Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՇՔ ԱՎՏՈՄԱՏԸ



Թերթելով 1889թ լույս տեսած հին ռուսական «խպՑՏտՌրպՓ» ամսագրի էջերը, կարելի է հանդիպել մի ուշագրավ պատմության, ըստ որի` 18-րդ դարի 70-ական թվականներին հունգարացի մեխանիկ Կեմպելենը հորինել է մի ավտոմատ, որը հիանալի շախմատ էր խաղում այնպես, որ նրան չէին կարողանում հաղթել նույնիսկ ամենահմուտ շախմատիստները: Հռչակավոր ավտոմատն առաջին անգամ ցուցադրվել է Վարշավայում, 1776թ. հոկտեմբերի 10-ին, իսկ այնուհետև` Ռուսաստանում:

Ավտոմատը բաղկացած էր արկղից, որի հետին մասում կանգնած էր թուրքի հագուստ կրող մարդաբոյ մի տիկնիկ: Արկղի միջտեղում դրվում էր շախմատի տախտակը: Խաղի ամենասկզբում մեխանիկ Կեմպելենը հավաքված ամբոխին ցուցադրում էր արկղի մեջ տեղադրված բոլոր զարմանահրաշ և տարօրինակ զսպանակները, անիվներն ու գլանները, որից հետո նա այդ նույն արկղից հանում էր շախմատի տախտակը և մի բարձիկ, որի վրա պետք է հենվեր տիկնիկը: Այնուհետև մեխանիկը մերկացնում էր տիկնիկին` ցուցադրելով նրա ներքին կառուցվածքը: Այդ բոլորից հետո նա պտտեցնում էր ավտոմատն աշխատեցնող զսպանակի բանալին: Ի նշան պատրաստ լինելու` թուրքը գլխով էր անում, մեխանիկական ձեռքի մատներով վերցնում խաղաքար զինվորը և տախտակի վրա տեղափոխում մի այլ տեղ: Քայլը կատարելուց հետո նա ձեռքը դնում էր արկղին դրված բարձիկի վրա: Եվ քանի որ ավտոմատը խոսել չէր կարող, ապա մեխանիկն ինքն էր հայտնում դիտորդներին, որ տիկնիկի գլխի եռակի շարժումը նշանակում է` շախ թագավորին, իսկ կրկնակին` թագուհուն:

Որքան էլ որ ուժեղ լիներ շախմատիստը, միևնույն է` ավտոմատը նրան հաղթում էր:

Կեմպելենի գյուտի ցուցադրությունը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ Եվրոպայում: Նույնիսկ կայսրուհի Եկատերինա Երկրորդը որոշեց տեսնել նշանավոր ավտոմատը` համոզվելու վերջինիս ունակություններում: Նա նաև ցանկություն հայտնեց գնելու այն, բայց Կեմպելենը ճարպկորեն կարողացավ մերժել կայսրուհու առաջարկը` պատճառաբանելով, որ սեանսի ժամանակ մեխանիկի անձնական ներկայությունը պարտադիր է:

Հետագայում հայտնի դարձավ, որ իրականում առասպելական թվացող արկղի մեջ կենդանի մարդ է թաքնված, որը շատ լավ շախմատ է խաղում: Այնտեղ տեղավորվում էր առանց ոտքերի և աջ թևի, ազգությամբ լեհ Վորոնսկին, որը տուժել էր Լեհաստանի երկրորդ բաժանման 1772թ իրադարձությունների ժամանակ: Այդ մարդը շատ խելացի, եռանդուն և չափազանց տաղանդավոր ինքնուս շախմատիստ էր: Փողոցային մարտերի ժամանակ երկու ոտքից և մի թևից վիրավորված, խուսափելով հակառակորդների հետապնդումից, նա մի կերպ հասցրել էր սողալով թաքնվել փոսի մեջ: Անդամահատելով դժբախտի` փտախտից տուժած ոտքերն ու թևը` մի վիրաբույժի հաջողվել էր մի կերպ փրկել նրա կյանքը:

Սակայն առողջանալուց հետո Վորոնսկին երդվեց այդպիսի հաշմված տեսքով երբեք չերևալ մարդկանց աչքին: Նա ինքն էր հորինել այդ ավտոմատը, որի մեջ տեղավորվելով` հանդես էր գալիս որպես խաղացող: Իսկ մեխանիկ Կեմպելենն ընդամենը նրա օգնականն էր:

Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՕՀԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Պատմության էջերից


15/02/2012