Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՃԳՆԱԺԱՄԸ



1929 թվականին խորացավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որն առավել ուժեղ զգացվեց Ամերիկայում: «Բարգավաճման հասարակությունը» հայտնվեց սնանկացման եզրին: Շտապ պահանջվում էին վճռական քայլեր, որոնք հիմնովին կտարբերվեին անցյալում կիրառվողներից: Այս դժվար իրավիճակում ծագեց Ֆրանկլին Ռուզվելտի (1882-1945) քաղաքական աստղը, նրա, ով հաշմանդամ էր դարձել մի քանի տարի առաջ: Սակայն հիվանդությունը չխանգարեց նրա քաղաքական կարիերային:

1932 թվականին Ռուզվելտի թեկնածությունը դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվեց նախագահական ընտրություններում, եւ նա հաղթեց: Նա հռչակեց «Նոր ուղղություն», որում հաշվի էին առնվում տնտեսական նորագույն մշակումները: Ռուզվելտի ծրագիրը նախատեսում էր երկրի տնտեսական կյանքում պետության ակտիվ միջամտությունը: Նախագահը փորձում էր Ամերիկան դուրս բերել ճգնաժամից` ծանր արդյունաբերության վերականգնման միջոցով, լայնածավալ հասարակական աշխատանքների շնորհիվ: Ռուզվելտի ձեռնարկած միջոցները օգնում էին նոր աշխատատեղերի ստեղծմանը` գործազուրկների թիվը նվազում էր: Ռուզվելտի կողմից ստեղծված` Կոլումբիայի համալսարանի տնտեսագետների խումբը մշակեց մի շարք օրենքներ` հասարակական անվտանգության, զբաղվածության, պետության վարկային քաղաքականության մասին: Այս բոլոր միջոցները հանգստացնում էին ժողովրդին, նրանց մեջ երկրի վերականգնման հույս էին առաջացնում: Կաթվածահար եղած ամերիկյան տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում էր:

1936 թվականի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուզվելտի քաղաքականությունն արժանացավ ամերիկացիների աջակցությանը. նա մեծ առավելությամբ վերընտրվեց նախագահ: ԱՄՆ-ի` Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո ամերիկյան տնտեսությունը գրեթե լիովին վերադարձավ այն մակարդակին, որում էր Համաշխարհային ճգնաժամի նախօրեին: Պատերազմը բարենպաստ պայմաններ ստեղծեց ԱՄՆ տնտեսական հզորության հետագա զարգացման համար:

Ռուզվելտը հմտորեն օգտվեց իր երկրի աշխարհագրական դիրքի առավելություններից: Ռազմական գործողությունների թատերաբեմից ԱՄՆ-ի հեռու լինելը թույլ էր տալիս զարգացնել ծանր արդյունաբերությունը և պատերազմող կողմերին զենք վաճառել: Եթե հաշվի առնենք պատերազմի ընթացքում եվրոպական և ասիական երկրների կրած սարսափելի մարդկային և նյութական վնասները, ապա ակնհայտ է դառնում նրա կարևորագույն հետևանքներից մեկը` ԱՄՆ դարձավ տնտեսական, ռազմական և քաղաքական հարաբերություններում ամենահզոր տերությունը:

1944 թվականին Ռուզվելտը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվեց ԱՄՆ նախագահ, ինչը երկրի պատմության մեջ աննախադեպ երևույթ էր: Ռուզվելտը կառավարում էր պետությունը գլոբալ ցնցումների ընթացքում, որոնք հաջորդում էին մեկը մյուսին: Նա ամբողջովին օգտագործեց ճակատագրի կողմից իրեն տրված պատմական հնարավորությունը: Քաղաքական մենամարտերից շատերում Ռուզվելտը կարողանում էր հաղթել: Նրա ղեկավարությամբ երկիրը վերականգնվելով ծանր ցնցումներից, աշխարհում զբաղեցրեց առաջատար դիրք:

Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ
ենթասպա

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Պատմության էջերից


15/02/2012