ԸՆԴՄԻՇՏ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ԵՆՔ
Զորակոչին զուգահեռ՝ զինված ուժերից զորացրվեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտածները: Օրերս զորամասերից մեկում ներկա եղանք զորացրման հանդիսավոր արարողություններից մեկին:
Առավոտյան տողան է, անձնակազմը շարվել է շարահրապարակում: Հանդիսավոր երթով վերջին անգամ խրոխտ ու ձիգ անցնում են զորացրվող զինվորները: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վ. Սարգսյանը շնորհավորում է տղաներին՝ շնորհակալություն հայտնելով բարեխիղճ եւ նվիրված ծառայության համար:
-Շնորհակալությունս փոխանցեք նաեւ ձեր ծնողներին՝ հայրենանվեր որդիներ դաստիարակելու համար,- ասում է հրամանատարը: -Բարի ճանապարհ ձեր հայրենի օջախներ: Վստահ եմ, որ անհրաժեշտ պահին դուք առանց վարանելու կգաք, կկանգնեք ձեր ընկերների կողքին:
Զինակից ընկերները ծափերով, գրկախառնվելով ճանապարհ են դնում ծառայությունն ավարտածներին: Կարողանում եմ զրուցել մի քանիսի հետ:
-Զինվորական կյանքն արդեն զորամասի դարպասների ներսում մնաց, բայց բանակային հիշողությունները մեզ հետ կմնան ընդմիշտ,- ժպտալով ասում է ծառայության եզրագիծը հատած Սերոբ Բաղդասարյանը, ապա լրջանում է ու շարունակում: -Ծառայության երկու տարիները մեզնից յուրաքանչյուրի համար կարեւոր շրջափուլ էին՝ կյանքի յուրօրինակ դպրոց:
Մարտունեցի երիտասարդն ապագա քարտեզագետ է, շարունակելու է ուսումը պետական համալսարանում: Բանակում ստացած գիտելիքները նրան շատ են պետք գալու:
-Մինչև զորակոչվելս շատ էի լսել, որ բանակը կոփում է երիտասարդին: Կարծում էի՝ խոսքը միայն ֆիզիկական կոփվածության մասին է, բայց բանակում նաեւ հոգեբանորեն ես կոփվում-ամրանում: Տարբեր բնավորության, խառնվածքի ու մտածելակերպի մարդկանց հետ ես շփվում, ամեն մեկից մի բան սովորում: Ձեռք եմ բերել հավատարիմ ընկերներ, որոնց հետ թեւութիկունք՝ հաղթահարեցինք բանակային կյանքի դժվարությունները: Ծառայությունից հետո անպայման շարունակելու ենք մեր մտերմությունը: Հիմա Հայաստանի ամեն մարզում բանակային ընկերներ ունեմ, ուր էլ գնամ, վստահ եմ՝ ուրախ ու սրտաբաց կընդունեն,- Գեորգի Մանսուրովն է միանում զրույցին:
Գեորգին Արարատի մարզի Ներքին Դվին գյուղից է, բազմազավակ ընտանիքում է մեծացել: Մեծ ընտանիքի՝ Հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարած՝ շտապում է տուն, տնեցիներին շատ է կարոտել…
Դիրքերում մարտական հերթապահություն իրականացնելիս տղաները մի պահ իսկ չեն թուլացրել զգոնությունը: Նրանք հստակ գիտակցել են ծառայության կարեւորությունը՝ հայրենիքի մի հատվածի համար իրենք են պատասխանատու, իսկ թիկունքում հարազատներն են:
Ու հիմա էլ վստահեցնում են զորացրվող տղաները՝ ծառայությունը չի ավարտվում, իրենք ընդմիշտ Հայրենիքի զինվորն են, բանակի մի մասնիկը:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ Նորություններ