Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸԶինված ուժերում այս շաբաթ ևս շարունակվել է զինծառայողների ատեստավորումը։ Ստուգող, գնահատող հանձնաժողովները միաժամանակ մի քանի զորամասերում անցկացրել են անձնակազմի ֆիզիկական, մարտավարամասնագիտական քննություններ, ամփոփել արդյունքները։ Ատեստավորումը բաղկացած է կամավոր ու պարտադիր բաղադրիչներից, որի շրջանակում մասնակիցները հանձնում կամ վերահանձնում են քննություններ՝ փորձելով ստանալ գերազանց գնահատական կամ բարելավել նախորդ քննության արդյունքը։

 

Զինծառայողների ատեստավորման հերթական ստուգատեսն է: Նրանք հաջորդաբար հանձնում են ֆիզիկական, կրակային, շարային և մասնագիտական պատրաստության քննությունները։ Մի մասն առաջին անգամ է ընդգրկվել ատեստավորման գործընթացում, մյուսները կամավոր ներգրավվել են նախկինում գրանցած արդյունքները բարելավելու համար:

Մուրադ Սարգսյանը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բանակի շարքերը համալրած տղաներից է: Երկրորդ անգամ է մասնակցում ատեստավորմանը, ուզում է բարելավել արդյունքները: Հենց առաջին օրն էլ գերազանց է հանձնում ֆիզիկական պատրաստության քննությունը։

-Տրամադրվածությունս մարտական է, եկել եմ ուժերս, կարողություններս ամբողջությամբ ցուցադրելու։ Հիմա արդեն ցանկացած ազատ պահ օգտագործում եմ մարզվելու, ինքնապատրաստվելու համար։ Այս համազգեստը կրելով՝ պարտավոր ենք լինել լավագույնը, որովհետև շատ երկրներում ներկայացնում ենք Հայաստանը:

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸՔննությունների կրակային փուլն է։ Կախված զբաղեցրած պաշտոնից և գործառույթներից՝ զինծառայողները կատարում են տարբեր կրակային վարժություններ: Բոլորն էլ դիպուկ խոցում են տարբեր հեռավորությունների վրա գտնվող շարժվող և անշարժ թիրախները։

Աշխարհի տարբեր հակամարտ գոտիներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված լեյտենանտ Կարեն Շեկոյանը խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայող է։ Անդադար ինքնակատարելագործվել է, խաղաղապահ ծառայության ընթացքում պատվով է ներկայացրել ՀՀ զինված ուժերը։

-Հրաձգությունից առաջ հարկավոր է ուսումնասիրել զենքը, ճիշտ զբաղեցնել կրակային դիրքը, ճիշտ նշանառել, ու նշանակետի խոցումն ապահովված է: Բայց դրանից առաջ պետք է սովորել, հմտանալ, կատարելագործվել: Ծառայության բերումով շփվել եմ տարբեր պետությունների զինված ուժերի սպաների հետ: Նրանց տեսնելով՝ հասկանում ես, որ քո պատրաստվածությամբ որևէ մեկին չպիտի զիջես։ Այդ առումով ատեստավորումը սովորելու, զարգանալու խթան է:

ՀՀ բանակի սպայի պատիվը միջազգային ասպարեզում բարձր է պահել նաև լեյտենանտ Ֆահրադյանը։ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոնն ու Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը հինգ տարի շարունակ ուսանել է Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիայում, ստացել է մագիստրոսի գիտական աստիճան։ Քննությունների առաջին օրը նա պտտաձողին 26 ձգում կատարեց, բայց արդյունքից դժգոհ էր. միշտ 30-ից ավելի էր կատարում:

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸԽոսելով ատեստավորման գործընթացի մասին՝ Արտաշեսն ասում է.

-Որպես ակադեմիայի շրջանավարտ պարտավոր եմ լավագույնս հանդես գալ քննություններին, ավարտական «գերազանց» գնահատականով ապացուցել, որ արժանիորեն եմ համալրել խաղաղապահ ուժերի սպայակազմի շարքերը։ Բացի այդ, սպան գիտելիքով ու պատրաստվածությամբ պետք է ենթականերից առավել լինի, օրինակ դառնա նրանց համար: Ատեստավորումը միանշանակ ոգևորում է զինծառայողին, գործընթացի միջոցով գնահատվում է յուրաքանչյուրի նվիրված ծառայությունը:

Ատեստավորման քննություններին արդյունքների բարելավման նպատակով ներգրավվել էին նաև կանանց գումարտակի զինծառայողները։ Մեկ րոպեում իրանի 53 ծալում-ձգում կատարելուց հետո ավագ լեյտենանտ Ամալյա Գևորգյանը նշում է.

-Իմ և ծառայակիցներիս համար անչափ կարևոր է քննություններին գերազանց հանդես գալն ու վարժությունների կատարման ընթացքում տղամարդկանց ոչնչով չզիջելը։ Կանանց գումարտակի զինծառայողների բարձր գնահատականը ապացույց է, որ մենք մշտապես մարզվում ենք, պարապում ենք, ձգտում ենք մասնագիտական առավել կատարելագործման:

Մեր զրուցակիցները փաստում են՝ ատեստավորումը զինծառայողների համար իրենց ֆիզիկական, կրակային, շարային պատրաստությանն ու մասնագիտական գիտելիքներին ավելի լրջորեն վերաբերվելու առիթ էր։ Իսկ յուրաքանչյուր զինծառայողի մարտական պատրաստության անհատական գնահատականի բարձրացումը նպաստում է նաև բանակի ընդհանուր մարտական պատրաստության վերելքին։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #41 (1554) 16.12.2024 - 23.12.2024, Ազգային բանակ


26/12/2024