Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԻԾՆ ԱՅՐՎՈՒՄ Է...
ԳԻԾՆ ԱՅՐՎՈՒՄ Է…

Որքան էլ զարմանալի է, շատ տղաների համար դժվարը ոչ թե աղջիկների հետ ծանոթանալն է, այլ այդ ծանոթությունից հետո հաջորդ քայլը կատարելը: Հայտնի է, որ կանայք «սիրում են ականջներով», այսինքն` որքան քնքուշ եւ գեղեցիկ բառեր են լսում տղամարդուց, այնքան ավելի հաճելի ու գրավիչ է վերջինս նրանց աչքերում: Այնպես որ` տղամարդու խոսքը հաջողության համար պակաս կարևոր չէ, քան արտաքինը: Ծանոթության հատկապես սկզբնական շրջանում տղան ու աղջիկը շատ են խոսում հեռախոսով:

Աղջիկները պաշտում են հեռախոսը: Բացի կարեւոր հարցերը քննարկելուց, նրանք նաեւ սիրում են հենց այնպես շատախոսել կամ ընկերուհիներին պատմել իրենց գաղտնիքները: Տղաները դա չեն հասկանում. նրանց համար հեռախոսը հերթական «խաղալիքն» է, որն օգտագործում են հազվադեպ, հնարավորության դեպքում` ոչ երկար ու գործնական նպատակներով (եւ պատահական չէ, որ ասում են` երբ հնչում է հեռախոսի զանգը, տղամարդիկ վերցնում գրիչը, իսկ կանայք` աթոռը): Տղաները գերադասում են ավելի երկար զրուցել անձնական հանդիպումների ժամանակ: Իսկ աղջիկները դեմ չեն հեռախոսով շատախոսելու նաեւ տղաների հետ: Այդ պատճառով տղան պետք է սովորի հեռախոսով ճիշտ խոսել. չէ՞ որ դրանով նա կարող է գրավել աղջկան: Միայն անհրաժեշտ է իմանալ ինչի մասին և ինչպես խոսել, այլապես մեկ անհաջող արտահայտությամբ բոլոր ջանքերը կարելի է ջուրը գցել:

Հեռախոսային առաջին խոսակցությունը պետք է երկար չլինի: Անկախ նրանից` զբաղված եք, թե ոչ, որքան ազատ ժամանակ ունեք, դուք պետք է թողնեք ակտիվ կյանքով ապրող, բազմազբաղ մարդու տպավորություն: Այդ պատճառով էլ ասեք այն, ինչ որոշել եք, եւ ամենեւին պարտադիր չէ զրուցել բնությունից ու եղանակից: Բավարարեք նրա խոսելու ցանկությունը, բայց մի՛ մոռացեք կարճ խոսելու մասին, որպեսզի նա ձեզ հետ շփվելու ավելի մեծ ցանկություն ունենա: Խոսակցության հենց սկզբում ակնարկեք, որ զրույցը կարճ կլինի:

Հեռախոսազրույցի կարճ տեւողությունը կարեւոր է նաեւ մեկ այլ պատճառով. աղջիկները սովորաբար երկար խոսում են իրենց ընկերների հետ, եւ եթե ձեր խոսակցությունն անցել է «ժամանակային սահմանը», ուրեմն վտանգ կա, որ դուք կհայտնվեք նրա ԸՆԿԵՐՆԵՐԻ թվում:

Աշխատեք խուսափել նաեւ այսպիսի իրավիճակից. «Դո՛ւ առաջինը անջատիր», «Չէ՛, դո՛ւ անջատիր»: Եթե նա նման «խաղ խաղալու» ցանկություն ունի, ուղղակի պատասխանեք՝ լավ, եւ դրեք լսափողը:

