Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ



ԶՈՐԱԿՈՉՁմեռային զորակոչ է։ Երիտասարդների նոր հերթափոխը համալրում է բանակի շարքերը, փոխարինում ավագ ընկերներին: Տարածքային զինկոմիսարիատներում իսկական եռուզեռ է: Բժիշկ մասնագետները զննում են տղաներին, ևս մեկ անգամ ստուգում յուրաքանչյուրի անձնական գործը։ Ըստ կանոնակարգի՝ հանձնաժողովը զորակոչիկին հանրապետական հավաքակայան ճանապարհելու վերջնական որոշումը կայացնում է բոլոր ստուգումներից հետո միայն։

Գործընթացի ավարտին ապագա զինվորները հրաժեշտ են տալիս հարազատներին: Տղաների տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական: Ասում են՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու ժամանակն է՝ հանուն հայրենիքի խաղաղության ու անվտանգության:

ԶՈՐԱԿՈՉԿառլոս Մուսիկյանը մեկն է այն երիտասարդներից, որ վերադարձել են հայրենիք՝ զինվորական ծառայության մեկնելու նպատակով:

-29 տարեկան եմ, երկքաղաքացի եմ, ծառայել եմ ՌԴ-ում: Այնտեղի իմ անձնագրով որևէ խնդիր չէի ունենա, սակայն Հայրենիք վերադառնալու, Հայաստանի հետ կապս վերականգնելու ցանկությունը մեծ էր: Իմացա սահմանված կարգով որոշակի ժամկետով պարտադիր ժամկետային ծառայության անցնելու հնարավորության մասին և ահա մեկնում եմ բանակ:

Պատվավոր առաքելությանը պատրաստվող տղաները ծնողներից, հարազատներից խորհուրդներ են լսում՝ իրենց առջև դրված խնդիրները գերազանց կատարել, լսել հրամանատարությանն ու գործել միասնաբար։ Պատերազմի մասնակից Գևորգ Սարգսյանը բանակ է ճանապարհում միակ թոռանը։

-Թոռս երբեք չի վախեցել ծառայությունից, մանկուց վճռական էր, որ պետք է բանակ գնա։ Նրան խորհուրդ եմ տվել լինել խելացի, հավատարիմ մնալ զինվորական երդմանը, թեև մանկուց էլ այդ ոգով է դաստիարակվել:

ԶՈՐԱԿՈՉԶորակոչիկ Դավիթ Եսայանի մայրը՝ Քրիստինե Եղիազարյանը, հուզմունքը կոկորդում, հպարտությամբ պատմում է որդու մասին։

-Տղաս հնարավորություն է ունեցել կրթություն ստանալու արտերկրում, այնտեղ էլ մնալ, սակայն հրաժարվել է։ Միշտ ասել է՝ ես պետք է գնամ հայրենիքի հանդեպ պարտքս կատարելու։ Նրա հայրենասիրությունն անսահման է:

Եվս մեկ գրկախառնություն, և զորակոչիկներն անվանականչով բարձրանում են ավտոբուս, ուղևորվում հանրապետական հավաքակայան։ Այստեղ, սահմանված կարգով ու հաջորդականությամբ, ստանում են անհատական համարներն ու անցնում բժշկական հետազոտության վերջին փուլը։ Բժիշկներն ուշադիր են բանակ զորակոչվող տղաների առողջական գանգատներին։

Զինվորական համազգեստն ստանալուց հետո որոշվում է յուրաքանչյուրի բանակային մասնագիտությունը։ Հանձնաժողովը հաշվի է առնում տղաների գիտելիքները, կրթական մակարդակը, առողջական վիճակն ու ընտանեկան դրությունը։ Իսկ հատուկ հարցաշարերը կողմնորոշում են, թե զորակոչիկները ուսումնական որ զորամասում պետք է շարունակեն ծառայությունը: Կարևոր այս փուլից հետո սկսվում է վիճակահանությունը, զորակոչիկները համապատասխան թմբուկից ընտրում են իրենց ծառայության վայրը։ Բոլորն էլ վստահեցնում ԶՈՐԱԿՈՉեն՝ հայրենիքի որ հատվածի պահպանությունն էլ ստանձնեն, ծառայելու են ամենայն պատասխանատվությամբ ու նվիրումով:

-Հայրենիքիս համար եմ գնում ծառայության՝ շատ լավ տրամադրվածությամբ։ Որևէ կապ չունի՝ որտեղ կլինեմ։ Պետք է լավ ծառայեմ, օրինակ լինեմ փոքր եղբորս։ Զորացրվելուցս մի քանի ամիս հետո ինքն է զորակոչվելու բանակ, – ասում է զորակոչիկ Արսեն Ալեքսանյանը։

ԶՈՐԱԿՈՉ-Հայրս 15 տարի է՝ ծառայում է զինված ուժերում: Նա ինձ համար կարգապահության և հայրենասիրության օրինակ է։ Ձգտելու եմ հորս պես ծառայել, ամենակարևորը տրամադրվածությունն է, և դժվարություններ չեն լինի,- նշում է Հայկ Սաղոյանը։

Անհրաժեշտ գործողությունները կատարված են, տղաները պատրաստ են իրենց կյանքի նոր շրջափուլին: Հավաքակայանում ճաշելուց հետո նրանք մեկնում են զորամասեր՝ փոխարինելու երկամյա ծառայությունն ավարտածներին: Հայրենիքը պաշտպանելու իրենց հերթն է:

Տաթևիկ Աբրահամյան

Լուսանկարները՝ Արեգ Վարդանյանի

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


23/01/2025