի մասը։ Այսպիսին էր հայոց ճակատագիրը, եւ Շահամիր Շահամիրյանը պետք է դառնար ոչ միայն լուսավորական շարժման գաղափարախոսության հիմնադիր, այլեւ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր դեմք։

Շահամիրյանն իր իսկ անձով հաստատեց, թե ինչ է լուսավորությունն անհատի կյանքում։ Ծնված լինելով Նոր Ջուղայում (1723)՝ նա արդեն հասուն տարիքում մեծ դժվարությամբ գաղթեց Հնդկաստան, հաստատվեց Մադրասում եւ զբաղվեց դերձակությամբ, սակայն շուտով, ունենալով «կենդանի եւ աշխույժ խելք» (պատմաբան Լեոյի բնորոշումն է), անցավ վաճառականության՝ դառնալով հնդկահայ նշանավոր մեծահարուստներից մեկը։ Այնուամենայնիվ, նրան պակասում էր շատ մեծ բան՝ կրթությունը։ Խորապես ըմբռնելով գիտելիքի դերն իր գործում եւ առհասարակ կյանքում՝ վարձեց ուսուցիչներ տեղի գրագետ հայերից եւ Հնդկաստանը գաղութացրած անգլիացիներից, զանազան նպատակներով այդ երկիր եկած այլ եվրոպացիներից, սովորեց լեզուներ։ Կրթությունն ու շփումներն օտարերկրացիների հետ շատ բան տվեցին Շահամիրյանին։ Լեոն գրում է. «Հնդկաստանը կերպարանափոխում է նրան, եւ միայն հարստությունը չէ այդ կերպարանափոխության նշանը։ Շահամիրյանը ճանապարհորդում է շատ տեղեր, շատ բան է սովորում անգլիացիներից, կարդում է գրքեր եւ լրագրեր։ Եվ ահա մեր ջուղայեցի դերձակը հրապարակ է գալիս իր ազգին նոր մտքեր քարոզելու, քաղաքական եւ հասարակական առաջադիմության ճանապարհ ցույց տալու համար։ Մի ժիր, հայրենասեր գործիչ է նա»։

Փոքր-ինչ վերափոխելով Լեոյի խոսքը՝ կարելի է ասել այսպես. Հնդկաստանը Շահամիրյանին դարձրեց ոչ միայն հարստության, այլեւ գաղափարի տեր, եւ «միջնորդը» եվրոպացիներն էին, որոնք իրենց հետ այդ երկիր էին բերել լուսավորական գրականություն, որից Շահամիրյանն օգտվեց լիուլի՝ ձեւավորելով իր նոր աշխարհայացքը։ Այն իր հիմնական արտահայտությունը գտավ Մադրասի խմբակի երեք նշանավոր երկերում։ Առաջինը կոչվում էր «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ», երկրորդը՝ «Որոգայթ փառաց», երրորդը՝ «Տետրակ, որ կոչի նշավակ»։ Ընդհանուր գծերով անդրադառնանք դրանց՝ ցույց տալու Շահամիր Շահամիրյանի բացառիկ դերը հայ կյանքում, բայց նախ՝ ի՞նչ էր Մադրասի խմբակը։

Կարիք ունենալով լուսավորական եւ դրան զուգորդված՝ ազգային-ազատագրական շարժման հայության մեջ, Շահամիրյանը 1772թ. Մադրասում հիմնադրեց հայկական տպարան (առաջինը Հնդկաստանում), որի շուրջն էլ ձեւավորվեց Մադրասի խմբակը։ Դա հնդկահայ առաջադեմ մտածողների գրական-քաղաքական կազմակերպություն էր, որը հանդես էր գալիս ինքնակալության եւ բռնապետության դեմ, դնում լուսավորության տարածման եւ ազգային ինքնագիտակցության արթնացման հրատապ հարցը, ուրվագծում անկախացած Հայաստանի ապագա պետական կարգը։ Կազմակերպության քաղաքական ոգին, բարոյական եւ նյութական նեցուկը Շահամիրյանն էր, որի անմիջական մասնակցությամբ էլ խմբակի անդամներից մեկը՝ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Մովսես Բաղրամյանը, ըստ ընդունված տեսակետի, շարադրեց «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» (տետրակ՝ այսինքն պրակ, գրքույկ, հորդորակ՝ խորհուրդ, խրատ) երկը։

