Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հունվարի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հոբելյանական գիտաժողով, որին մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական բնույթի հրատարակությունների և Արցախի վերաբերյալ լուսանկարների ցուցադրություն:

Գիտաժողովն անցկացվեց երկու խորագրերի ներքո` «Հայկական բանակը պատմության տարբեր շրջափուլերում» և «Հայաստանի Երրորդ Հանրապետության ազգային բանակը»: Զեկույցներով հանդես եկան պատմագետներ ԵՊՀ-ից` ներկայացնելով հայկական բանակի գոյության և գործունեության մասին տվյալներ Երվանդունիների, Արտաշիսյանների և Տիգրան Մեծի օրոք: Մի շարք ելույթներ էլ նվիրված էին բանակի կազմավորման ուղուն, պաշտպանական բարեփոխումների ընթացքին և հայկական ռազմարվեստի պատմությանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում մասնավորապես նշեց, որ հոբելյանական այս գիտաժողովը տրամաբանական շարունակությունն է գիտամշակութային ասպարեզում զինված ուժերի և հանրապետության մայր բուհի համատեղ ջանքերի: Միայն անցած տարի տեղի ունեցան երկու խոշոր միջոցառումներ` «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովը, որի ամենաակտիվ մասնակիցներից մեկը վերստին Երևանի պետական համալսարանն էր և ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի կողմից «Միացյալ Հայաստան» կրթամշակութային արշավը դեպի Արցախ, որի շրջանակներում էլ Մարտակերտում տեղի ունեցավ «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» գիտագործնական կոնֆերանսը: Իսկ 2010 թվականի գարնանը բանակում մեկնարկած «Պատմության և մշակույթի էջեր» կրթաճանաչողական ընդգրկուն ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուր չորրորդը Երևանի պետական համալսարանի դասախոս է:

-Երևանի պետական համալսարանը բացառիկ ավանդ ունի ինչպես Հայաստանում հիմնարար գիտությունների զարգացման, այնպես էլ նրա նվաճումների կիրառման ուղիների մշակման գործում: Արցախյան ազատամարտի տարիներին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աշխատակիցների ջանքերով պատրաստվեցին գնդակների ձուլման հատուկ կաղապարներ, իսկ քիմիական ֆակուլտետում Հայաստանում առաջին անգամ սինթեզվեց հրթիռային վառելանյութ: Նույն կերպ էլ համալսարանի այլ ֆակուլտետների դասախոսներ, պարբերաբար մեկնելով հեռու ու մոտիկ կայազորներ, զորամասերը դարձրին հայագիտական առարկաների կիրառության դաշտ: Զինվորների համար թերթելով հայոց պատմության հայտնի ու անհայտ էջերը, ծանոթացնելով հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի խճանկարի զարդանախշերին, պատմելով դրանք ստեղծած մարդկանց հանճարի ու հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումի մասին` նրանք զինվորին սովորեցրին սիրել հայրենիքը: Ի դեպ, տարբեր առիթներով ասել եմ և այժմ էլ կրկնում եմ, որ հայրենիքը սիրել ու պաշտպանել ինձ առաջինը սովորեցրել է իմ պատմության ուսուցիչը:

Նախարարի կարծիքով` բանակի հանդեպ հաճախ հնչող անհարկի և անբացատրելի քննադատությունների պատճառը բանակի դերի գնահատման գիտականորեն հիմնավորված մեթոդաբանության բացակայությունն է, և այս գիտաժողովն առաջին լուրջ քայլերից մեկը կլինի` բանակի դերի ըմբռնման ասպարեզում ավելի լայն հայացքներ ձևավորելու և զգացմունքայինից դեպի անկողմնակալ դիրքեր անցնելու ասպարեզում:

-Զինված ուժերը միայն հրանոթների, հրթիռների ու տանկերի, այսինքն` կրակային խոցման և դրանցից պաշտպանվելու միջոցների պարզ համադրություն չեն: Բանակն ինքնին գիտատար հասկացություն է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ արդիական սպառազինության ձեռք բերման ու ամեն մարտահրավերի ռազմատեխնիկական առումով արձագանքել կարողանալու պարտադրանքով զինված ուժերը մեծ դեր են խաղում երկրի գիտությունն ու արդյունաբերությունն առաջ մղելու գործում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմում գործում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որի երկու աշխատակիցների զեկուցումները մենք կլսենք գիտաժողովի երկրորդ նիստում, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, որի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով ստեղծվեց նոր սերնդի հայկական բարձրտեխնոլոգիական զենքի առաջնեկներից մեկը` «Կռունկ» անօդաչու թռչող սարքը, Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում գործող ռազմանվագախմբային բաժինը: Իսկ պաշտպանական արդյունաբերության պատվերների կատարման գործում ընդգրկված գիտահետազոտական հաստատությունների հետ իրականացվող աշխատանքներն ավելորդ եմ համարում մանրամասնել:

Այնպես որ, հանդիսանալով գիտատար ասպարեզ, բանակն իր նկատմամբ պահանջում է գիտականորեն հիմնավորված մոտեցում: Շատ կցանկանայի, որ այսօրվա հավաքն օրինակ հանդիսանար նաև մյուս գիտությունների ներկայացուցիչների համար: