Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ո՞Վ Է ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԸ



Ավելի քան մեկ դար է, որ չեն մարում այն վիճաբանությունները, թե ով է օդանավով առաջինը երկինք բարձրացել, եւ ում պետք է օդանավագնացության հայրը համարել։ Ամերիկացիներն այդ առաջնությունը վերագրում են Ռայթ եղբայրներին, ռուսները՝ Ալեքսանդր Մոժայսկուն։ Սակայն ամբողջ աշխարհը որպես օդանավագնացության հայր ճանաչում է բրազիլացի Ալբերտո Սանթոս Դյումոնին, ով 1906թ. հոկտեմբերի 23-ին իր պատրաստած օդանավով առաջինն օդ բարձրացավ՝ լիովին բավարարելով այն պահանջները, որոնք առաջադրել էր «օդագնացության մեկենաս» Էռնեստ Արշդկոնն իր հեղինակավոր մրցանակը շնորհելու համար։

Ալեքսանդր Մոժայսկու «թեւավոր զավակը», որն աշխարհ եկավ 1882-ին, օժտված էր ժամանակակից ինքնաթիռի բոլոր անհրաժեշտ տարրերով։ 1970-ական թվականներին խորհրդային ինժեներները վերականգնեցին Մոժայսկու օդանավի երկրաչափական եւ քարշի բնութագրական մեծությունները եւ օդանավի մանրակերտի փորձարկումն իրականացրին աերոդինամիկական խողովակում։ Պարզվեց, որ օդանավի շարժիչը զարգացնում է այն հզորության միայն մեկ երրորդը, որը պահանջվում է ինքնաթիռի հորիզոնական թռիչքի իրականացման համար, ուստի՝ օդանավը չէր կարող օդ բարձրանալ։

Քսան տարի անց, երբ ինքնաթիռաշինարարների ձեռքի տակ կային ավելի թեթեւ շարժիչներ, իրենց թռիչքները սկսեցին նաեւ Ռայթ եղբայրները։ Նրանց 12 ձիաուժ հզորությամբ «Ֆլայեր» օդանավը թափ էր վերցնում 18 մետրանոց ռելսի վրայով սլանալիս։ Ըստ Ռայթ եղբայրների հայտարարության՝ իրենց առաջին թռիչքը իրականացրել էին 1903թ. դեկտեմբերի 17-ին։ Սակայն եղբայրների առաջին թռիչքները տեղի են ունեցել առանց պաշտոնական ներկայության, եւ դրանց մասին տեղեկությունները մամուլում հայտնվել էին հենց իրենց հաղորդումների հիման վրա։ Բացի այդ, երբ 1904թ. գարնանը Ռայթ եղբայրները որոշեցին իրենց թռիչքը ցուցադրել լրագրողների ներկայությամբ, նրանց «Ֆլայերը» այդպես էլ չկարողացավ օդ բարձրանալ։ Եվ վերջապես՝ օդանավագնաց եղբայրները չցանկացան մասնակցել Արշդկոնի սահմանած դրամական (երեք հազար ֆրանկ) մրցանակի մրցումներին, թեեւ մրցանակը շահելու համար պահանջվում էր միայն կտրվել գետնից եւ թռչել ընդամենը 25 մետր։

Այդ մրցանակը հաջորդ տարի նվաճեց բրազիլացի Ալբերտո Սանթոս Դյումոնը։ Վերջինս 15 տարեկան էր, երբ «հիվանդացավ» օդագնացությամբ։ Իր առաջին թռիչքը նա կատարեց օդապարիկով 1898-ին։ Ավելի ուշ նա իր պատրաստած «Բրազիլիա» օդապարիկով նվաճեց Փարիզի օդային տարածքը եւ շահեց ֆրանսիացիների համակրանքը։ 1906թ. հուլիսին Սանթոս Դյումոնը փորձարկեց իր կրկնաթեւ օդանավը, որը կշռում էր 160 կգ եւ հագեցած էր 24 ձիաուժ ունեցող բենզինե շարժիչով։

1906թ. հոկտեմբերի 23-ին Արշդեկոնի ներկայությամբ բրազիլացի օդագնացն իր ինքնաթիռով 3 մետր բարձրությամբ սլացավ 60 մետր։ Առաջին անգամ օդից ծանր թռչող սարքով մարդը ճախրեց օդում՝ օգտվելով պտուտակի քարշի ուժից։ Հետագա տարիներին օդագնացը պատրաստեց ավելի կատարյալ օդանավեր, որոնք մեծ հռչակ բերեցին նրան։

Սանթոս Դյումոնը վախճանվեց 1932-ին։ Ի նշան օդանավագնացությանը մատուցած նրա ծառայությունների՝ Ֆրանսիայում կանգնեցվել են նրա երկու հուշարձանները։ Իսկ 1971թ. հոկտեմբերի 19-ին Բրազիլիայի Ազգային կոնգրեսը նրան հետմահու շնորհեց օդանավագնացության մարշալի տիտղոս։

Պատրաստեց Ս. Դ.

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Պատմության էջերից


15/02/2012