Ի՞նչ հորդոր է կարդում, ի՞նչ խորհուրդ-խրատ է տալիս տետրակը եւ ո՞ւմ։ Վերնագրից անմիջապես հետո տրվում է այս հարցերի պատասխանը՝ «հայ երիտասարդներին ծուլության քնի թմրությունից սթափեցնելու համար», իսկ ահա ամբողջ «Տետրակում» տրվում է եւս մեկ հարցի պատասխան՝ ինչպե՞ս, ի՞նչ ուժով պետք է անել դա։ Ի մի բերելով երկում արտահայտված հիմնական մտքերն ու գաղափարները՝ այդ պատասխանը կարելի է ձեւակերպել այսպես. հայ երիտասարդներին ծուլության քնից, այսինքն՝ ազգային հոգսերի նկատմամբ անտարբերությունից սթափեցնել, նրանց անգիտությունից հանել եւ ազգանվեր եռանդուն կյանքի բերել կարելի է երկու հզոր ուժով՝ ազգային ինքնաճանաչմամբ եւ իսկական հայրենասիրությամբ։

Լինելով մի յուրօրինակ մատյան հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի մասին՝ այն համարվում է առաջին հրապարակախոսական երկը հայ իրականության մեջ։

Քաղաքական եւ իրավական վիթխարի արժեք է Շահամիրյանի «Որոգայթ փառաց» երկը (ի դեպ, գրքի շապիկին դարձյալ որդու՝ Հակոբի անունն է), որը նույնպես բացառություն ունի առաջինը լինելու՝ այն առաջին հայկական սահմանադրությունն է եւ առաջիններից մեկն է աշխարհում։ Համեմատության համար նշենք. Եվրոպայում առաջին սահմանադրությունն ընդունվել է 1791-ին, ԱՄՆ-ում՝ 1787-ին։ Հայկական սահմանադրության, այսինքն՝ «Որոգայթ փառացի» տիտղոսաթերթին գրված է 1773 թվականը, սակայն գիտնականների կարծիքով՝ այն վերաբերում է երկի առաջին մասին, իսկ բոլոր մասերն ամբողջությամբ տպագրվել են 1788-89 թվականներին։ Ավելորդ չէ նշել, որ Լեոն, որը մանրամասն ուսումնասիրել է Հնդկահայոց պատմությունը, «Որոգայթ փառացի» տպագրման տարեթիվ է ընդունում 1773-ը, այդ տեսակետը չի ժխտում մատենագիր-լեզվաբան Ռ. Իշխանյանը, իսկ ահա երկի 2002թ. հրատարակչական հանձնարարականում կարդում ենք. «Որոգայթ փառացը» հայ իրավական եւ քաղաքական մտքի բարձր արտահայտությունն է 18-րդ դարի վերջին երեսնամյակում, աշխարհում առաջին սահմանադրությունը, որն ազդարարում է անձի ազատությունը եւ օրենքի գերակայությունը ժողովրդավարության եւ լուսավորության դիրքերից»։

Երկը կազմված է ընդարձակ ներածությունից, որին հաջորդում է բուն սահմանադրությունը։ Այն բաղկացած է 521 հոդվածից։ Այնտեղ ներկայացվում են ապագա անկախ Հայաստանի՝ որպես հանրապետության հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ձեւավորման կարգը եւ իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, կրթության եւ բանակի կազմակերպման սկզբունքները եւ այլն։ Հանրապետության բոլոր քաղաքացիները օրենքի առջեւ հռչակվում են իրավահավասար, ունեն խոսքի, դավանանքի անձի եւ գործունեության լիակատար ազատություն՝ զերծ դասային աստիճանավորումներից։ Բոլոր քաղաքացիներն ունեն իշխանության մարմիններում ընտրվելու հավասար իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն բարոյական հատկանիշներով։ Գերագույն եւ օրենսդիր իշխանությունը Հայոց տունն է (խորհրդարանը), որի պատգամավորներն ընտրվում են երեք տարով, իսկ գործադիր իշխանությունը Նախարարությունն է (կառավարությունը)։ Այն ունի իր նախագահը, որը միաժամանակ երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարն է եւ վարում է արտաքին գործերը։

Սահմանադրության մեջ մեծ տեղ է հատկացված դատական իշխանությանը։ Դատավորներն ընտրովի են, մեղադրյալն ունի դատապաշտպանի ծառայությունից օգտվելու իրավունք, դատավարությունն ընթանում է գրավոր։ Կրթությունը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար, կարիքավորների, որբերի կրթության եւ բժշկության հոգսը հոգում է պետությունը։ Եկեղեցին անջատվում է պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։

