Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ



ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը զինված ուժերում նոր թափ է հավաքում: Ժամկետային զորակազմի մի մեծ խումբ ծառայությունը նոր կարգավիճակով շարունակելու որոշում է կայացրել: Պայմանագրային ծառայության անցնելու ճանապարհին ժամկետայինները պարտադիր պետք է անցնեն ուսումնական լրացուցիչ շրջան՝ ատեստավորմանը պատրաստ լինելու և բարձր աշխատավարձ ստանալու համար: Ծրագրի շահառուների հերթական խումբը շարունակել է մարզումները հանրապետության զորավարժարաններում: Անձնակազմը ձեռք է բերել հմտություններ՝ ըստ իրենց ընտրած մասնագիտության, զորատեսակի առանձնահատկությունների:

Վարժադաշտում մարտավարական պարապմունք է: Անձնակազմը գործում է ըստ խմբերի, բայց ներդաշնակ: Յուրաքանչյուր ջոկ ունի իր խնդիրը՝ անցնել պաշտպանության՝ կանխելով պայմանական հարձակումը։ Տղաները խնդիրը կատարում են խուսավարելով, ուշադիր, միասնական: Խաղարկվող դրվագների միջակայքում զրուցում ենք մասնակիցների հետ:

-Ես ապագա ջոկի հրամանատար եմ, դրա համար էլ դասերին կրկնակի ուշադիր եմ: Մարտավարական պարապմունքները մեզ համար շատ կարևոր են, դրանց ժամանակ սովորում ենք, թե ինչպես կարող ենք մեզ դրսևորել մարտի դաշտում: Ամեն պարապմունք իր նշանակությունն ունի, իսկ մեր սովորածը մեզ հետագայում հնարավոր է պետք գա առաջնագծում,- ասում է Սուրեն Մարտիրոսյանը:

-Կարևոր է ամեն առաջադրանք կատարել արագ, բայց նաև լավ մտածված,- համոզված է Սարգիս Սիմոնյանը: -Շատ եմ սիրում զինվորական գործը, ուզում եմ նոր գիտելիքներ ստանալ: Պարապմունքներին նույնիսկ մանրուք թվացող ինչ-որ բան սովորելով՝ ձևավորվում է մասնագիտական հմտություն, ինչն անհրաժեշտ է Հայրենիքի պաշտպանությունը լիարժեք իրականացնելու համար:

Վարժանքի զարգացումները պարբերաբար փոխվում են, կիրառվում են մարտավարական տարբեր հնարքներ՝ ավելի բարդացնելով ուսումնական առաջադրանքի կատարումը։ Այդ ամենի նպատակը մեկն է՝ հղկել ու զարգացնել զինծառայողների՝ մարտ վարելու գործնական կարողությունները, որպեսզի հարկ եղած դեպքում անձնակազմը գործի գրագետ, արագ ու հստակ։

ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆԶորավարժարանի մեկ այլ հատվածում կրակային պատրաստության դասն է մեկնարկում։ Անձնակազմը պարտադիր հրահանգավորվում է՝ խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Կրակային դիրք ընդունելու և մարտական հրաձգությունը վարելու պայմանները սովորականից տարբեր են։ Կանգնած, պառկած ու ծնկած դիրքից բացի, նշանառումն ու թիրախների խոցումը կատարվում է նաև ճոճվող հատուկ հարմարանքից, և սա ինքնանպատակ չէ: Տվյալ եղանակով առաջադրանք կատարելը շատ ավելի դժվար է, քանի որ լրացուցիչ շարժը խանգարում է նշանառությանը, բայց հենց սա էլ վարժության գլխավոր իմաստն է՝ կենտրոնանալ և խոցել թիրախները շարժման ընթացքում։ Ստորաբաժանման հրամանատար Նարեկ Հարությունյանը հրաձգության արդյունքներից գոհ է:

-Անձնակազմը օրեցօր բարելավում է արդյունքները: Տղաներին  սովորեցնում ենք այն ամենը, ինչը պետք է մարտական հերթապահության, առօրյա ծառայության ընթացքում: Ծրագրի շահառուները գիտակցում են խնդրի կարևորությունը և ձգտում են լավ սովորել հետագա ծառայությունն ավելի անվտանգ իրականացնելու համար:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները տրամադրված են սովորելու և զարգացնելու մարտավարամասնագիտական կարողությունները։ Առաջիկայում ավարտական քննություններն են, և պետք է ջանք ու եռանդ չխնայել բարձր գնահատական ստանալու համար։

Գոռ Հովհաննիսյանը նշում է.

-Մենք ենք ընտրել այս ծրագիրը, ուրեմն՝ պետք է լավ սովորենք: Հետագա ծառայությունն անցկացնելու եմ սահմանային զորամասում, ինչը չափազանց պարտավորեցնող է: Այդ ամենը գիտակցելով՝ ամեն ինչ անում եմ, որ լավ զինվոր լինեմ, զարգացնեմ գիտելիքներս:

Արման Մինասյանը ծրագրին միանալ որոշել է դեռ մինչև զորակոչվելը: Հիմա էլ մասնագիտական դասերն է սերտում:

-Ամեն դաս հետաքրքիր է ու իր կարևորությունն ունի: Մեզնից կախված ամեն ինչ անում ենք, որ լավ զինվորներ, պիտանի մասնագետներ դառնանք: Առաջիկա հինգ տարիներին պատրաստվում եմ կատարելագործել իմ ունակությունները, հետո էլ վերակնքել պայմանագիրը:

Ծրագրի շահառուներից Արման Վարդանյանը մեծ ոգևորությամբ պատմում է ծրագրի առավելությունների ու արտոնությունների մասին։

-Շատ հարմար ծրագիր է:  Ծառայելու եմ բնակավայրիս մոտ զորամասում, ստանալու եմ բարձր աշխատավարձ, իսկ հնգամյա պայմանագրի ավարտին՝ 5 մլն դրամ պատվովճար։ Ոգևորված եմ, ջանք ու եռանդ չեմ խնայելու, որ օգտակար լինեմ իմ հայրենիքին:

Քաջ գիտակցելով իրենց տեղն ու դերը զինված ուժերում՝ տղաները վստահեցնում են՝ առաջիկա հինգ տարիներին իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու են բանակի մարտունակության ամրապնդմանը՝ միաժամանակ չբացառելով ծրագրի ժամկետի ավարտին զինվորական ծառայությունը շարունակելու հեռանկարը։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #40 (1553) 07.12.2024 - 14.12.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/12/2024