ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ՈԳԵՇՆՉՈՒՄ Է
Կանայք ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զինվորական մասնագիտությունների և բանակում ծառայության հանդեպ։ Կին զինծառայողների թիվը ՀՀ զինված ուժերում անշեղորեն աճում է։ Նրանցից մեկը կուրսանտ Լիլիթ Հովհաննիսյանն է։ Երեք տարի սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այժմ ուսումը շարունակում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում։ Երիտասարդ աղջկա երազանքն է դառնալ արհեստավարժ և օրինակելի հրամանատար։
-Սովորում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի «Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում» բաժնի առաջին կուրսում։ Մանկուց սիրել եմ ռազմական գործը։ Եղբայրս զինվորական է, ռազմական օդաչու, իրենով ոգեշնչվելով ընդունվել եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Այնտեղ ուսանել եմ ԱԹՍ կառավարման մասնագիտությունը։ Ինքս պատրաստել եմ, գործնականում կիրառել ԱԹՍ-ներ։ Աստիճանաբար ոլորտը ավելի ու ավելի մեծ հետաքրքություն առաջացրեց ինձ մոտ։ Ընդունվելով ռազմական ակադեմիա՝ համոզվեցի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։
Ընդամենը մի քանի ամիս է, ինչ տասնիննամյա աղջիկը սովորում է Ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում, սակայն արդեն քաջ գիտակցում է՝ հմուտ և արհեստավարժ սպա դառնալու համար պետք է քրտնաջան աշխատել։ Նոր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար կուրսանտ Հովհաննիսյանը ջանք ու եռանդ չի խնայում, սովորում է գերազանց։
-Սիրում եմ ռազմական բոլոր առարկաները։ Հատկապես դուր են գալիս դաշտային ելքերը, դրանք շատ հետաքրքիր և հագեցած են անցնում, ու մենք վերադառնում ենք գիտելիքների նոր ու մեծ պաշարով։ Ուզում եմ ընդգծել, որ հնարավորություն ունենք նաև այլ երկրում ուսանելու՝ Հունաստան, Ֆրանսիա և այլն։ Որտեղ էլ սովորեմ, գերազանց կրթություն եմ ստանալու և բարձր որակավորմամբ գնալու եմ զորքեր։ Լինելու եմ կոփված, գրագետ սպա և իմ գիտելիքները փոխանցելու եմ անձնակազմին։
Բարձր որակավորմամբ հրամանատար դառնալու համար մասնագիտական գիտելիքներով զինված լինելուց զատ պակաս կարևոր չէ ֆիզիկապես ամուր և կոփված լինելը։ Իսկ գերազանց առաջադիմության և լավ ծառայության գործում մեծ դերակատարում ունեն սպաները, որոնք մշտապես հետևում են կուրսանտների ուսմանն ու կարգուկանոնին։
-Արթնանում ենք առավոտյան վեցն անց կես, կարգի ենք բերում մեզ և դուրս ենք գալիս առավոտյան նախավարժանքի։ Ամեն օր ցերեկը ֆիզիկական պատրաստության դասաժամեր ունենք։ Սովորում ենք ճիշտ վազել, ճիշտ մարզվել։ Բոլորս էլ ֆիզիկական պատրաստությունից գերազանց առաջադիմություն ունենք։ Ակադեմիայում ուսուցումը շատ բարձր մակարդակով է կազմակերպված։ Սպաները խստապահանջ են, բայց դրանից մենք միայն շահում ենք։
Կուրսանտ Հովհաննիսյանը չափազանց կարևորում է իգական սեռի ներկայացուցիչների դերը զինված ուժերում, նշում է՝ կանայք նույնպես պետք է ծառայեն հայրենիքին և առավելագույնը ներդնեն բանակի հզորացման գործում։
-Ես շատ եմ հարգում զինվորական ուղին ընտրող կանանց ու աղջիկներին, նրանց դերը բանակում շատ մեծ է։ Մեր ներկայությամբ տղաները ավելի զսպված են և ձիգ։ Բացի այդ, գնալով ավելի ամրապնդվում է այն մտածողությունը, որ զինվորական գործը բոլորի համար է, կանայք էլ կարող են հայրենիքի սահմանները պաշտպանել։
Եվ այս մտածողությամբ՝ երիտասարդ աղջիկը Հայրենիքի հանդեպ նվիրվածությունն ու սերը դրսևորում է նաև զինվորական համազգեստի հանդեպ հարգանքի ու ակնածանքի միջոցով։
-Համազգեստ կրելիս ես շատ լուրջ և կայուն մարդ եմ։ Այն ոգեշնչում է ինձ և մյուսներին, օգնում գիտակցել ինքներս մեզ որպես հայրենիքի պաշտպան։
Առջևում դժվար, բայց չափազանց կարևոր տարիներ են, որոնց ընթացքում էլ կուրսանտ Հովհաննիսյանը ձեռք կբերի բոլոր անհրաժեշտ հմտություններն ու մասնագիտական գիտելիքները՝ իր առաքելությունը զինված ուժերում պատվով իրականացնելու համար։ Հետագա չորս տարիներին գերազանց ուսանելով՝ նա իր գիտելիքներն ու հմտությունները կկիրառի զորքերում։
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Խորագիր՝ #41 (1554) 16.12.2024 - 23.12.2024, Ազգային բանակ