Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան, հանդիպեց դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ողջունելով նախարարին` համալսարանի ռեկտոր տիկին Ժոել Լը Մորզելեկը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել մի մարդու, ով կռվել է հանուն հայրենիքի:

Նախարարը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական հարաբերությունները, որոնք արտահայտվում են դարավոր բարեկամությամբ, բարձր մակարդակի կապերով, նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող բավականին մեծ աջակցությամբ, որի ամենացայտուն օրինակը Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ օրինագծի ընդունումն էր: Նախարարն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական ծավալվող ռազմական համագործակցությանը, հատկապես ռազմակրթական ոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի` հայ սպաները իրենց ուսումը կշարունակեն կամ կվերապատրաստվեն ֆրանսիական ռազմական բուհերում:

Սեյրան Օհանյանը խոսեց նաև կրթության և կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների մասին: Նա նշեց, որ տարբեր բուհերի, այդ թվում ֆրանսիական համալսարանի հետ պայմանագրեր են կնքվել, որոնց համաձայն` լավագույն շրջանավարտներին հնարավորություն կտրվի ներգրավվելու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի աշխատանքներում` օգտագործելով նրանց ստացած մասնագիտական գիտելիքները: Իհարկե, գործընթացը կազմակերպվելու է ըստ զինված ուժերին անհրաժեշտ մասնագիտությունների և աշխատանքների պահանջարկի:

Սեյրան Օհանյանը ֆրանսիական համալսարանի ուսանողներին ներկայացրեց հայկական բանակի անցած ուղին և առանձնահատկությունները, առկա մարտահրավերները` նշելով, որ լայն միջոցառումներ են իրականացվում ՀՀ զինված ուժերում ռազմավարական պլանավորման և զարգացման ուղղությամբ: Նա ընդգծեց միջազգային համագործակցության շրջանակներում մեր զինծառայողների գրանցած հաջողությունները` հավելելով, որ շատ դեպքերում նրանք իրենց պատրաստվածությամբ հիացրել են արտասահմանյան գործընկերներին, իսկ մարտական գործողությունների, սահմանային ծառայության ժամանակ ձեռք բերած փորձով մեր բանակը ոչնչով չի զիջում այլ երկրների բանակներին:

Միջոցառման ավարտին նախարարը բուհի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկին պարգևատրեց զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով, իսկ մի շարք դասախոսների` «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հուշամեդալով:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