Լավ կլինի խոսակցությունն ավարտել դրական նոտայով: Աղջիկներն ավելի հաճախ հիշում են խոսակցությունն ավարտելուց առաջ ասած ձեր վերջին բառերը: Դրանք պետք է լինեն հետաքրքիր, ուրախ, գեղեցիկ խոսքեր, որոնք զրույցից հետո աղջկա մեջ ժպիտ կառաջացնեն: Եթե նույնիսկ ձեր խոսակցությունը չի հաջողվել, վերջում արված սրամիտ արտահայտությունը, կատակը կամ հաճոյախոսությունը կփրկի իրավիճակը: Զրույցի ավարտին չմոռանաք ավելացնել, որ դուք նրան էլի կզանգեք:

Որոշեք զանգի նպատակը: Հենց այնպես մի զանգահարեք նրան. զանգելու համար որեւէ պատճառ գտեք՝ սկսած լավ հաղորդում, ֆիլմ կամ տեսահոլովակ դիտելու խորհրդից մինչեւ որեւէ համեղ ու հետաքրքիր ուտեստ քննարկելը: Պատրաստվեք հեռախոսազրույցին, ծանրութեթև արեք ասելիքը:

Պատրաստեք խոսակցության մի քանի թեմա: Եթե զգաք, որ առաջինն այնքան էլ չի հաջողվում, անցեք մյուսին: Շարունակեք թեման, եթե զգում եք, որ նա ուզում է դրա շուրջ ավելի երկար խոսել: Երբ խոսակցությունը ծավալվի ձե՛ր ընտրած թեմայի շուրջ, այն անմիջապես կվերածվի երկարատեւ հեռախոսազրույցի: Որպես առաջին հեռախոսազանգի ասելիք` երբեք մի՛ ընտրեք ֆուտբոլը, քաղաքականությունը եւ «տղամարդկային» նման այլ թեմաներ: Լավագույնը, ինչի շուրջ կարելի խոսել, հենց ՆԱ է: Խոսեք նրա աշխատանքից, ընկերներից, հարցրեք, թե ինչպես է անցկացրել օրը:

Ուրախություն պարգեւեք: Աղջիկները, իհարկե, ունակ են լսելու, ցավը կիսելու եւ կարեկցելու, բայց դա ձեզ համար «դռներ չի բացի»: Պետք չէ ներկայացնել օրվա ընթացքում կուտակված բացասականը, բողոքել կյանքի դժվարություններից, ծառայությունից, աշխատանքից: Մի՛ խոսեք նրա հետ այնպես, ինչպես ձեր ընկերների հետ կխոսեիք: Բայց եւ մի՛ եղեք այնքան լուրջ, կարծես մի կարեւոր խնդիր եք քննարկում, մի՛ կոպտեք եւ նրա անձի վերաբերյալ կատակներ մի՛ արեք: Մի՛ խոսեք «հանգած» ու «ճմռթված» ձայնով: Զրուցեք ուրախ, աշխույժ ու մի փոքր համարձակ:

Զանգելու համար ճիշտ ժամանակ ընտրեք: Մոռացե՛ք աշխատանքային ժամերին զանգելու մասին. նախ` նրան կթվա, որ դուք իր մասին շատ եք մտածում, քանի որ աշխատանքի պահին էլ իրեն զանգելու ժամանակ եք գտել: Եվ երկրորդ` նրան հարմար չի լինի աշխատանքային ընկերների կամ ղեկավարի ներկայությամբ խոսել ձեզ հետ, և նույնիսկ եթե ցանկանա, չի կարողանա ձեզ հետ խոսել մտերմիկ ձայնով և օգտագործել քնքուշ բառեր:

Հեռախոսային ոչ բոլոր խոսակցություններն են հաջողված, դրանցից մի քանիսը նույնիսկ անպատասխան են մնում: Հիշե՛ք. դժվարը աղջկա հեռախոսահամարն իմանալն է: Հենց դուք դա ունեցաք, Նա սպասում է ձեր զանգին: Եվ ուրեմն, ժամացույցը դրեք ձեր առջեւ, ընտրեք խոսակցության թեման եւ հավաքեք հեռախոսահամարը…

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ենթասպա