Սահմանադրությամբ` հանրապետության գլխավոր նեցուկը բանակն է, ուստի ավելի մանրամասն անդրադառնանք դրան։

Հանրապետությունը պետք է ունենա 90 հազարանոց մշտական բանակ։ 21 հազարը պետք է լինի հեծյալ, 69 հազարը՝ հետեւակ։ Սրանք էլ իրենց հերթին բաժանվում են 3-ական հավասար խմբերի։ Ռազմական ուսուցումը եւ ծառայությունը 7 տարի է։ Զինվորականությանը ռոճիկով պահում է Հայոց տունը (խորհրդարանը), եւ սահմանադրությամբ սահմանվում են ծառայության վարձաչափերն ըստ յուրաքանչյուրի զինվորական աստիճանի եւ պաշտոնի (սպարապետ, ասպետ, զինապետ, վառոդապետ, լրտեսապետ, վրանապետ, գանձապետ, կերակրապետ, հարյուրապետ, տասնապետ եւ այլն՝ մինչեւ հեծյալ ու հետեւակ)։ Ամուսնացած զինվորն իր ռոճիկի կեսը պետք է հանձնի կնոջը։

Չունենալով պետականություն՝ այնքան հավատալ դրա վերականգնմանը, որ անհրաժեշտ համարել գրելու ապագա անկախ երկրի գլխավոր օրենքը՝ սահմանադրությունը. ահա այսպես կարող էր մտածել եւ վարվել իսկական հայրենասերը։

Գնահատելով «Որոգայթ փառաց» երկի դերն ու նշանակությունը՝ ընդարձակ մեջբերում անենք դրա 2002թ. հրատարակության առաջաբանից. այն «հասարակական-իրավական մտքի պատմության եզակի ձեռքբերումներից է, որում որոշակի համակարգով առաջադրված գաղափարները, տեսական խոր ընդհանրացումների արդյունք լինելուց բացի, միջազգային սահմանադրական զարգացումների անկյունաքարային արժեք են»։ Եվ այնուհետեւ՝ դրանում «առաջին անգամ հայ իրականության մեջ ներկայացվում է պետական (սահմանադրական) իրավունքի նորմերի ամբողջական եւ կանոնակարգված համակարգ՝ ոչ միայն ընդհանրացնելով հայ եւ համաշխարհային» հասարակական մտքի ձեռքբերումները, այլեւ պետական մտածողության սկիզբ դնելով»։

Լինելով խորապես հայ մարդ՝ Շահամիր Շահամիրյանը չէր կարող մտահոգված չլինել հնդկահայության ճակատագրով։ Դրա արտահայտությունն է «Տետրակ, որ կոչի նշավակ» (նշավակ՝ օրենք, սահման. կարգ) երկը, որը Մադրասի տպարանում լույս ընծայվեց 1783-ին։ Այն Մադրաս քաղաքի հայ գաղթավայրի ինքնավարության կանոնադրությունն է, որի շատ դրույթներ (կառավարման ընտրովի մարմիններ, հավասար ընտրական իրավունք, դպրոցի տարանջատում եկեղեցուց եւ այլն) բխում են «Որոգայթ փառացից»։ Կանոնադրությունը Շահամիրյանը դիտում էր միջոց՝ կանխելու Մադրասի հայ գաղութի անկումը, փրկելու հնդկահայոց կապիտալը եւ ամենակարեւորը՝ պայմաններ ստեղծելու ապագա հայկական անկախ պետություն հայերի ներգաղթի համար։

Շահամիր Շահամիրյանը 18-րդ դարի հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից էր, եւ վիթխարի են այն ջանքերը, որ նա իր համախոհների՝ այդ շարժման նշանավոր գործիչներ Հ. Արղությանի, Հ. Լազարյանի եւ այլոց հետ գործադրում էր հայրենիքի ազատության ու անկախության համար, այնուամենայնիվ՝ նա հայոց պատմության մեջ մտավ որպես հայկական լուսավորական շարժման գաղափարախոսության հիմնադիր, մարդ, որը շատ բան արեց իր ժողովրդին լուսավորելու, նրան իր իսկ իշխանության, իրավունքի գերակայության, սոցիալական պաշտպանվածության, արդարադատության սկզբունքներին, իր խոսքով ասած՝ «իրավունքի եւ արդարադատության ծառի պտղաբերումներին հաղորդակից դարձնելու, եվրոպական քաղաքակրթության առաջավոր գաղափարները հայ իրականության մեջ ներդնելու համար։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